Գրքեր

«Երբ մեր սրտում խաղաղություն, խնդություն և սեր է, մեզ դրախտում ենք զգում»

Ի տարբերություն դպիրների ու փարիսեցիների պատկերացրած Մեսիայի թագավորության, որ երկրային էր, Քրիստոս հռչակեց Երկնքի Արքայությունը՝ մատնանշելով նրա երկնային ծագումն ու նշանակությունը: Այն ստեղծել է Աստված և ընգրկում է երկինքն ու երկիրը՝ ամբողջ տիեզերքը: «Աստված հիմնեց Երկնքի Արքայությունը և ոչ թե մարդը, հիմնեց Աստծու և մարդու, երկնքի և երկրի միասնության համար»,- ասել է սբ. Գրիգոր Աստվածաբանը: Աշխարհի սկզբից ի վեր պատրաստված Արքայությունը (Մատթ. 25:34) Իր քավչարար արյամբ վերականգնեց Քրիստոս, և այն ամենամոտ առնչությունն ունի մարդու և նրա ներաշխարհի հետ: Երբ Քրիստոս ասաց, որ Իր թագավորությունը այս աշխարհից չէ (Հովհ. 18:36), նկատի ուներ, որ այն այստեղ կամ այնտեղ չէ, այլ «ձեր ներսում է» (Ղուկ. 17:21): Երկնքի Արքայությունը մարդու էության մեջ է դրված նրա ծննդյան օրից և աճում է մարդու գործադրած ջանքերի շնորհիվ. «Աստծու թագավորությունը խոսքով չէ, որ հայտնում է իրեն մարդկանց կյանքում, այլ գործով» (Ա Կորնթ. 4:20) և «Երկնքի Արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթ. 11:12):

Ավետարանն իր ողջ բովանդակությամբ օգնում է մարդուն յուրացնել Երկնքի Արքայության էությունը և այդ նպատակով դիմում է մի շարք համեմատությունների ու նմանությունների (Մատթ. 13): Այն ասում է, որ Երկնքի Արքայությունը նման է արտի մեջ թաքնված գանձի: Այն փնտրելու և ձեռք բերելու համար ջանասիրություն ու անշահախնդրություն է պետք: Երկնքի Արքայությունը նման է թանկագին մարգարտի, որ նույնպես պետք է փնտրել և գտնելով՝ ոչինչ չխնայել այն ձեռք բերելու համար: Ավետարանն այս համեմատություններով ցանկանում է ասել, որ մեզ համար ավելի արժեքավոր և պիտանի ոչինչ չկա երկրի վրա և որ այն ձեռք բերել՝ նշանակում է ամեն ինչ ձեռք բերել, այսինքն՝ ձեռք բերել գլխավորը, իսկ մնացածը ավելիով կտրվի (Մատթ. 6:33): Երկնքի Արքայությունը նման է ուռկանի, որի մեջ ընկնում են տարբեր ցեղատեսակների և չափերի ձկներ: Այն նման է արտի, ուր ցորենն ու որոմն աճում են միասին, այն նման է խնջույքի, որին կանչված են բոլորը: Այս համեմատություններով Ավետարանն ասում է, որ Երկնքի Արքայության մուտքը բաց է բոլոր մարդկանց համար,  բաց է այստեղ՝ երկրի վրա, և միայն գերեզմանից այն կողմ որոմը կբաժանվի ցորենից, ձուկը կտեսակավորվի և չզղջացող, չարամիտ մեղավորներին թույլ չի տրվի օգտվել Արքայության սեղանից: Երկնքի Արքայության կոչն անընդհատ պետք է հնչի մարդու սրտում՝ հիշեցնելով, որ երբեք ուշ չէ՝ ապաշխարելու, ուղղվելու և Աստծու առաջ պարզերես կանգնելու:

