Գրքեր

Երդման մասին

Երկու քաղաքացիներ իրենց մեղքերը քահանային խոստովանելիս, մեղքերի ևս երկու տեսակ խոստովանեցին, որոնք թեպետև ըստ իրենց շատ ծանր մեղքեր են, սակայն սովորաբար վաճառականների մոտ թեթև են համարվում կամ չնչին. այն է` սուտ խոսելն ու սուտ երդվելը: Եվ ասացին.

- Հա՛յր, ոչ մի բան չենք կարող գնել կամ վաճառել, եթե  սուտ չասենք կամ սուտ չերդվենք:

Խոստովանահայրը նրանց ասաց.

- Այդպիսի մեղքերը ծանրագույն են և Փրկչի կողմից արգելված. այնտեղ, որտեղ ասում է. «Ձեր խոսքը լինի` այոն` այո, և ոչը՝ ոչ» (Մատթ. Ե 37):

Եվ նրանք պատասխանեցին.

- Այդ պատվիրանը չենք կարող  առևտրում պահել:

Քահանան նրանց ասաց.

- Անսացե՛ք իմ խրատին և լավ հաջողություն կունենաք:

Սուտ մի՛ ասեք և սուտ մի՛ երդվեք, այլ երբ կամենում եք մի բան վաճառել, այնչափ գովեք:

Եվ նրանք խոստացան մեկ տարի այդպես փորձել, ինչպես որ քահանան էր պահանջում:

Այդ տարի, սատանայի հնարքով, որ միշտ բարուն հակառակ է, ոչինչ վաճառել չկարողացան: Մի տարի անց  խոստովանահոր մոտ դարձան` ասելով.

- Մեր հնազանդությունն այս տարի մեզ մեծ վնաս հասցրեց, քանի որ մարդիկ մեզնից երես դարձրին, և առանց երդման ոչինչ չկարողացանք վաճառել:

Այդժամ քահանան ասաց.

- Մի՛ երկնչեք, քանզի դա փորձություն է, հաստատո՛ւն եղեք ձեր սրտերում, որ ոչ մի ներհակություն, ոչ մի  աղքատություն ձեզ այդ ուխտադրությունից հետ չդարձնի, և Տեր Աստված էլ ձեր ունեցվածքը կօրհնի:

Նրանք էլ խոստացան, թե`

- Աստծո կարողությամբ խրատդ ու Աստծո պատվիրանը մեր կյանքի բոլոր օրերում կպահենք, եթե անգամ մուրալու հարկ լինի:

Զարմանք. Աստված անմիջապես վերացրեց այդ փորձությունը, և մարդիկ սկսեցին նրանց դիմել առավել, քան մյուս վաճառականներին: Եվ ոչ շատ օրեր հետո այն աստիճան հարստացան, որ մինչև իսկ իրենք էին զարմանում:

Եվ դառնալով իրենց խոստովանահոր մոտ` նրան գոհություն հայտնեցին, որ նրա փրկարար խրատով նման  մեծամեծ հանցանքներից ազատվեցին և երկրային ունեցվածքով բարգավաճեցին:

 

Հայելի վարուց

07.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․