19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Խավարման կարգ

Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո:

Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: Տասներկու մոմերը խորհրդանշում են Քրիստոսի տասներկու աշակերտներին, իսկ կենտրոնի մոմը՝ Հիսուս Քրիստոսին: Մոմերից տասնմեկը սպիտակ են ու վառված, տասներկուրորդը՝ սև և անվառ, որը խորհրդանշում է մատնիչ Հուդային: Արարողության մասնակիցները ունկնդրում են Ավետարանից յոթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը: Առաջին ընթերցումից հետո եկեղեցականներից մեկը մարում է միայն ձախ կողմի առաջին մոմը, իսկ զուգահեռ մյուս՝ Հուդայի սև մոմն անվառ է: Մյուս ընթերցումներից հետո հաջորդական կերպով մարում են մոմերը ձախ և աջ կողմերից: Վերջին ընթերցվածի ավարտին եկեղեցին մնում է մթության մեջ, մարում են եկեղեցու բոլոր լույսերը: Միայն Հիսուսին խորհրդանշող մոմն է շարունակվում վառվել: Այս արարողությունը խորհրդանշում է աշակերտների կողմից Տիրոջ լքելը և քահանայապետերի և դպիրների ձեռքը մատնվելը: Մթության մեջ հնչում է զղջման ու ապաշխարության «Տեր ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին: Երգից հետո քարոզ է ասվում, որին հաջորդում է «Փառք ի բարձունս»-ը, այնուհետև լույսերը վառվում են: Եկեղեցին լուսավորելը խորհրդանշում է, որ մեր Տիրոջ չարչարանքներն ու խաչելությունն մեր փրկության և լուսավորության համար էին:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

18.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․