Գրքեր

Հակոբոս 1:17

17. Զի ամենայն տուրք բարիք՝ եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալք առ ի Հօրէն լուսոյ յորում չիք փոփոխումն եւ կամ շրջելոյ ստուեր:

      Քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր:

Արդ, մեր հույսը դնելով Սուրբ Հոգու վրա, սկսենք այս խոսքից. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից:

Ոմանց թվում է, թե շնորհն ու պարգևը նույնն են և նրանց մեջ ոչ մի տարբերություն չկա, այլ տարբեր բառերով նույն իմաստն են արտահայտում, սակայն այսպես ասողները չկարողացան ամբողջովին արտահայտել ճիշտ միտքը, որ խոսքի տեսակներ են, թեև դրանց նպատակը նույնն է, սակայն տարբեր բաներ են նշանակում, չնայած որ մասնավոր առումով նույն միտքն են արտահայտում, և պետք է առանց սխալվելու ցույց տանք դրանց տարբերությունը և հայտնենք, որ այլ է շնորհը և այլ՝ պարգևը: Արդ, շնորհը բազում դրսևորումներ ունի, իսկ պարգևը՝ մեկ, ինչպես որ մեկը մյուսին պարտք է լինում և հատուցում, ասում ենք, թե պարտքը տվեց, կամ եթե մեկը մի բան է վարձում և վարձ է տալիս, դա ևս տուրք (շնորհ) ենք կոչում: Եվ նորից, եթե մեկը բարյացկամ մարդ լինի և մեկին կամ ընտանիքի անդամներին սիրելու համար տուրք տա իր վաստակից կամ բարիքից և նմանատիպ այլ բաները նույն միտքն են արտահայտում, որ եթե մեկը բարեգթություն անի, կրկնապատիկ կստանա:

Իսկ պարգևը հատկապես թշնամիների և ատելիների հանդեպ բարեգործություն անելն է և այս ամենն Աստծո մոտ ենք տեսնում: Ուստի, շատ բաներում մենք պարտական ենք նրան, քանզի տվեց մեզ և հատուցեց մեր պարտքերը, և եթե մի բան էլ ըստ իր պատվիրանների վաստակում ենք, ապա նա արդարությամբ չափում է դրանք և ավելիով է մեր վարձքը տալիս: Եվ քանի որ բարի է բնությամբ, ապա ո՞վ կարող է նրա շնորհների առատությունը խոսքով բովանդակել և ասել, քանզի մի մասը երկնքից, մի մասը՝ երկրից և մի մասն էլ ծովի միջոցով տվեց մեզ ինչպես սիրելիների և բարեկամների:

Իսկ պարգևները, որ նրանից են, սրանցից վեր են, քանզի անճառ բարիքներ պարգևեց մեզ, ո՛չ թե որպես բարեկամների կամ վաստակավորների, այլ՝ որպես թշնամիների և անշնորհակալների:

Եվ արդ, սրանք իսկապես միմյանցից տարբերելով, առանց ընդդիմանալու, հերթականությամբ տեսնենք հետևյալում. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից:

Ենթադրում եմ, թե բարի շնորհներ ասելով նկատի ունի այն փորձությունները, որ Աստծո համար են, իսկ կատարյալ պարգևները մահն է հանուն նրա, և սա հատկապես Աստծո մտերիմ ծառաների համար է, որոնք այնպիսի փորձությունների մեջ են գտնվում, որ Աստծո համար է: Որոնցից են Հոբը, Աբրահամը, Մովսեսը, բոլոր մարգարեները, առաքյալների դասը, քանզի սրանք պատահական փորձությունների չէին ենթարկվում կամ մեռնում, այլ՝ Աստծուց էին ընդունում պարգևները, որով ինքն էլ էր շատ անգամներ փորձում նրանց՝ մարդկանց մեջ ընտիր և երևելի գտնելով: Նման ձևով և Հոբին մատնեց թշնամու ձեռքը՝ անել նրա հետ այն, ինչ կամենում է, և Աբրահամին էլ թույլ տվեց պանդխտությամբ օտարության մեջ շրջել, ապա Մովսեսին՝ անարգվել և փախչել Մադիամ, այնուհետև թույլատրեց մարգարեներին սպանվել և առաքյալներին անարգվել ամբողջ աշխարհի առաջ և այս ամենն Աստծո անվան համար:

