Գրքեր

Հակոբոս 1.2-4

2. Ամենայն ուրախութեան արժանի՛ համարիջիք, ե՛ղբարք, յորժամ ի պէս պէ՛ս փորձութեանց ի մէջ անկանիջիք:

3. Գիտասջի՛ք, զի հանդէս ձերոյ հաւատոցն յօրինեալ գործէ զհամբերութիւն:

4. Իսկ համբերութիւնն գո՛րծ կատարեալ ունիցի, զի իցէք ողջանդամք և կատարեալք, և ո՛չ ինչ իւիք նուազեալք:

Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. իմացե՛ք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ, որպեսզի անթերի և կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք:

Յուրաքանչյուր ոք, որ աղքատության մեջ լինի և թաքցրած գանձի տեղ ցույց տվող մի գրություն գտնի, ապա քիչ աշխատանք չի տանի հարստանալու հույսով՝ աչքի առջև ունենալով իր աղքատությունն այդ գանձով լցնելու հույսը: Եվ եթե այդ աշխատանքը նա ի զորու չլինի միայնակ կատարել, հողը պեղել և ստանալ իր ցանկալի մեծությունը, ապա իր սիրելիներին կխնդրի օգնել իրեն և մաս ունենալ իր աշխատանքից:

Եվ նա փոքր-ինչ անգամ դադար չի առնի իր այդ գործից մինչև իր ամբողջ մեծությամբ չստանա այդ գանձը: Նույնպես և ես, տեսնելով այս գիրը, որ ցույց է տալիս անապականացու գանձի տեղը. անմահ, անարատ, անհամեմատելի հարստությունը և անկշռելի մեծությունդ, իսկ ես՝ հյուծված լինելով ամենավերջին աղքատության պատճառով և կարոտ անկողոպտելի հարստության, սակայն միաժամանակ անզոր լինելով ստանալ այն քրտնաջան աշխատանքի միջոցով, ինչպես նաև իմ անարժանության պատճառով, ուստի կարոտ եմ ձեր աղոթքների օգնությանը՝ տալ ինձ ձեռքեր և օժանդակել աղոթքի թևերով և թռցնել ինձ Աստծո մոտ: Քանզի նրա կողմից պարգևատրվելով և նրանով կարողանալով իջնել աստվածային իմաստության խորքերը՝ ուսումնասիրելու մաքուր խոսքերը և իմաստուն առակները և նրանց ճառերը, որ պատվական են ամեն տեսակ ոսկուց և փայլփլուն՝ ամեն տեսակ պայծառ և բաղձալի քարերից:

Եվ արդ, որո՞նք են դրանք, որ ասում է. եղբայրներ, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք:

Երբ զորացրեց նրանց աստվածային ողջույնով և ամրապնդեց նրանց իբրև ադամանդե վեմ և հեռացրեց նրանցից սատանայական խռովությունը և նրանց սրտներում արմատավորեց աստվածային խաղաղությունը: Այնուհետև սկսեց բոցավառել նրանց արդարության զենքերով որպես բարեպաշտության քաջ առաջամարտիկ զինվորներ: Քանզի տեսավ, որ աստվածպաշտության համար պատերազմն ուժգին է և բազմատեսակ, այն, որ Տերն էլ զգուշացրեց՝ ասելով. «ձեզ նեղության պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ» (Մատթ. 24:9) և այլն:

Եվ քանի որ ամեն տեսակ տանջանքները, չարչարանքի առարկաներն ու վշտերը տրտմություն են պատճառում, հետևաբար, հարկավորը կամավորի վերածելու համար այն երանելի համարեց. ասելով. եղբայրներ, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք:

Ուստի, գալիքի համար էր ասում, թե տեսակ-տեսակ փորձություններ կլինեն, այդ պատճառով էլ նրանց մտքներում նախապես դրեց, թե փորձություններն ուրախության պատճառ են և ոչ թե մեկ, այլ՝ կրկնապատիկ ուրախության: Արդարև, առավել ուրախության պատճառ են զանազան փորձությունները, որոնք աստվածպաշտների վրա են հասնում, որովհետև Քրիստոսի հետ են փորձության ենթարկվում և Քրիստոսի հետ տանջվում (նույնպես նաև Քրիստոսի հետ մեռնում) և Քրիստոսի հետ փառավորվում: Այդ փորձությունների օգտակարության մասին գիտեր նաև երանելի Պողոսը, այդ պատճառով էլ ասում էր. «դրա համար գոհունակությամբ համակերպվում եմ նեղություններին, չարչարանքներին, վշտերին, հարվածներին, բանտին» (Բ Կորնթ. 12:10, հմմտ. 6:5) և այն ամենին, ինչ նման են սրանց:

Ուստի այն, ինչ ուրիշներին տրտմություն է թվում, սրբերին և աստվածասերներին ուրախություն է պատճառում, հետևաբար ասում է. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք»:

Տեսնո՞ւմ ես, իր սրտի գաղտնիքներն ու Հոգու փափագն է իր խոսքերով արտահայտում, քանզի այն, ինչ ինքն ընդունում էր, նույն միտքն էլ նրանց էր հորդորում ունենալ: Եվ ինչո՞ւ չասաց, թե ամենայն ուրախությամբ ուրախացե՛ք, այլ՝ ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք, որովհետև այլ է ուրախությունը ցանկալի բաների համար և այլ, երբ տրտմությունն արժանի է համարվում ուրախության: Արդ, առաջինը բոլորի մեջ էլ կա, իսկ երկրորդը հատուկ է կատարյալներին և Աստծո հետ միավորվածներին:

Ուստի հորդորում է նրանց անել այն, ինչ վեր է մարդկային մտքից և ապա մեծագուն պատվով հարգանքի է արժանացնում և գովերգում՝ եղբայրներ ասելով, որովհետև պակաս պատիվ չէ Հիսուսի մարմնավոր եղբոր եղբայրը կոչվել, քանզի եթե թագավորի եղբայր կոչվելը մարդկանց համար մեծ պատիվ է, ապա Հակոբոսին եղբայրակից լինելը հավասարազոր է Քրիստոսին եղբայր լինելուն, և սա շատ ավելի մեծ պատիվ է, որովհետև ավազանի միջոցով եղբայրությամբ արժանանում ենք Աստծո որդեգրության շնորհին, հետևապես ասում է. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք»:

Տեսակ-տեսակ ասելով նկատի ունի տարբեր և տարաբնույթ, քանզի աստվածապաշտների փորձությունները միատեսակ չեն, այլ՝ տարաբնույթ. կա, որ սատանայից է և կա, որ մարդկանցից է, լինում է հոգեկան (անմարմին) և լինում է մարմնական և անհասկանալի, որի համար էլ բոլորին հավասարապես զգուշացնում է: Եվ քանի որ չի ասում, թե երբ փորձվեք, այլ՝ երբ փորձության մեջ ընկնեք, այսինքն՝ երբ անհաղթահարելի պատերազմներ ձեր շուրջը պատեն, երբ դատավորների և թագավորների ձեռքն ընկնեք, երբ բանտարկվեք և կապանքների ենթարկվեք, սրի և քերող գործիքների, սովի և ծարավի, աղքատության և մերկության և սրանց նման այլ դաժան փորձությունների ենթարկվեք, որոնց մեջ հաստատուն մնալը նշանակում է ոչ թե ազատվել, այլ՝ ամրապնդվել և արյան չափ պատերազմել և նույնիսկ մեռնել դրանում: Իմացե՛ք, ասում է, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում:

Երբ նրանց ցույց տվեց փորձության բնույթը, այնուհետև հորդորում է նրանց գիտենալ այն: Իմացե՛ք, ասում է, այսինքն՝ խորին իմաստությամբ մտապահեք, թե ինչո՞ւ եք փորձվում: Եվ ոսկու պես կրակով կզտվեք և ընտիր կդառնաք և ձեր հավատքի քաջությամբ բոլորին հայտնի ու ծանոթ կլինեք:

Արդ, տեսեք, թե ինչ է հավատքի քաջությունը. փորձությունները, չարչարանքները, վշտերը, որ մարդու վրա են հասնում, ինչպես նաև այն բարության և վարձահատույց լինելու հույսը, որ գալիքում է սպասվում:

Տե՛ս, ասում է, որ չմոլորվես ճշմարտությունից, քանզի բազում փորձությունների ժամանակ պետք չէ վախենալ չարագույժ մահվանից, այլ՝ համբերությամբ այստեղ մեռնել և փոխարենը հավատքով հուսալ այնտեղից վարձահատույց լինելուն:

Արդ, սա է ձեր հավատքի հաստատուն գաղափարը և ձևը. երբեք այս չարչարանքների պատճառով կասկածով չլցվել գալիք հույսի հանդեպ և ո՛չ էլ հավատքի բարձրությունից ցած ընկնել, այլ, ասում է, նրանում հարատևել և հաստատուն վեմի վրա ոտք դնել, այս իմաստով է ասում. ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում:

Հորինվածքները երևում են տարբեր առարկաների վրա. օրինակ, եթե մեկը ցանկանում է փայտի վրա արքունական պատկեր նկարել, ապա սկզբում հղկում է և նոր դրա վրա նկարում: Եվ նորից, եթե ոսկով նկարված թագավորական պատկերը ժանգի պատճառով կեղտոտվում է, ապա արհեստավորն այն նորոգում է և նախկին տեսքին բերում, այդպես էլ փորձությունների համար է ասում, թե ձեր հավատքով պետք է մաքրվեն բոլոր մեծագույն դժվարությունները, որ չար կրքերի պատճառով ներս են մտնում աղտեղության ժանգով կամ թերահավատությամբ՝ ապականելու թագավորական պատկերը, ապա այն իր նախկին տեսքին կարելի է բերել համբերության միջոցով:

Ուստի չկա առավել մեծ կամ կարևոր առաքինություն, քան համբերությունն է, քանզի գլխավորն է և լրումը բոլոր առաքինությունների, թե՛ ժուժկալության, թե՛ աստվածպաշտության, և բոլորից ամենապատվավորը համբերությունն է, ուստի բազմաթիվ հորինվածքների կարիք է զգում: Եվ որպեսզի ոչ ոք այն դյուրին և հեշտ ձեռքբերովի բան չհամարի, շարունակում է. իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ, այսինքն՝ կարիք է զգում բազում աշխատանքների և քրտինք թափելու, մինչև որ իր լրումին հասնի: Ուստի այս խոսքերով ցույց է տալիս մեր Տիրոջ ասածը. «Ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ. 10:22), և նորից. «Ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21:19):

Հետևաբար, շատ են մարդկանցից նրանք, ովքեր առաքինությունների սկզբում հաստատակամ են իրենց ցույց տալիս, բայց ավարտին չեն հասնում, այլ՝ թողնելով այն՝ ընկնում են, կամ հեշտություններով հափշտակվում, կամ ծուլությամբ, վախով, բարկությամբ կամ այն ամենով, ինչ հակառակորդի կողմից է և վարձատրության չեն արժանանում: Այդ պատճառով էլ Տերը փրկվելը կապակցեց մինչև վերջ համբերության հետ, այլ ոչ թե բարիքների սկիզբը համարեց:

Արդ, սա նաև հետևյալն է նշանակում, որ մինչև գործի ավարտը համբերություն է պետք և կամ ցանկանում է ցույց տալ, որ թեև առաքինության բոլոր գործերն ու բարեպաշտությունը մեծարժեք են և պատվական, սակայն հատկապես սա է մեզ Աստծուն մերձավոր դարձնում:

Եվ ինչպես որ կենդանության համար կարևորագույն մասը գլուխն է, այդպես էլ առաքինություններից մեծարժեքն ու պատվականը համբերությունն է՝ հավատքի, հույսի և սիրո մեջ:

Եվ ինչպես որ եթե կենդանու գլուխը կտրվում է, ապա այն անպիտան է դառնում և կործանվում, այդպես էլ համբերությունն է, որ ըստ Աստծո [կամքի] տնօրինում է մեր կյանքը և եթե չես ընդունում արդարության փորձությունները, ապա աստվածպաշտության բոլոր մասերը ամբողջովին կործանվում են և տապալվում: Հետևաբար ասում է. իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ:

