Գրքեր

Բազում ուխտավորներ հնարավորություն ունեցան հաղորդակից լինելու Սբ. Անանիայի Աջին

Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սբ. Աստվածածինը, ամեն տարի Քրիստոսի 72 աշակերտներից Սբ. Անանիայի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորների է հյուրընկալում իր բազմադարյան սուրբ հարկից ներս: Սրբավայր այցելած յուրաքանչյուր հավատավոր հայորդի անմիջականորեն է զգում այն զորությունն ու օրհնությունը, որ բխում է այս սուրբ վայրից: Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` եկեղեցին սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին, իսկ Զորավոր անունը ստացել է ավելի ուշ: Զորավոր անվան հետ կապված պատճառներից մեկը Սբ. Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարներն են, իսկ մյուսը՝ եկեղեցում ժամանակին  ի պահ դրված, հրաշագործություններով հայտնի, «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար):

Այս տարի Հայ եկեղեցին Սբ. Անանիայի հիշատակությունը նշեց հոկտեմբերի 11-ին և արդեն չորրորդ անգամ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի բերվեց Սբ. Անանիա առաքյալի աջաձև մասնատուփը: Վաղ առավոտյան Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները և բազմաթիվ ուխտավորներ նախ մասնակցեցին առավոտյան ժամերգությանը, ապա հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ,  Սուրբ Աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Սբ. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը, և ներկաներն ունկնդրեցին սրբի մասին պատմող Ավետարանական ընթերցումները: Արարողակարգին հնչեց նաև սրբին ուղղված բարեխոսական աղոթք, որը նաև գոհաբանություն էր առ Աստված՝ Հայոց աշխարհին սրբի մասունքները պարգևելու համար: Սբ. Անանիայի հիշատակությունը նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Պատարագիչը՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանն էր, ով քարոզին, Սբ. Անանիայի վարքագրությանը անդրադառնալով, մասնավորաբար ասաց. «Սուրբ Անանիան Տիրոջ կամոք և օրհնությամբ լույս է պարգևում Սբ. Պողոս առաքյալի խավարած աչքերին, որից հետո ինքը՝ առաքյալն է պատճառ դառնում բազմաթիվ մարդկանց լուսավորության և առ Աստված դարձին: Շնորհիվ այդ հրաշքի՝ դարձի եկան հազարավոր մարդիկ և բազմաթիվ ազգեր: Յուրաքանչյուր քրիստոնյա Աստվածային այդ լույսի կարիքն ունի: Եվ այդ լույսը կրելով՝ կարող է նաև լույս լինել: Լույս լինել և բաշխել ուրիշներին. նշանակում է Աստծո Որդու հետևորդ լինել և ապրել Նրա նման: Աստվածային Խոսքն ու զորությունը գալիս են լուսավորելու մեր հոգիներն ու սրտերը, մենք պիտի նայենք այդ Լույսին ու ցանկանանք ընդունել այդ Լույսը, մեր հայացքները պիտի հառենք այդ Լույսին և անմասն չմնանք Նրանից, Նրա ճառագայթներից, ստանանք այդ Լույսի ջերմությունը և լույս ու ջերմություն դառնանք մյուսների համար:

Այսօր հոգևոր բերկրանք ենք ապրում, որ առիթն ունենք սուրբի մասունքին հաղորդակցվելու, նրա բարեխոսությունը հայցելու, բժշկվելու հոգու և մարմնի հիվանդություններից և վայելելու Տիրոջ երկնառաք օրհնությունը»:

Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Սբ. Անանիայի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից եղան Սբ. Անանիայի Աջի օրհնությանն ու զորությանը, որ յուրաքանչյուրին կարծես հիշեցնում էր Սուրբ Հոգու կենդանի տաճար դառնալու կարևորագույն կոչումը:

Սբ. Անանիայի մասունքների զորավոր լինելը այսօր էլ փաստում են սրբի բարեխոսությանը հավատքով դիմած մարդիկ: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած Աննա Կարապետյանը պատմում է, որ ութ տարի առաջ Մոսկվայում բնակվող իր եղբոր որդին ծնվել էր տեսողության հետ կապված լուրջ խնդիրներով և բժիշկների ախտորոշմամբ երեխան, վաղ թե, ուշ, կուրանալու էր: Երեխայի կնքահայրը, Հայաստանում լինելով, այցելում է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի, նաև Սբ. Անանիայի մատուռ-դամբարան՝ խնդրելով սրբի բարեխոսությունը երեխայի համար: Տիրոջ օգնությունը, սրբի բարեխոսությամբ, չի ուշանում և, ի զարմանս բժիշկների,  երեխայի մոտ նախկին ախտորոշումն ամբողջովին բացառվում է:

«Աստված, Իր մոտ վերցնելով սրբերի հոգին, մեզ է պարգևել նրանց մարմինը, որպեսզի նրանց սուրբ մասունքները մեզ մշտապես դեպի առաքինության ուղղորդեն: Աստված սրբերի մարմինները մեզ է թողել՝ որպես հուսալի ապաստարան և պահպանություն չարից: Այդ պատճառով էլ աղերսում եմ թե՛ տխրության, թե՛ հիվանդության, թե՛ դժբախտության և մեղքերի մեջ ընկածներիդ, հավատքով շտապեք դեպի սրբերի մասունքները և օգնություն ստանալով՝ կվերադառնաք այնտեղից մեծ ուրախությամբ»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

 

 

Կարինե Սուգիկյան

11.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․