Գրքեր

Ճաշու Վեցերորդ ժամ

Ճաշու Վեցերորդ ժամի աղոթքն ուղղված է Հայր Աստծուն, որից խնդրում ենք օգնականություն մարդկային տկար բնության համար՝ չարի դեմ պատերազմելու: Այս ժամի տնօրինական հիշատակն է Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը և արևի խավարումը: Ավանդությունից մեզ հայտնի է, որ Ադամն այս ժամին դրժեց պատվիրանն ու ճաշակեց պտղից: Այս նույն ժամին մեր Տերը խաչը բարձրացավ մարդկության փրկության համար, Իր վրա վերցրեց նախամարդու պատիժը խաչի անարգական մահով: Այս ժամին Փրկիչը խաչի վրա քացախախառն լեղի ճաշակեց, որպեսզի մեր դառնությունները քաղցրացնի: Եվ այս ժամի աղոթքներով պատվիրվում է արթուն լինել և զգուշանալ չարից:

Ճաշու Վեցերորդ ժամը կատարվել է ժամը 12-ին, իսկ այժմ մյուս Ճաշու ժամերգությունների հետ միասին կատարվում է Մեծ Պահքին (սկսած առաջին չորեքշաբթի օրվանից մինչև Ծաղկազարդ, բացի շաբաթ օրվանից, ինչպես նաև Մեծ Պահքի կիրակի օրերին Սբ. Պատարագից առաջ), Ավագ շաբաթվա չորս օրերին՝ Ավագ Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի և Հինգշաբթի, Սբ. Ծննդյան և Սբ. Զատկի ճրագալույցներին: Իսկ սովորական և պահոց օրերին կարդացվում են միայն կարճ քարոզներն ու աղոթքները: Այս ժամի երգի, քարոզների և աղոթքների տողերում ևս, ինչպես Երրորդ ժամի, խոսվում է այդ ժամին պատահած դեպքերի և իրադարձությունների մասին ըստ Ավետարանի: Այս ժամերգությունը ևս լի է ապաշխարության և զղջման իմաստներով:

Ժամերգությունը սկսում է ժամօրհնողը «Տերունական աղոթք»-ով: Այնուհետև երկու դպիր ատյանում ընթերցում են Սաղմոս 50-րդը, որը ինչպես Ճաշու Երրորդ ժամի, այնպես էլ այս ժամի կորիզն է: Սաղմոսի ավարտին դպիրները սկսում են երգել Սբ. Ներսես Շնորհալու հեղինակած «Խաւարեցաւ լոյսն արևուն» 3 տնից բաղկացած երգը: Երգի մեջ պատմվում է Փրկչի խաչելության մասին, որ տեղի ունեցավ ուրբաթ օրը 6-րդ ժամին և թե ինչպես այդ ժամին Փրկիչն ավանդում է հոգին, խավարում է արեգակը և Փրկչի մարմինը ծածկվում է ստվերներով:

Երգին հաջորդում է ժամօրհնողի «Յամենայն ժամու» մաղթանքը: Որից հետո սարկավագն ընթերցում է «Արթուն մտօք» Մեծի Պահոց քարոզը: Հեղինակը Սբ. Հովհան Մանդակունի հայրապետն է: Քարոզով զգուշացվում է արթուն լինել եւ աղոթել Աստվածային երկյուղն մեր հոգում: Սովորեցնում է մեզ հավատով, առանց երկմտելու խնդրել Աստծուց: Քահանան «Զգեցո՛ մեզ, Տէր Աստուած մեր» աղոթքով խնդրում է Աստծո արդարությունը, որպեսզի մեզ պահպանի չարից և նրա հնարքներից: Նա նաև հայցում է Տիրոջ խաղաղությունը, որ ինչպես երկնքում, այնպես էլ երկրում շրջապատվենք Աստծո խաղաղությամբ: Երկու մասից բաղկացած աղոթքն ընդմիջվում է «Խաղաղութիւն ամենեցուն»-ով: Խնդրում ենք, որ Աստված ընդունի մեր աղոթքը և երկրպագությունը:

Վերոհիշյալ և՛ քարոզը, և՛ աղոթքը ընթերցվում են միայն Մեծ Պահքին:

Աղոթքին հաջորդում է «Վասն հիւանդաց» քարոզը: Սարկավագը հրահանգում է հավատով և հույսով աղոթել բոլոր հիվանդներին և վշտացածներին մարմնի և հոգու առողջության համար: Քահանան կարդում է «Փարատեա զցաւս» աղոթքը, որով հայցում ենք Աստծուց, որ յուրաքանչյուրին հավատքի համաձայն տա հոգու և մարմնի առողջություն: Եվ խնդրում ենք Ամենազոր Խաչի օգնականությունը և Տիրոջ ողորմությունը՝ «Նշանաւ ամենայաղթ Խաչիւ

քով, որով բարձեր զտկարություն ազգի մարդկան»: Աղոթքից հետո ասվում է «Յիշեա, Տէր» քարոզը և «Բարերար և բազումողորմ Աստուած» աղոթքը:

«Երանի որ խորհի զաղքատն» (Սաղմոս 40:2-5) և «Որ բնակեալն է յօգնութիւն» (Սաղմոս 90:1-16) սաղմոսներին հաջորդում է «Խնդրեսցուք հաւատով ի Հօրէ….» քարոզը: Այս քարոզով խնդրում ենք մեղքերի քավություն և հանցանքների թողություն, հայցում ենք, որ Ամենակալ Տերն ողորմի մեզ, փրկի մեզ վշտերից և նեղություններից:

Քարոզին հաջորդում է «Հայր գթութեանց» աղոթքը: Աստված որպես գթառատ հայր գիտե մեր բոլոր ցանկությունները և խնդրանքները և սիրով օգնում է Իր զավակներին, որից ելնելով համարձակությամբ խնդրում ենք՝ ասելով. «Ներեա եւ լուր մեզ, քաւեա եւ թող զմեղս մեր»:

Ժամերգությունը ավարտվում է «Հայր մեր»-ով:

 

 

Օգտագործված գրականության ցանկ՝

1. «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Անթիլիաս, 1986թ.

2. Հայ եկեղեցու ժամերգությունները, Աշխատասիրությամբ Հրայր սրկ. Խաչատրյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999թ.

3. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.

4. Խ. Հ. Պալյան, «Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու», Երևան, 2005թ.

5. Մեկնություն ժամակարգության, Աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի, Սբ. Էջմիածին, 1997թ.

6. Կարգ աստուածպաշտութեան Հայաստանյայց Ս. Եկեղեցւոյ (դասագիրք թեմական և ծխական հոգևոր դպրոցների համար), Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանցը, Թիֆլիս, 1902թ.

7. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

14.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․