Գրքեր

Գոհություն հայտնենք Տիրոջը

«Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր բոլոր պարգևները Նրա, Ով  քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր» (Սաղմ. 102:2-3):

 

Հիրավի, Տերն է մեր հույսն ու ապավենը, մեր մեղքերին քավություն տվողը և մեր հոգու և մարմնի ախտերը բժշկողը: Այս գիտակցումով է, որ պետք է ողջ հոգով և էությամբ օրհնենք, գովենք և փառաբանենք բարերար Աստծուն՝ բոլոր պարգևների, ողորմածության, շնորհների համար, ինչպես և առաքյալն է պատգամում. «Գոհությո՛ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար» (Եփես. 5:20):

Սակայն շատերս մեր առօրյա կյանքում փոքր-ինչ դժվարության, խոչընդոտի հանդիպելիս սովորություն ենք դարձրել տրտնջալը, դժգոհելը: Հարկ է գիտակցել, որ տրտնջալը մեղք է: «Զղջման» աղոթքի մեջ թվարկվում է նաև այս մեղքը. «... տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով: Մեղանչեցի Աստծու դեմ»: Տրտնջալով, գանգատվելով` դառնացնում ենք Աստծուն և ըմբոստանում Նրա դեմ:

Ինչ իրավիճակներում էլ լինենք, ինչպիսի դժվարությունների մեջ էլ ընկնենք, մինչ տրտնջալն ու դժգոհելը մտածենք, խորհենք. «Արդյո՞ք չկա ինձանից ավելի վատթար վիճակում գտնվող մեկը», և կտեսնենք նաև մեր շրջապատում բնակվող շատ մարդկանց, ովքեր ավելի վատ վիճակում են գտնվում, ավելի դժվարություններ ու փորձություններ են կրում, քան մենք, բայց չեն դժգոհում ու բողոքում Աստծուն, այլ տանում են դրանք հնազանդությամբ և համբերությամբ: Անշուշտ զորեղ է հավատն այսպիսի մարդկանց, և մեծ է նվիրումն ու սերն առ Աստված: Հիշենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը, որով Աստծու Որդին մեզ օրինակ տվեց: Երբ անօրենների կողմից դատապարտվեց անարգ մահվան՝ հանուն մեղավոր մարդկության փրկության, ծաղրվեց, ապտակվեց, հայհոյվեց, գամվեց խաչին, Նա՛, Ով «անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ Նրա բերանում» (Ես. 53:9), համբերեց և չտրտնջաց...

Նույնպես և սբ. առաքյալները, մարտիրոսներն ու քաջարի նահատակները հանուն հավատի և Աստծու հանդեպ ունեցած սիրո՝ հնազանդությամբ, սիրով և քաջությամբ էին տանում այն բոլոր տանջանքներն ու չարահնար փորձությունները, որոնք հակառակորդը նյութում էր նրանց դեմ: Նրանք ոչ միայն չէին դժգոհում, տրտնջում, այլև անդադար գոհություն էին մատուցում Աստծուն, որ իրենց արժանացնում է նահատակության Իր սուրբ անվան համար: Անուրանալի է նրանց հավատը, քանզի գիտեին, որ նեղություններ, տառապանքներ կրելով այս կյանքում՝ հանգստի կարժանանան հավիտենականում: Իսկ մենք, որ արժանի ենք ամենայն նեղությունների, որովհետև մեղավոր ենք, չենք կամենում կրել փոքր-ինչ դժվարություններ և առօրեական ինչ-ինչ խնդիրներից ընկճվելով՝ մեր դժգոհության ձայնն ենք բարձրացնում առ Աստված: Դժգոհելու պատճառներ միշտ գտնում ենք: Աստված գիտե, թե ինչ է մեզ անհրաժեշտ: Եթե Տերը շնորհել է մեզ այս բնակարանը, չդժգոհենք, որ այն այնքան շքեղ չէ, ինչպես կցանկանայինք, այլ մտածենք, որ գուցե շատ անտուն, անօթևան մարդիկ կերազեին ունենալ թեկուզ մի խղճուկ խրճիթ:

Երբեմն չենք կարողանում համբերությամբ կրել մեզ բաժին հասած հիվանդությունը և հավատի թուլության պատճառով տկարանում ենք, տրտնջում, դժգոհում՝ փոխանակ գոհանալու Աստծուց, որ մեզ ավելի վատթար, ծանր հիվանդությունից ազատի:

Փորձենք նկատել և գնահատել այն ամենը, ինչ ունենք, ինչ Աստված է մեզ շնորհել, և գոհանանք Ամենակարողից՝ Նրա անպատում պարգևների համար (հմմտ. Բ Կորնթ. 9:15): Ամբողջ սրտով գոհություն մատուցենք Աստծուն ամեն ժամ ամեն ինչի համար: Նայենք մեր շուրջը, այս զարմանահրաշ աշխարհն Աստված է ստեղծել մեզ համար: Հավատի աչքերով նայելով Աստծու անպատմելի արարչագործությանը՝ ամեն մի թփի, ծաղկի մեջ կտեսնենք Աստծուն, կզգանք Աստծու շունչը և կփառաբանենք տիեզերքի Արարչին: «Այս ամենի համար միշտ պիտի գոհ լինենք Աստծու արարչական խնամքից, որ արժանի է անում մեզ այնքան երևելի և աներևույթ բարիքներին: Եվ օրհնելով օրհնենք գիշեր թե ցերեկ անխոնջ սիրով, սրտակից կամքով և անարատ մաքրությամբ» (սբ. Գրիգոր Լուսավորիչ):

Հեռու վանենք մեզանից տրտունջն ու դժգոհությունը, այլ նույնիսկ նեղությունների և դժվարությունների, փորձությունների մեջ գոհանանք Տիրոջից, ինչպես կատարյալ սեր ունեցողը, քանզի այդպիսի գոհությունը մեզ երկրից երկինք է տանում: «Քեզ հետ լավ բան է պատահում, գովաբանի՛ր Աստծուն, և այդ լավը կմնա քեզ հետ: Քեզ հետ վատ բան է պատահում, փառաբանի՛ր Աստծուն, և այդ վատը կհեռանա քեզանից» (սբ. Հովհան Ոսկեբերան):

Փոքր-ինչ նեղություններ և դժվարություններ կրենք այստեղ՝ այս անցողիկ կյանքում, որպեսզի անանց, հավիտենական կյանքում, որ գալու է, ստանանք մեր համբերության վարձը, որն ըստ վաստակի և ըստ քրտինքի կլինի: «Եթե չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին» (Հռոմ. 8:17), քանզի Աստծու արքայության համար ենք նեղություններ կրում այս կյանքում:

Սովորենք սաղմոսերգուից, որ ասում է. «Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու քեզ» (Սաղմ. 118:62), և մեկ այլ տեղ, թե՝ «Գիշեր-ցերեկ քեզ օրհնություն պիտի մատուցեմ ու հավիտյանս հավիտենից պիտի գովաբանեմ անունը Քո» (Սաղմ. 144:2): Ուրեմն «Գոհություն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է Նա, քանզի հավերժ է Նրա ողորմությունը» (հմմտ. Սաղմ. 105:1): «Ուրա՛խ լինենք միշտ, անդադար աղոթե՛նք, ամեն ինչում գոհությո՛ւն մատուցենք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը մեզ համար ի Քրիստոս Հիսուս» (հմմտ. Ա Թեսաղ. 5:16-18). ամեն:

 

Անժելա Խաչատրյան

22.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․