9 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԻԳ օր

Գրքեր

Բուն Բարեկենդան

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Երեկվանից փակ են արդեն բոլոր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների վարագույրներն՝ ի նշան կորուսյալ դրախտի, և Եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը:

Սիրելինե՛ր, գիտենք, որ բարեկենդանները նախորդում են պահոց օրերին և այս մեկն էլ Բուն Բարեկենդան է կոչվում, որովհետև նախորդում է տարվա մեջ ամենաերկար ու կարևոր պահոց շրջանին: Այս տոնը խորհրդանիշն է նախամարդու դրախտում անցկացրած երանելի ու լուսավոր օրերի, երբ մարդ արարածն անմիջական կապի մեջ էր իր Արարիչ Հոր հետ ու վայելում էր Նրանից բխող աստվածային կենարար սերն ու լույսը: Այս տոնը, սիրելի՛ հավատացյալներ, ողջ մարդկության համար մի քաղցր հուշ է իր երանելի անցյալի մասին: Հիշեցում է, որ մարդկային պատմությունն ի սկզբանե ամենևին էլ այսքան տխուր և ցավալի չէր: Հիշեցում է, որ մարդ արարածն ամենևին էլ այսքան տառապանքներով ու փորձություններով լի կյանքի համար չէր արարվել, այլ ընդհակառակը՝ բոլոր պայմանները ստեղծվել էին երանելի կյանքով ապրելու համար:

Երբ խորհում ես այս ամենի մասին, ապա ակամայից թախիծ է իջնում հոգուդ և տրտմում ես, որ զրկվել ես այն անգին գանձից, որ Ամենակալ Արարիչն էր պարգևել: Սակայն մի՛ շտապեք մեղադրել նախամարդկանց, սիրելինե՛ր, քանի որ մեզանից յուրաքանչյուրն ամեն օր նմանատիպ ընտրության առջև է կանգնում Ադամի ու Եվայի պես և ցավոք սրտի, նրանց պես էլ Աստծո կամքի կամ որևէ պատգամի հանդեպ անհնազանդությունն է ընտրում: Շատ լավ գիտակցում ենք, որ մեղք ենք գործում, որ դեմ ենք դուրս գալիս Աստծո պատվիրաններին, սակայն շարունակում ենք սխալ ընտրություն անել: Ինչպես առաջին մեղքը պատճառ հանդիսացավ ողջ մարդկության տառապանքի, այնպես էլ մեր անձնական տառապանքների պատճառը մեր սեփական մեղքերն են: Այս առիթով մի հրաշալի պատմություն հիշեցի այն հայրիկի մասին, ով իր փոքրիկ դստրերին տպավորիչ մի օրինակով սովորեցրեց Ադամի ու Եվայի անհնազանդության պատմությունը: Նա մի փակ կաթսա դրեց լուսամուտագոգին ու դստրիկներին պատվիրեց չբարձրացնել կափարիչը մինչև իր վերադառնալը: Աղջիկները, մի որոշ ժամանակ հնազանդվեցին, այնուհետև որոշեցին մի փոքր բարձրացնել կափարիչն ու նայել, թե ներսում ինչ կա, բայց հազիվ էին կափարիչը բարձրացրել, երբ ներսում եղած ճնճղուկը դուրս եկավ ու թռավ պատուհանից:

Այո՛, սիրելինե՛ր, տխրության առիթ կա, սակայն երբեք՝ հուսալքության: Քանի որ Բուն Բարեկենդանի տոնն ուրախալի հող է նախապատրաստում մեզ համար այն սքանչելի ճանապարհի, որ իրավմամբ հրաշագործ մի սպեղանի է մեր տկար մարմինների ու առավել տկար հոգիների համար: Խոսքս իհարկե Մեծ Պահքի մասին է, այն հրաշալի առիթի, որ ամեն տարի տրվում է մեզ՝ Երկնային Դրախտի ճամփան ընտրելու համար: Մեծ Պահքը գալիս է ասելու, որ ամեն բան կորած չէ, որ Երկնավոր Հայրը երբեք չի հրաժարվել Իր երկրային զավակներից, այլ նույնիսկ Իր Միածնին է տվել, որպեսզի մենք կրկին դրախտը վայելելու հույսն ունենանք: Ամենակալ Աստված՝ Հիսուս Քրիստոս, երկիր եկավ և քառասնօրյա ծոմապահության կենդանի օրինակը հանդիսացավ մեզ համար: Իր անգին զոհաբերությամբ Նա կրկին բաց արեց դրախտի դարպասները ողջ մարդկության առջև և սովորեցրեց, որ միմիայն Իրենով է հնարավոր այդ ճանապարհը: «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով» (Հովհ. 14:6), ասում է Տերը, և երբ այսօր պատրաստվում ենք պահեցողության այս մեծ շրջանի մեջ մտնելուն, ապա մի յուրատեսակ ուխտ ենք կապում ինքներս մեզ հետ՝ ոչ միայն մարմնի, այլ առավել հոգու պահեցողության մեջ մտնելու համար: Այսօր մենք որոշում ենք կայացնում Քրիստոսին մեր մեջ ընդունելու ու Նրա օգնությամբ հրաժարվելու այն վնասակար սովորություններից ու հոգու ախտերից, որ հեռացնում են մեզ Կենսաբեր Լույսից: Այսօր մեր հոգիները պետք է ցնծան այն ուրախալի լուրից, որ բժշկման ևս մի հնարավորություն են ստացել, քանզի անկեղծ զղջման արցունքները, որ պիտի թափվեն պահոց այս շրջանում, լվանալու և մաքրելու են բազմաթիվ մեղքերից արատավորված մեր խեղճ հոգիները: Անդադար աղոթքներով ուղեկցվող ապաշխարության այս շրջանը, որի մեջ մտնելու ենք, ամրացնելու է մեր հոգիներն ու աստվածային սպառազինությամբ զինելու: Այն զորեղ մի ուժ է տալու մեզ մեր հավատքի մեջ կայուն մնալու և մեր ընտրած ճանապարհով, հաստատուն քայլերով, առաջ ընթանալու համար: Եկեղեցու հայրերն ասում են, որ ճշմարիտ զղջման և ուղղվելու համար մեզ անհրաժեշտ է աղոթք անել ու պահք պահել, և սրանք այն երկու թևերն են, որ մարդու հոգին դեպի երկինք են բարձրացնում:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, այսօր չեմ կարող չհիշել մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանը պահքի մասին, որ անչափ կարևոր է Մեծ Պահոց շրջան մտնող յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Այսպիսով Տերը պատվիրան է տալիս, ասելով. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:17-19): Այս ասելով Նա հասկացնում է, որ յուրաքանչյուր ոք, ով պահք է պահում, անում է իր հոգու փրկության համար և պահվող պահքը միմիայն այսպիսի գիտակցման ու մոտեցման դեպքում է ընդունվում Աստծո կողմից: Եվ նաև այն պարագայում, երբ այն որպես անկեղծ զոհաբերություն է հանդիսանում մերձավորին օգնելու համար, այսինքն ուղեկցվում է մերձավորի համար արվող աղոթքով և արդար գործերով: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր միգուցե պահք են պահում նորաձև թվալու համար կամ նիհարելու նպատակով, ապա այս պարագայում երկնային վարձքի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ իրենց ակնկալած փոխհատուցմն աշխարհիկ գիտակցություն ունի և այստեղ էլ ստանում են: Իսկ ճշմարիտ պահքն ինքնակամ հրաժարումն է աշխարհի ունայնությունից՝ հօգուտ հավիտենական կյանքի:

Սիրելինե՛ր, հույս ունեմ, որ դուք՝ Եկեղեցու զավակներ հանդիսանալով, քրիստոնյայի գիտակցությամբ եք մոտենալու Մեծ Պահքի խորհրդին, ուստի շտապում եմ զգուշացնել ձեզ մեկ այլ վտանգավոր գայթակղությունից, որ շատերն, անգիտակցաբար, ընկնում են պահեցողության շրջանում: Այս մասին Պողոս առաքյալն է զգուշացնում հռովմեացիներին ուղղված իր նամակում, որտեղ ասում է. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ. 14:3):

Արդ, Աստծո օրհնությունն եմ հայցում ամենքիս համար, որպեսզի գիտակցաբար մտնենք մեր կյանքի կարևորագույն այս հերթական շրջանի մեջ: Անխախտ մնանք մեր միջի մեղավոր մարդուն մեռցնելու և փոխարենը Կյանքի ջրի աղբյուրին՝ Հիսուս Քրիստոսին, ապրեցնելու մեր որոշման մեջ: Աղոթքների, պահեցողության, ապաշխարության և բարի գործերի միջոցով սրբենք, մաքրենք մեր հոգիները մեղքերի աղտեղությունից՝ մեր հոգու աչքերի առաջ ունենալով խաչի վրա հեղված Փրկչի մաքրագործ արյունը, որ մեզ համար բաց արեց դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը:

Եվ խոսքս ցանկանում եմ ավարտել Եկեղեցու մեր օրերի Հայրերից մեկի խոսքով, որ ասում է. «Եթե չես ցանկանում պահք պահել, ուրեմն դադարիր մեղք գործել»:

Թող Տիրոջ շնորհն ու խաղաղությունը լինի ձեր ամենքի հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

07.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․