Տերն ինքն էլ Աստծուց և աստվածային տարբեր փորձությունների ձևեր դրեց իր աշակերտների առջև, ասելով. «Գնացե՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառների գայլերի մեջ» (Ղուկ. 10:3), և նորից՝ «ձեզ պիտի մատնեն բանտի և կապանքի, պիտի սպանեն ձեզ և բոլորի կողմից՝ ատելի պիտի լինեք» և մեծ վարձք է նրանց առջև դնում՝ ավելացնելով. «իմ անվան համար» (հմմտ. Մատթ. 24:9):

Տեսնո՞ւմ ես երկնային շնորհների առավելությունը և թե հատկապես ի՞նչ պատճառով տրվեց մարդկային ազգին՝ իջած լույսի Հորից: Քանզի արդարև Հիսուս Միածինը Հորից է էությամբ, բնությամբ և աստվածությամբ, նույնպես նաև չարչարանքը նրա համար էր և մահը Հորից շնորհվեց մեզ: Այս շնորհի առավելությունը տեսավ նաև Պետրոսը [=Պողոս]՝ առաքյալների գլխավորը՝ ասելով. «ո՛չ միայն հավատաք նրան, այլև նրա համար չարչարվեք» (Փիլ. 1:29): Արդարև շնորհների և պարգևների առատություն և Աստծո անսահման գթության առկայություն, քանզի եթե շնորհներն Աստծուց չլինեին, ապա ինչո՞ւ էին մարդիկ կրում մարմնի ցավեր՝ դիմանալով այդքան անտանելի տանջանքների: Քանզի չկա այլ մեծագույն բարի շնորհ և կատարյալ պարգև քան Աստծո համար մարմնավոր չարչարանքներ կրելը: Արդ, ո՛չ հրեշտակների պատիվը և ո՛չ հրեշտակապետերի և կամ այլ գերագույն զորության պատիվ չի կարող համեմատվել այս պատվի հետ, և ես առաքյալներին երանի չեմ տալիս նրա համար, որ հրաշքներ գործեցին կամ մեռելներին հարություն տվեցին կամ լեռները տեղաշարժեցին, այլ՝ որ չարչարվեցին Աստծո համար բանտերում և կապանքների տակ և ուրախ էին և մեծապես պարծենում էին, ինչպես որ Պողոսը տեսնելով նեղությունների հաճախակիությունը՝ կապանքների ենթարկվելու պատճառով, ցնծում էր և ասում. «Թե՛ միտումնավոր և թե՛ ճշմարտությամբ Քրիստոսն է քարոզվում. և սրա համար ուրախ եմ ես» (Փիլ. 1:18):

Տեսնո՞ւմ ես Քրիստոսին ջերմեռանդ սիրողին, քանզի նրա անունը հայտնի դարձնելու համար ոչ միայն չէր գրում իր նեղությունների մասին, այլև ցնծում էր: Արդ, որտեղի՞ց է այսպիսի մտածողությունը, ասա ինձ, մի՞թե մարդկային մտքի արդյունք են, բնավ երբեք, այլ՝ լույսի Հոր ազդեցությունից են: Նման ձևով ասում է. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից:

Եվ որպեսզի ոչ ոք չերկմտի փորձությունների հաճախականության պատճառով, Հոր անվամբ է վստահեցնում և մխիթարում՝ ասելով, թե Հայր է և ճշմարտության Հայր, այդ պատճառով թույլ չի տա իր որդիներին անօգուտ փորձվել, այլ որպեսզի շատ օգտակար և շահավետ լինի և իր որդիների համար բազում պսակների պատճառ հանդիսանա:

Եվ նորից, ըստ խոսքի ուղիղ իմաստի, բարի շնորհը Հորից ասելով պետք է հասկանանք Որդուն և կատարյալ պարգևը՝ Սուրբ Հոգուն: Եվ սա կարող ենք վստահեցնել սուրբգրային վկայություններով, ուր շատ տեղեր բազում անգամներ ցույց է տրվում, որ Աստծո շնորհը Որդին է, իսկ պարգևը՝ Սուրբ Հոգին, ըստ որի. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց» (Հովհ. 3:16), և սրանով ցույց տվեց իր սերը մեր հանդեպ, քանզի իր անձը մեր համար տվեց, արդ, այսպիսի սեր ոչ ոք չի կարող ունենալ, որ իր անձը տա իր բարեկամի համար «այլ ես ինքս եմ այն տալիս» (Հովհ. 10:18), ասում է, և «Հայրը սիրում է Որդուն» (Հովհ. 5:20), և ամեն ինչ մեզ տվեց նրա միջոցով, և ըստ Եսայու «Տերը նրան մատնեց մեր մեղքերի համար» (Ես. 53:6), և նորից «Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի փրկիչ լինելու» (Ա Հովհ. 4:14): Արդ, ուղարկեց նրան ո՛չ թե սոսկ աստվածությամբ, քանզի մեր մարդկային բնությամբ անհնարին կլիներ տեսնել նրան, և ո՛չ էլ սոսկ մարդկությամբ, քանզի մահկանացուն չի կարող մահկանացուին փրկել մահվանից, և դատապարտյալը դատապարտյալին չի կարող ազատել, և մեղավորը մեղավորին չի կարող արդարացնել:

Այլ եկավ և հագավ մերը և մերինով սրբեց մեզ, արդարացրեց և փառավոր դարձրեց: Քանզի իր ամենաբարի բնությունը միավորեց մեր անբարի բնության հետ, անբարի եմ ասում, ոչ թե որ այդպես է ստեղծվել Աստծո կողմից, քավ լիցի, այլ՝ չար մեղքերի պատճառով, որից բարին անբարի դարձավ և անեծքով դատապարտվեց և մահվան միջոցով՝ նորից հող դարձավ: Արդ, Բանն առնելով մեր դատապարտված բնությունը, որ տվել էր Հայրը, յուրացրեց այն և աստվածացրեց ու անմահացրեց և հանձնեց նրան խաչի չարչարանքների և մահվան, ընդ որում ասաց. «այն բաժակը, որ Հայրն է ինձ տվել, չպիտի՞ խմեմ» (Հովհ. 18:11), և նորից «մի մկրտություն ունեմ մկրտվելու և ինչպե՜ս եմ շտապում, որ կատարվի» (Ղուկ. 12:50):

Եվ քանզի իր անպարտական մահվամբ կենդանացրեց մահվան դատապարտվածներիս և իր աստվածային արյամբ գնեց մեզ մեղքի ծառայությունից, որը և Պողոսն էլ ասաց. «Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար» (Գաղատ. 3:13), և մի այլ տեղ նորից ասում է. «Մեծ գնով գնվեցիք, մարդկանց ծառաներ մի՛ եղեք» (Ա Կորնթ. 7:23), և առաքյալների գլուխ Պետրոսն էլ ասում է. «Ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից, այլ՝ թանկագին արյամբդ Քրիստոսի, որ անբիծ և անարատ է, ինչպես մի գառ» (Ա Պետ. 1:18-19):

Տեսնո՞ւմ ես, թե բարի շնորհն ուր հասցրեց մեզ և ինչպե՞ս մեզ արժանացրեց ազատության, որդեգրության, արքայության և Աստծո հետ միավորման: Քանզի իրեն մարմնակից, հաղորդակից և ժառանգակից դարձրեց մեզ, այդ պատճառով ասաց Հորը. «Հա՜յր, որոնց ինձ տվեցիր աշխարհից. նրանք քոնն էին և ինձ տվեցիր նրանց» (Հովհ. 17:6), և նորից՝ Հորը հանձնելով նրանց, ասաց. «Պահիր նրանց ճշմարտությամբ, որովհետև քո խոսքը ճշմարտություն է» (Հովհ. 17:17), և «մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց… բայց հիմա քեզ մոտ եմ գալիս» (Հովհ. 17:12-13):

