13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Ձանձրույթ

Ասում են, թե մի թագավոր իր շքախմբով գալիս-հասնում է ցամաքած լճակի մոտ, որտեղ մի գեղջուկ մարդ խարույկի վրա դատարկ կաթսա է դրել և մի եղեգով լճակն է չափում:

Թագավորը դժգոհությամբ ասում է.

- Գիշերն ինձ Աստծո հրեշտակը հայտնվեց ու ասաց, որ եթե այստեղ գամ, ապա կհասկանամ, թե ինչու եմ այդքան ձանձրանում ու հոգու խռովք ապրում, սակայն այստեղ մի սովորական գեղջուկ եմ տեսնում, ով տարօրինակ ու անիմաստ բաներ է անում:

Գեղջուկը մոտենում է նրան, խոնարհվում ու հարցնում.

- Թագավո՛ր, տե՛ր, նայի՛ր կաթսայի մեջ, ի՞նչ ես տեսնում:

- Ծաղրո՞ւմ ես ինձ. մի՞թե չգիտես, որ ես ամեն ինչ ունեմ՝ և՛ իշխանություն, և՛ փառք, և՛ դրամ և կարող եմ նույնիսկ քեզ մահապատժի ենթարկել: Չէ՞ որ կաթսան դատարկ է, դատարկություն, իսկ դու հարցնում ես, թե ի՞նչ ես տեսնում:

- Դու պատասխանեցիր այն հարցին, թե ինչու ես ձանձրանում ու հոգու խռովք ապրում, որովհետև հոգիդ դատարկ է, ինչպես այս կաթսան, քանի որ Աստծո ներկայությունը ցամաքել է, ինչպես այս լճակը, իսկ ձանձրույթը նման է այս եղեգին, որ չափում ու ցույց է տալիս հոգու դատարկության չափը, ինչքան մեծ է ձանձրույթը, այնքան մեծ է հոգու դատարկությունը:

Եվ փնտրտուքներդ այրում են այդ դատարկությունը ու նույնիսկ ցավ պատճառում, ինչպես այս կրակը, որովհետև խաղաղություն ես փնտրում, բայց չես գտնում... Հաշտ և խաղաղ եղի՛ր Աստծո հետ և՛ ձանձրույթը կվերանա, և՛ հոգու խռովքը,- պատասխանում է գեղջուկն ու անհետանում, քանի որ թագավորն ավելի մոտենալով ճանաչում է իրեն հայտնված հրեշտակին:

Ձանձրույթը մի տեսակ ջերմաչափ է, որ ցույց է տալիս, թե ինչքանով է դատարկ մեր հոգին ու թե ինչքանով է Աստծո ներկայության լիությամբ լցված այն:

 

Հովհաննես Մանուկյան

03.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․