Գրքեր

Հասարակության մահաբեր խոցը

Շատ հաճախ մարդիկ, իրենց վիճակից դժգոհ, ընկնում են վնասաբեր ու մահացու մի հիվանդության մեջ, որը կոչվում է նախանձ: Դժգոհության և նախանձի մեղքերի համար պարարտ հող է ստեղծվում, երբ մարդ սկսում է իրեն համեմատել մեկ ուրիշի հետ՝ կարծելով, թե իր խնդիրն ամենածանրն է, որ եթե դիմացինի փոխարեն ինքը լիներ, երջանիկ կլիներ: Սակայն այս կերպ մտածողը կողմնապահություն է ցուցաբերում, քանի որ տեսնում է տվյալ մարդու կյանքի մի կողմը միայն և չի նկատում նրա ներքին կյանքը, որը գուցե լի է տարբեր խնդիրներով և անհանգստություններով: Այլ մարդկանց հետ իրեն համեմատելու փոխարեն, եթե մարդ ուշադիր քննի իրեն, ապա կտեսնի այնպիսի առավելություններ ու ընդունակություններ, որ Տերը հենց իրեն է շնորհել: Իր վիճակից դժգոհ անձը ոչ միայն նախանձի, այլ նաև երկու այլ մոլությունների՝ Աստծու հանդեպ ապերախտության և հպարտության գերին է դառնում:

Ծանոթանալով աստվածահաճո կյանքով ապրող սրբերի վարքին՝ տեսնում ենք, որ նրանք իրենց սխրանքներով այնպես էին կրքերը հաղթահարում, որ, երկրի վրա ապրելով, հոգով երկնքում էին: Նրանց ողջ կյանքը սիրո, բարության, խաղաղության, խոնարհության և այլ առաքինությունների արտացոլումն է եղել: Նրանք՝ որպես Սուրբ Հոգու տաճարներ, հենարան ու մխիթարություն են համարվել նրանց համար, ովքեր ձգտել են դեպի Երկնքի Արքայություն: Սրբությունը, հոգու և մտքի մաքրությունը նրանք ձեռք են բերել մեղքերի դեմ անդուլ պայքարով: Նրանց կյանքից ուսանում ենք, որ առաքինություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է իմանալ առաքինության հակադիր մոլությունը և դրա դեմ պայքարելու միջոցները: Քրիստոնյան նման է զինվորի, որ արթուն հսկում է իր սիրտը՝ թույլ չտալով, որ նրան տիրեն մեղսալից ցանկություններ, մտքեր և կրքեր, որ ավելի վտանգավոր են, քան արտաքին թշնամիները:

Տանջալից և վտանգավոր մոլություններից է նախանձը: Այս մեղքը Արուսյակ հրեշտակապետի անկման, նախածնողների դրախտից արտաքսման, նրանց մահվան դատապարտության և աշխարհում առաջին սպանության պատճառ է հանդիսացել: Անկյալ հրեշտակապետը, համոզվելով, որ անզոր է Աստծու դեմ պայքարում, իր չարիքն ուղղեց դեպի մարդը: Չարը, տեսնելով առաջին մարդկանց՝ Աստծու ներկայության մեջ երջանիկ, նախանձով լցված, գայթակղեց նրանց՝ դրդելով աստվածային պատվիրանի հանդեպ անհնազանդության: Նա ուրախություն ապրեց՝ տեսնելով առաջին մարդկանց դրախտից վտարված և մահվան դատապարտված: Վտանգավոր և կործանիչ մեղքի՝ նախանձի մասին Սողոմոն Իմաստունն ասել է. «Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել է նրան ըստ Իր բարերության պատկերի: Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. Սող. 2:23-24):

Բազմաթիվ չարիքներ են ծնվում նախանձից: Յոթ մահացու մեղքերից է այն, որ ամենամահաբերն է ու վտանգավորը: Նախանձոտ մարդը միայն մեկ բան է ցանկանում տեսնել, որպեսզի նա, ում ինքը նախանձում է, կորցնի իր հարստությունը, փառքն ու երջանկությունը և դժբախտանա: Սակայն դիմացինի դժբախտությունը ցանկացող նախանձոտ անձը նախ իրեն է վնասում: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ նախանձի մեջ ընկածը նախ իր անձին և հոգուն է վնասում, ապա՝ բարեկամներին, ընկերներին: Այդ պատճառով է հայրաբանական գրականությունը նշում, որ նախանձի կիրքն ամենաանարդարն է կրքերի մեջ և միևնույն ժամանակ ամենաարդարացին: Անարդար, քանի որ հետևում է այն ամենին, ինչ բարի է ու լավը, արդարացի, քանի որ տանջում է նրան, ով կրում է այն: Այդ պատճառով չպետք է նախանձողին որևէ պատիժ ցանկանալ, բավական է նրան այն պատիժը, որ կրում է իր մեջ: Ս. Բարսեղ Մեծն ասել է. «Ինչպես ժանգը՝ երկաթին, նույնպես և նախանձն իրենով բռնվածների հոգին է կորստյան մատնում: Եվ ինչպես որ ասում են, թե քարբ օձն է իր ծնողի որովայնն ուտելով՝ ծնվում, նույնպես և նախանձը սպանում է նրան, ով երկնում է իրեն: Այդպիսի մեկի համար տրտմություն է, երբ իր ընկերոջը մի բարի բան է պատահում, և այդ պատճառով էլ թախիծն ու տրտմությունը երբեք չարակն մարդուց չեն հեռանում: Որևէ բարի մարդ քաջ առողջությո՞ւն ունի. դա վիրավորում է նախանձողին: Ընկերը շնորհալի գեղեցկությա՞մբ է փայլում. դա վերք է նախանձի սրտին: Այս բոլորը նախանձի սրտում վերք ու խոցեր են առաջացնում՝ տակնուվրա անելով սիրտը»:

Մահացու այս մեղքը շատ հաճախ է մարդկանց խռովության մեջ գցում: Այս մասին առակագիրն ասել է. «Չարաչք մարդու հետ հաց մի՛ կեր և մի՛ ցանկացիր նրա կերակուրը» (Առակ. 23:6): Սուրբ Գիրքը լի է նախանձի վնասաբեր ու մահաբեր հետևանքները ներկայացնող պատմություններով: Կայենը, իր եղբորը նախանձելով, սպանեց նրան (Ծննդ. 4:5-8): Արդար Հովսեփը ստրկության վաճառվեց իրեն նախանձող եղբայրների կողմից (Ծննդ. 37): Հսկա Գողիաթին սպանած Դավթին սկսեց նախանձել ու հալածել Սավուղ արքան (Ա Թագ. 17-31): Վերոնշյալ օրինակների վերաբերյալ եկեղեցու հայրերը նշում են՝ մի՞թե Հովսեփի երջանկությունը հաջողություն չէր նաև իր եղբայրների համար, ինչը ցույց տվեց ժամանակը, կամ փառքը, որին հասել էր Դավիթը, մի՞թե Սավուղ արքայի փառքը չէր նաև, որի թագավորությունը նա պահպանեց՝ հաղթելով թշնամիներին:

Կա մի պատմություն, որ ներկայացնում է այս մոլության մահացու լինելը: Երեք ճամփորդ մի օր թանկարժեք գանձ են գտնում, որ պետք է երեք հավասար մասի բաժանեին: Գտնվածը շատ մեծ էր և յուրաքանչյուրին մեծ բաժին էր հասնելու, բայց չարը նրանց սրտում նախանձ և ագահություն սերմանեց: Հմայվելով իրենց գտածով՝ նրանք նստեցին՝ հանգստանալու և հաց ուտելու, բայց նրանցից յուրաքանչյուրը մտածում էր, թե ինչպես տիրի ողջ գանձին: Նրանցից մեկը քաղաք գնաց՝ հաց գնելու, իսկ երկուսը որոշեցին, թե ինչպես սպանեն նրան՝ գանձը երկու մասի բաժանելու համար: Իսկ նա, ով սնունդ էր բերել, թունավորել էր այն, որպեսզի ընկերների մահվամբ ինքը տիրեր ողջ գանձին: Վերադառնալով՝ նա սպանվեց իր ընկերների կողմից, իսկ մյուս երկուսը, սնունդն ուտելով, մահացան, և գանձը մնաց ճանապարհին:

Տեսնելով, թե ինչ կործանարար է նախանձը, մարդ պետք է իրենից հեռու վանի նախանձ առաջացնող ամեն միտք և բավարարվի իր ունեցածով՝ հիշելով, որ Աստված յուրաքանչյուրին տալիս է այն, ինչ անհրաժեշտ է:  

«Նախ խնդրե՛ք, որ Աստծու Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33),- խոստանում է Տերը: Երկրային կյանքի համար անհրաժեշտը տրվում է մարդուն, եթե նա նախ և առաջ հոգում է իր հոգու փրկության մասին: Թե՛ մարմինը և թե՛ մարդուն շրջապատող ամեն ինչ նախատեսված են ծառայելու հոգու փրկությանը: «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (Մատթ. 16:26),- ասում է Տերը: Անգամ ողջ աշխարհին տիրելը չի կարող հատուցել հոգու կորստին, ուստի մարդն առավել պետք է հոգ տանի իր հոգու մասին: «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3:16):

Բոլոր ժամանակներում և այսօր էլ շատ չարիք է գործել ու գործում նախանձը, այն հասարակության համար մահաբեր խոց է: «Ուր հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան» (Հակոբ. 3:16): Նախանձը չի կարող գործել այնտեղ, որտեղ թագավորում է սերը: Նախանձից հնարավոր է ձերբազատվել սիրո միջոցով, իսկ այդ առաքինությունը մարդու հոգում հնարավոր է արթնացնել այն մտածումով, որ բոլոր մարդիկ մերձավոր են միմյանց բնությամբ, բոլորն Աստծու որդիներ են և մի մեծ ընտանիքի անդամներ, բոլորի երկնային Հայրը մեկն է: Այսինքն՝ մարդիկ իրենց մերձավորին պետք է սիրեն բնության օրենքի համաձայն:

«Մարդ ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի» (Գաղ. 6:8): Սուրբ է Աստված և սուրբ է Նրա խոսքը. «Յուրաքանչյուրն իր վարձը կստանա ըստ իր աշխատանքի» (Ա Կորնթ. 3:8): Կգա հունձքի ժամանակը, երբ մարդու կողմից սերմանվածը կաճի, և մարդը կտեսնի, թե ինչ է սերմանել: Եթե իր սրտի անդաստանում մեղք է սերմանել, ապա ստիպված կլինի դառը պտուղներ ճաշակելու: Հատուցման ժամին Աստծու աչքից ոչինչ չի վրիպելու. բարին սերմանելու դիմաց մարդը Տիրոջ կողմից հատուցվելու է հավիտենական կյանքով, իսկ հակառակը սերմանելու դեպքում՝ հավիտենական մահով:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

03.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․