Ինչո՞ւ չի ասում, թե համբերության գործը կատարյալ է, այլ՝ թող այն լիությամբ դրսևորվի: Սրանով ցանկանում է ցույց տալ, որ համբերությունն ինքնին կատարյալ գործ չի լինի, եթե առաքինության բոլոր մասերն իր մեջ ընդգրկելով ամբողջական չդառնա և անարատությամբ վախճանին չհասնի: Ինչպես որ մարդու հոգին կատարյալ չի լինի, եթե մարմնի բոլոր ազդեցություններն իրեն չհնազանդեցնի՝ ողջանդամ և անսպի լրումին հասցնելով, այդպես է նաև համբերության բարիքը: Դրա համար էլ ասաց. թող դրսևորվի լիությամբ:

Տեսնո՞ւմ ես այս առաքինության բարձրությունը: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Քրիստոսի աշակերտն ամբողջովին զարդարվել դրանով:

Արդ, չդադարեցնենք սա, և թո՛ղ մեր կարճամտության պատճառով չտուժի մեր կատարելությունը, որպեսզի անմիտ և հետամնաց չերևանք Քրիստոսի սիրելիների մեջ:

Ուստի, եթե այդ ունեցողը Քրիստոսին ունի, ապա պարզ է, որ եթե մեկը դատարկ է գտնվում սրանից, ապա լի է հակառակ բաներով և օտար՝ խոստացված շնորհներից:

Որպեսզի, ասում է, անթերի և կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք:

Երբ ասաց, թե համբերությունը թող դրսևորվի լիությամբ, ապա սկսում է մեկը մյուսի հետևից թվարկել համբերությունից առաջացող բարիքները, որպեսզի, ասում է, անթերի և կատարյալ լինեք:

Կատարյալն ամեն տեսակ բարիքների լրումն է, ուստի այն, ինչ թերի է, չի կարող կատարյալ լինել: Ինչպես, օրինակ, եթե մեկը մարմնի արատ ունենա, ապա չի կարող կատարյալ առողջ լինել, նույնպես և նա, ով բոլոր առաքինություններն անթերի ունենա, սակայն համբերություն չունենա, ապա առաքինությունների մեջ չի կարող կատարյալ լինել, իսկ որ այն ունենա, ապա ոչ մի կողմից թերի չի գտնվի: Այդ պատճառով էլ ասաց. որպեսզի անթերի և կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք:

Նորից, կատարյալն, ասում է, աստվածային է, քանզի այն, որ Աստծո մոտ է տեսնում, ըստ բնության անթերի է, լի և կատարյալ, ոչ թե ստացել է այն, այլ էությամբ և դրությամբ է այդպիսի: Նույնը նաև մարդու մեջ կարելի է տեսնել՝ ըստ բնության և բնությունից դուրս, քանզի պատվիրանազանցության պատճառով ընկնելով՝ թվով նվազեց և թերի գտնվեց կատարելությունից, և Աստծո պատկերն աղավաղելով՝ անբան անասունների կերպարանքն առավ:

Եկավ մեր Տերը կատարյալ մարդեղությամբ՝ երբեք [աստվածայինից] չպակասելով, թեև ենթարկվեց մեր բնության բոլոր կրքերին՝ բացի մեղքից, նույն կատարելությունը մեզ շնորհելով, ոչ թե ուրիշ բան, այլ այն, ինչ արարչագործության ժամանակ Աստծո կողմից ստացանք և անմտության պատճառով կորցրեցինք: Դրա համար էլ ասաց. «Կատարյալ եղեք դուք, ինչպես և ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Եվ սա զուր խոսք չէ, քանզի Բանն, որ ի սկզբանե ասաց, թե թո՛ղ լինեն երկինքն ու լուսատուները և երկիրը և այն ամենն, ինչ նրանում կա, և եղան իրենց զարդերով հանդերձ և ոչ մի պակաս բան չեղավ, այդպես էլ այստեղ ասաց. «կատարյալ եղեք»: Եվ եթե դա անհնար լիներ, ապա ամենաբարի Հիսուսը չէր սահմանի դա, որ գիտե, թե ինչպես ենք մենք ստեղծված և մտապահում է մեր բոլոր գործերը և ամեն ինչ մեր բարուն է ծառայեցնում և տալիս: Եվ այս տեսանկյունից է սա գրում, որպեսզի, ասում է, անթերի և կատարյալ լինեք, ըստ Աստծո կատարելության, և ոչ մի բանով պակաս չլինեք, հակառակորդի [դեմ պատերազմում]:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

11.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․