Տեսնո՞ւմ ես բարի շնորհի օրինակը. արդարև բարի շնորհ և արժանի իր տվող Աստծուն, արդ ո՞վ կարող է այսպիսի շնորհ տալ՝ վեհագույններից կամ նվաստներից, քանզի եթե տալիս են, իրենց բնությունից դուրս իրեր են տալիս՝ մարդկային կարծիքից, երկյուղից և կամ սիրուց մղված, իսկ Աստված, որ վեր է բոլորից քան սրանք, վայել էր այսպիսի շնորհ տալ, այսինքն՝ իր Որդուն տալ, որ իր բնությունից էր, միածին, սիրելի, փառակից, աթոռակից, և ոչ թե փառք ու պատվի համար, որ անկարոտ է փառքի, այլ՝ անարգանքի և մահվան, մեր ազատության և փրկության համար:

Իսկ կատարյալ պարգևը Սուրբ Հոգին է, ինչպես վերում նախապես ասացինք, և ո՛չ միայն պարգև, այլ նաև ուսուցիչ, մխիթարիչ և կենարար: Եվ այս ամենն իսկապես Տերն ինքն է մեզ ուսուցանում՝ ասելով. «Եվ ես պիտի աղաչեմ Հորը, և նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյանս ձեզ հետ բնակվի. Ճշմարտության Հոգին» (Հովհ. 14:16-17), և նորից. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել: Երբ որ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ. որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն կխոսի» (Հովհ. 16:12-13) և Պողոսն էլ, ցանկանալով մեր առջև բերել անճառելի կյանքի օրինակը, որ ոչ աչքը երբեք տեսավ և ոչ ականջը լսեց և ոչ էլ մարդկանց սիրտն ընկալեց սիրելիներին տված խոստումը, ասում է. «Բայց Աստված մեզ հայտնեց այն իր Հոգով. որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ՝ Աստծո խորունկ ծրագրերը» (Ա Կորնթ. 2:10):

Եվ այս ամենի միջոցով մեծացնում է պարգևի կերպը: Նա, ով սկզբում դատապարտեց բնությունը՝ արժանի չհամարելով այդպիսի պարգևի՝ ասաց, թե թո՛ղ չմնա իմ Հոգին այդ մարդկանց մեջ՝ նրանց մեղավոր լինելու պատճառով: Եվ որպեսզի խաղաղության կապը խզեն՝ առավել մեծագույն ամբարշտություններ մտաբերեցին՝ պատերազմ հաստատելով Աստծո դեմ, որի պատճառով դատապարտվելով՝ բազմաթիվ լեզուների բաժանվեցին՝ լրացնելով առաջին դատապարտությանը, ինչը չկարողացան բժշկել նույնիսկ օրենքը կամ մարգարեները, այլ առավել ևս վիրավորեցին անեծքներով և դատապարտությամբ: Իսկ Հայր Աստվածը, տեսնելով մարդուն այդպիսի անպատվության մեջ, չկարողացավ անտեսել նրան, այլ կորած ոչխարը և դրամը փնտրելու համար ուղարկեց իր ծոցածին Որդուն՝ մարմնով հանդերձ, որն էլ շնորհ կոչվեց, ուղարկեց նաև իր Սուրբ Հոգուն միայն աստվածությամբ, առանց մարմնի, որպեսզի ցրվածներին մի տեղ հավաքի և աշտարակի պատճառով բաժանված լեզուներին միավորի: Իսկ նա իր աստվածությամբ հայտնապես եկավ առաքյալների դասի մոտ՝ սուրբ Վերնատանը, ըստ Դավթի սաղմոսի. «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի, նրա առջև հուր պիտի բորբոքվի» (Սղմ. 49:3), նման ձևով նստեց նրանց վրա հրեղեն լեզուների տեսքով, և տվեց նրանց այն լեզուները, որն ինքն էր կամենում: Եվ արդ, սա պարգև համարեց, արդարև իրական պարգև, ո՛չ աշխատանքի և քրտինքի հատուցում և ո՛չ էլ հաղթանակ սրբության և արդարության, այլ՝ պարգև անարժաններիս:

Արդ, ժամն է, որ արթնանանք քնից և մարգարեի հետ ասենք. «Ո՞վ պիտի պատմի  զորությունը Տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնությունը» (Սղմ. 105:2), թե ինչպիսի՞ պատվով պատվեց մեզ կամ ինչպիսի՞ պարգևներ պարգևեց մեզ՝ դատապարտվածներիս և ընկածներիս: Նորից Պողոսի հետ աղաղակենք. «Օ՜, խորություն Աստծո հարստության, իմաստության և գիտության: Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի՝ նրա ճանապարհները» (Հռոմ. 11:33), և մարգարեի հետ նորից ասենք. «Զարմանալի է քո իմացությունն իմ մասին, այնքան զորեղ, որ չեմ կարող հասու լինել դրան» (Սղմ. 138:6)՝ քո շնորհներին և պարգևներին:

Իսկ կատարյալ պարգև ասելով նկատի ունի այն, որ աստվածատուր բոլոր շնորհները և Քրիստոսի տնօրինության լրումը Սուրբ Հոգու գալուստը եղավ, որով և մաքրեց մեզ մեղքերի աղտեղությունից, և մկրտությամբ լվաց և ձյունից էլ սպիտակ դարձրեց, և արժանացրեց որդեգրության, որպեսզի համարձակությամբ ասենք. աբբա Հայր: Արդ, Հոգին է վկայում մեզ, թե Աստծո որդիներ ենք, և եթե որդի ենք, ապա նաև ժառանգ՝ ժառանգ Աստծո և ժառանգակից Քրիստոսի: Տեսնո՞ւմ ես պարգևի առավելությունը, թե ուր տարավ կանգնեցրեց մեզ և այս ամենը նրա միջոցով եղավ:

Իսկ որ նա հոգնակիով է ասում, թե ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև, իսկ մենք եզակիով վերագրում ենք դա Որդուն և Սուրբ Հոգուն, մի՛ զարմացիր, քանզի այն բազմաթիվ շնորհներն ու պարգևները, որ Որդու և Սուրբ Հոգու միջոցով մեզ տրվեցին, ցանկանալով դրանք ցույց տալ մեզ՝ հոգնակիով է խոսում: Ուստի, Սուրբ Գրքում ընդունված է այդպես երբեմն հոգնակին եզակի դնել և երբեմն էլ եզակին՝ հոգնակի: Ինչպես, երբ մարգարեն ասում է. «Բոլոր հեթանոսներ, ծա՛փ զարկեք, ցնծության աղաղակով դիմեցե՛ք Աստծուն» (Սղմ. 46:2), ահա եզակին հոգնակի է դնում, և նորից ցանկանալով հոգնակին եզակի դնել՝ ասում է. «Իմ ամբողջ սրտով գոհություն կմատուցեմ քեզ, Տե՛ր, կպատմեմ բոլոր հրաշագործություններդ» (Սղմ. 9:2), և նմանատիպ բազում բաներ, որ ցանկանան գտնել սուրբգրային ավանդությունից, ապա իրապես կգտնեն:

Նաև սրանով ցանկացավ մեզ ցույց տալ, թե տարաբնույթ և բազմաթիվ են շնորհներն ու պարգևները, որոնք մեկ-մեկ են դրսևորվում մեր մեջ, և այնքան բազմաթիվ են, որ եթե մեկը ցանկանա թվարկել դրանք, չի կարողանա, եթե նույնիսկ շատ իմաստուն լինի և զորավոր ու պայծառ մտքով, և եթե ամբողջ զորությամբ զանկանա, չի կարող գտնել աստվածային պարգևների սկիզբը, ուր մնաց նաև լրումը: Եվ եթե ցանկանա խոսքով նկարագրել դրանց մեծությունը և որևէ առարկայի հետ համեմատել, ապա անհամեմատելի կգտնի այն թե՛ մեծությամբ և թե՛ բազմազանությամբ: Այդ պատճառով էլ ասաց. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից:

