Գրքեր

Գայթակղիչ ժամանակներ

Ոչ մի դարաշրջան քրիստոնեական հոգու համար այնքան գայթակղիչ և վտանգավոր չի եղել, որքան մեր դարաշրջանը: Գուցե եղել է ավելի տանջալի և ավելի դժվար ժամանակաշրջան, ինչպես օրինակ, մարտիրոսների դարաշրջանը, երբ նրանք ահեղ տանջանքների և ահավոր մահվան էին դատապարտվում: Սակայն մինչ այս երբեք չեն եղել գայթակղության առումով այսքան վտանգավոր ժամանակներ: Գիտական և հատկապես տեխնիկական նվաճումները, որոնք եղել են մարդկային կյանքը հեշտացնելու նպատակով, իրականում ընդհակառակը, կյանքը հեշտացնելու փոխարեն մարդկանց շատ հաճախ գցում են իրենցից կախվածության մեջ: Այսօրվա շատ գովազդներ, նկարներ կամ արվեստի գործեր իրենց մեջ թաքնված հատուկ ենթատեքստ ունեն, որոնք ազդում են մարդկային գիտակցության վրա: Օրինակ` որևէ հագուստ գովազդող փողոցում տեղադրված գովազդային հսկա պաստառն իր գայթակղիչ նկարով մարդուն կարծես Ոդիսևսի պատմության մեջ հիշվող առասպելական թռչունների պես անլսելի, բայց անընդհատ ձայնելով քաշում է իր կողմը և ասում. «Շնացիր, հաճույք վայելիր»: Անառակություններ ցույց տալով` նույնն է ասում նաև հեռուստացույցը` միևնույն ժամանակ առաջարկելով նաև սպանությունների ահավոր տեսարաններ: Իսկ համակարգիչը իր ծառայություններից միայն տասը րոպեով օգտվելու համար մտադրված մարդուն կարծես կախարդում է և նրանից ժամեր խլելով` լավագույն դեպքում մարդկային հոգուն միայն դատարկության զգացումների է դատապարտում: Այո, շատ դժվար էր մարտիրոսների համար, անտանելի էին նրանց չարչարանքներն ու մահը, սակայն այն ժամանակ կողմնորոշվելը հավանաբար ավելի հեշտ էր` կա՛մ կուռքերին պիտի երկրպագես կա՛մ` Աստծուն: Մինչդեռ այժմ, երբ աշխարհի մեծ մասը քրիստոնեացել է, մարդը չի կարողանում կողմնորոշվել, արդեն հեղհեղուկ են դարձել բարու և չարի սահմանները, մարդը չի կարողանում կողմնորոշվել, թե որտեղ է վերջանում մամոնայի պաշտամունքը, և որտեղ է սկսվում Աստծո պաշտամունքը: Ասում են, որ «Մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը» նախադասության մեջ հայերին միայն սրտամոտ և դուրալի է «առաջին» բառը: Իրոք, մեզանից շատերը հաճախ անունով քրիստոնյա, բայց էությամբ հեթանոս են: Շատերս սիրում ենք հպարտանալ միայն անցյալով` մոռանալով, որ մեր ներկան հաճախ միայն անցյալի ավերակն է: Որքան դիպուկ է ասված կարծես մեր ժամանակների շատ քրիստոնյաների մասին Հայտնության գրքում. «Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք» (3.15): Ոչ սառը նշանակում է, որ մարդը քրիստոնյա է, ոչ տաքը նշանակում է, որ մարդը Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելով` իր ապրած կյանքի պատճառով զուրկ է աստվածային շնորհից: Լսենք, թե շարունակությամբ ինչ է ասում Քրիստոս. «Երանի դու սառն լինեիր և կամ տաք. իսկ դու գաղջ ես` ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ Իմ բերանից, չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր» (3.15.16):

Մենք հաճախ ենք ձգտում բարօրության այս կյանքում: «Ի՞նչ օգուտ կունենա մարդ,- ասում է Քրիստոս,- եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթ. 17.26): Մարդկային անձը, հոգին ամենաթանկ բանն է, և այն փրկելու համար պետք է հետևել Քրիստոսին նույնիսկ նեղությունների և չարչարանքների մեջ: Եկեք անկեղծ լինենք, այսօրվա բազմաթիվ քրիստոնյաներ գաղջ են, այսինքն` միայն անունով են քրիստոնյա, շատ հեռու են Քրիստոսի հաստատած Եկեղեցուց կամ էլ շատ սահմանափակ գիտելիքներով և միայն մոմ վառելով կարծում են, թե ապրեցին իրենց քրիստոնեական կյանքը: Զարմանալին կամ ահավորն այն է, որ մարդիկ նույնիսկ չեն էլ անհանգստանում դրա համար: Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ երկու մկրտություն կա` մեկը ջրով և Սուրբ Հոգով, իսկ մյուսը` նահատակությունը: Սրանցից որևէ մեկի բացակայության դեպքում մարդը չի կարող փրկվել: Սակայն նա նշում է նաև, որ նահատակությունը միայն տեսանելի արյուն թափելով թշնամուն հաղթելը չէ, այլ նաև ներքին պատերազմ մղելով սատանային հաղթելը: Ուրեմն մի կողմ դնենք մեր գաղջությունը և ներքին պատերազմ մղելով` այս կյանքում արժանապատվությամբ նահատակվենք` արժանանալով Երկնքի Արքայության:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

24.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․