Ավետարանն ասում է, որ  Երկնքի Արքայությունը մարդու հոգում աճում է աննկատ, ինչպես թթխմորը հացթուխի խմորում, սերմը՝ արտում: Ով իր արտի մեջ սերմ է ցանում, օրեր ու գիշերներ են անցնում, նա քնում է ու արթնանում, մինչ այդ սերմերը բուսնում են և աճում, և ինքը չի իմանում, թե ինչպե՛ս են մեծանում (Մարկ. 4:27): Ավետարանը հռչակում է, որ Երկնքի Արքայությունը նման է մանանեխի հատիկի: Լինելով փոքր ու աննկատ՝ այն աճում է՝ վերածվելով հսկա ծառի, ինչն ապաստան է տալիս երկնքի թռչուններին, որոնք թռչում են ամենուր (Մատթ. 13:31-32): Երկնքի Արքայությունը մարդկանց մոտ լինելը չի որոշվում տարիքով կամ սեռով, ոչ էլ ունեցվածքով կամ սոցիալական կարգավիճակով, այլ բացառապես ներքին հոգևոր վիճակով: Այսպիսով՝ այն տրվում է «հոգով աղքատներին» (Մատթ.5:3), այսինքն՝ Աստծու կամքին նվիրված խոնարհ մարդկանց, այն տրվում է արդարության համար հալածվողներին (Մատթ. 5:10): Երկնքի Արքայությունը տրվում է նրանց, ովքեր, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, մոռանալով անցյալը, նայում են գալիքին, ուշադիր վազելով դեպի նպատակակետ (Փիլիպ. 3:13): Եթե այս ուղու վրա գտնվող որևէ մեկը հետ նայի՝ «նա հարմար չէ Աստծու թագավորությանը» (Ղուկ. 9:62): Հետ նայել՝ նշանակում է ափսոսալ աշխարհիկ բաների համար և հոգեպես տկարանալ: Աստծու Արքայությունը մարդուց պահանջում է լիարժեք, լիակատար նվիրվածություն Աստծուն, անշահախնդիր սեր Նրա և մարդկանց հանդեպ: Նման նվիրվածության և սիրո համար մարդուն տրվում է անչափելի և անհամեմատելի բարիք: «Ով որ թողել է տուն, եղբայրներ, քույրեր, հայր ու մայր, կին ու զավակներ և ագարակներ՝ ինձ համար, հարյուրապատիկը պիտի ստանա և հավիտենական կյանքը ժառանգի»,- ասում է Քրիստոս (Մատթ. 19:29):

Ավետարանում հանդիպում ենք մեղավորների հանդեպ Աստծու ողորմածության մասին պատմող ապշեցուցիչ պատկերների, երբ նրանք, դարձի գալով, ուղղվել են և վերածնվել Աստծու Արքայության համար: Օրինակ՝ Ավետարանը նկարագրում է անառակ որդու՝ իր հայրական տուն վերադարձի մասին: Նմանատիպ օրինակ է աջակողմյան ավազակը, որին Քրիստոսի կողմից շնորհվեց Երկնքի Արքայության առաջին բնակիչը լինել: Փրկիչը պատգամել է մեզ միշտ և անշեղորեն փնտրել Աստծու Արրքայությունը՝ ասելով. «Նախ խնդրե՛ք, որ Աստծու Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Ճշմարտությունը Քրիստոս Իր հետևորդներին ավանդեց Իր խոսքով, որ գրված է Սուրբ Գրքում: Ճշմարտությունը Քրիստոս փոխանցում է Իր կողմից հիմնած եկեղեցու միջոցով, որ Սուրբ Հոգու պարգևները կրողն ու բաշխողն է, որ մարդկությանը փրկության առաջնորդողն է:

Երկնքի Արքայությունը հոգևոր արքայություն է, այն ոգու, լույսի, ճշմարտության, արդարության, խաղաղության, սիրո, ազատության և շնորհի Արքայություն է: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Աստծու Արքայությունը ուտելիք կամ ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Սուրբ Հոգուց տրված» (Հռոմ. 14:17): Քրիստոս Իր սովորեցրած «Տերունական աղոթք»-ով պատվիրեց բոլորին նախ աղոթել Արքայության գալստի համար (Մատթ. 6:10), այնուհետև՝ անձնական կարիքների համար: Եկեղեցու հայրերը ևս օգնում են՝ հասկանալու Երկնքի Արքայության խորհուրդները: Թադեոս վարդապետ Վիտովնիցկին ասել է. «Երկնքի Արքայությունը ոչ թե վայր է, այլ հոգու վիճակ: Երբ մեր սրտում խաղաղություն, խնդություն և սեր է, մեզ դրախտում ենք զգում», իսկ սբ. Սերաֆիմ Սարովցին ասել է, որ երկրի վրա են սկսվում դրախտն ու դժոխքը: Եվ այդ խորհուրդներրը բացահայտվում են նրանց, ովքեր ջանում են հոգևոր աճ ունենալ Քրիստոսով:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

12.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․