Իջնելը վերաբերում է անձնավորությանը, այլ ոչ թե անհոգի որևէ բանի, քանզի եթե ասված լիներ պատվիրանների կամ առաքինությունների մասին, ապա բավական կլիներ ասել, թե վերևից են ուղարկված, բայց որպեսզի հայտնի դարձնի, թե անձնիշխան կամքի և ներգործության մասին է խոսքը, այդ պատճառով էլ ասաց. վերևից է՝ իջած լույսի Հորից:

Եվ Հորից ասելով ցանկանում է հավաստիացնել մեզ Որդուն և Սուրբ Հոգուն, ինչպես որ մեկը Հորից է ծնված, ինչպես Որդին, մյուսն էլ նույն բնությունից բխած, ոչ ինչպես Որդի, այլ՝ որպես Սուրբ Հոգի և երկուսն էլ նույն Հորն են, միայն անձնավորությամբ նրանից բաժանված, այլ ոչ թե բնությամբ, ինչպես որ արևի ջերմությունը և ճառագայթը չեն բաժանվում նրանից, թեև տարբեր բաներ են: Իսկ օրինակը պետք է մի կողմ թողնել, որովհետև թեև շատ նման է ճշմարտությանը, բայց մյուս կողմից՝ ճշմարտությանը խոչընդոտող է, քանզի արևի ջերմությունն ու ճառագայթը արեգակնային ինչ-որ երևույթներ են, այլ ոչ թե հենց արեգակն է, իսկ Որդին և Հոգին Հորից նույն բնությունից են, և ոչ թե արեգակի պես ինչ-որ բաներ, այլ՝ որպես առանձին կատարյալ արեգակներ և այդ պատճառով էլ ասաց.  լույսի Հորից:

Լույս ասելով ցանկանում է նկարագրել Աստծո բնությունը, որ խավարից ոչ մի մաս չունի, այլ ամբողջովին լույս է և ոչ թե այս լույսի նման, այլ մի այլ՝ անխառն լույս է, ինչպես որ վայել է Աստծուն: Եվ արդ, եթե պատճառը լույս է, ապա այստեղից հայտնի է դառնում, որ ովքեր առաջացել են պատճառից, նրանք նույնպես լույս են, ոչ ուրիշ լույս են, ոչ բաժանված և ոչ էլ նախասահմանված, այլ՝ միավորված և միասին նույն վիճակին մնացած, քանզի լույս է Հայրը, լույս է և Որդին, լույս է և Սուրբ Հոգին, ո՛չ թե երեք լույսեր, այլ՝ մեկ, քանզի լույսի Հորից ճանաչեցինք լույս Որդուն և լույս Սուրբ Հոգուն:

Եվ արդ, ինչպես որ ինքն է և իր նմանները, նույնը պարգևեց նաև մեզ, որ լույս լինենք և Աստծո լույսի հետ միավորվենք, սա նաև Տերն ինքն ասաց. «ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն» (Հովհ. 17:21):

Որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր:

