14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր

Նախօրոք պատիժը

Մի խստապահանջ հայր, երբ իր երկու զավակներն անկարգություն էին կատարում, պատժում էր նրանց և բազմաթիվ անցքեր ունեցող դույլերով պարտադրում ջրհորից ջուր հանել և այդ դույլերով բավականին հեռու գտնվող իրենց փոքրիկ բանջարանոցը ջրել: Նրա երկու տղաներն այնքան էին գնում-գալիս, որ միայն մինչև երեկո կարողանում էին իրագործել խստապահանջ հոր կարգադրությունը:

Մի օր նրա որդիներից մեկը գաղտագողի մտնում է հարևանի պարտեզը և կարմրահաս խնձոր քաղում ու դուրս գալիս: Հոր աչքից չի վրիպում այս արարքը, և պահանջում է ծակծկված դույլով բանջարանոցի համար ջուր կրել: Նա նաև իր փոքր որդուն է կարգադրում միևնույն պատիժը: Այս տղան տրտնջում է և ասում.

- Հա՛յր իմ, չէ՞ որ ես արդեն նախորդ արարքների համար քավել եմ իմ մեղքերը և արդար եմ, ինչո՞ւ ես ինձ էլ պատժում, քանի որ ես մեղք չեմ գործել, այլ իմ եղբայրն է մտել հարևանի պարտեզը:

Հայրը պատասխանում է.

- Քեզ էլ նախօրոք եմ պատժում` իբրև հատուցում այդ արարքի համար, որովհետև գիտեմ, երբ եղբայրդ սկսի ջուր կրել, իսկ ես էլ այստեղ չլինեմ, դու էլ պիտի մտնես հարևանի պարտեզը և ակնահաճո խնձորներ քաղես: Ավելի լավ է եղբորդ օգնիր, որպեսզի ժամանակ չունենաս այդպիսի քայլ կատարել:

Աստված արդար է և արդարությունը հատուցում է պահանջում: Երբեմն Արարիչը մարդուն կարող է խրատել տվյալ պահին իր չկատարած արարքի համար, քանի որ տեսնում է մարդու ապագան և այդ կերպով մարդուն Ահեղ Դատաստանի ժամանակ հատուցումից փրկում: Ահա թե ինչու ամբողջ մարդկությունը պատժվեց Ադամի և Եվայի հետ միասին, որովհետև ամեն մարդ իր կյանքի որևէ դրվագում դառնում է մի Ադամ կամ Եվա` քաղելով արգելված պտուղը: Ում Աստված սիրում է, նաև հանդիմանում է ու խրատում է (Հայտն.3.19)

 

Հովհաննես Մանուկյան

23.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․