Երբ խոսեց Աստծո անճառ և անսահման պարգևների մասին, որ պարգևեց իր արարածներին, և թե ինչպիսի՞ բարձրության հասցրեց մեզ, այնուհետև սկսում է նկարագրել Աստծո անքննելի բնությունը և ուսուցանում նրա անփոփոխ և անայլայլելի լինելը, որում, ասում է, չկա փոփոխում: Այսինքն՝ նրա էության բնությունը և բարձրությունը, որում որ կար և կա, հավիտյանս այդպես է և այդպես անփոփոխ էլ կմնա: Ոչ թե սկզբնական վիճակում ավելի պակաս էր և շատ ժամանակի ընթացքում աճեց նրա իշխանությունը՝ հասնելով իր կատարելությանը և ոչ էլ շատ ժամանակի ընթացքում կփոփոխվի և դեպի նվազման կգնա, ինչպես որ մեր բնությունն է անընդհատ փոփոխության ու շարժման մեջ՝ մանկությունից ծերություն, տկարությունից՝ զորություն և նորից փոփոխվելով՝ առաջին վիճակին է դառնում: Քանզի այդ վիճակը հետին և ստեղծված բնությանն է հատուկ, այլ ոչ թե Հոր անեղ և հավիտենական բնությանը, քանզի ինչպես Հայրն է, այդպես էլ Որդին և Հոգին են՝ նույն անփոփոխ բնությունից, ուստի Հայրը ծնեց Որդուն և ծնվելով՝ բնությունը չփոխվեց և ոչ էլ աստվածությունից հեռացավ, նույնպես նաև Սուրբ Հոգին, որ Հորից է բխում՝ առանձին անձնավորությամբ, բայց նույն բնությամբ և աստվածությամբ: Եվ այն ամենը, ինչ Հորն է, Որդունն է, բացի հայրությունից, և այն ամենը, ինչ Որդունն է, Հոգունն է, բացի որդիությունից, և այն ամենը, ինչ Հոգունն է, Հորն է և Որդունը բացի Հոգու անձնավորությունից, և այն, ինչ Որդունն է և Հոգունը, Հորն է, սակայն Հայրը նրանցից որևէ մեկից չէ, ինչպես Որդին և Հոգին, այլ ինքն է պատճառ Որդու և Հոգու. մեկին՝ ծննդյամբ, մյուսին՝ բխմամբ: Եվ սրանք չենք բաժանվել բնությունից, այլ միայն անձնավորությամբ են առանձնացված նույն բնությունից:

Եվ սա նկատի ունենալով՝ ասաց.

Որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր:

Վերում խոսեց շնորհի և պարգևի մասին, թե լույսի Հորից են, ապա զգուշացավ այդ խոսքից, որպեսզի տգետներից կամ հակառակորդներից ոչ ոք չընկալի իբրև մարմնավոր կամ փոփոխական նյութ, որ եթե շնորհ է, ապա կարող է նվազել և փոփոխվել, ինչպես մերը, քանզի երբեմն բարյացկամ ենք գտնվում և տալիս ենք, երբեմն էլ փոշմանելով զղջում ենք տալու համար կամ նվազելու վախից և կամ էլ մեր փոփոխական բնության պատճառով: Նույն երևույթն է նաև պարգևի դեպքում, քանզի երբեմն Հոր պես արեգակի նման ծագեցնում ենք բոլորի վրա մեր պարգևները՝ չզատելով բարեկամին թշնամուց, և երբեմն էլ գիշերի նման ստվերանում ենք այդ լույսից: Եվ որպեսզի որևէ մեկը չկարծի, թե այդ բնությունն էլ է այդպես, ասում է. որի մեջ չկա փոփոխում: Այսինքն՝ որպես տվող բնություն անփոփոխ է, ինչպես նաև շնորհները, որ իրենից են, անփոփոխ են: Եվ սա ասում է, որպեսզի ստացողներից ոչ ոք չերկմտի և չհուսահատվի այդ հոգևոր շնորհներից, այլ որպեսզի վստահ լինի և հույսով ծառայի:

Այդ պատճառով էլ ասաց. որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր: Քանզի լույս են նրա պարգևները և ճշմարիտ ու անստվեր լույս, և նման չեն այս զգալի լույսին, որը ճշմարիտ չէ և գիշերվա հետ կիսվում է և ամպով ծածկվում, իսկ այն լույսն անճառելի է և առավել պայծառ, քանզի բնությամբ է այդպես, այլ ոչ թե ստեղծված, ուստի այն ամենն, ինչ բնությամբ է այդպես, անհատնում է և ճշմարիտ, և այն ամենն, ինչ ստեղծված է, ոչ մնայուն է և ոչ էլ ճշմարիտ, թեկուզ լույս լինի, կամ որևէ այլ մեծություն կամ նվաստագույն բան, միևնույնն է, ստվերային է, փոփոխական և ապականացու:

Այդպիսին չեն աստվածայիններն, այլ, ինչպես օրինակ, նրա բնությունն անստվեր լույս է, նման ձևով նաև նրա շնորհները բարի են և պարգևները՝ կատարյալ:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

20.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․