Գրքեր

Հաշտություն

Թագավորի խորհրդականն ասում է.

- Մենք պետք է հաշտություն կնքենք, քանի որ նոր, ամուր սրեր չունենք, որպեսզի մոտեցող հակառակորդ զորքի դեմ կարողանանք պատերազմ մղել:

Թագավորը ոգևորված պատասխանում է.

- Ինչպե՞ս չունենք, մեր քաղաքում մի հմուտ դարբին ունենք, որ խոփեր, բահեր գերանդիներ է պատրաստում: Իսկ հիմա ցանկանում եմ, որ ամրակուռ սրեր պատրաստի մեր զորքի համար: Տեսնում ես՝ Աստված մեզ հետ է, քանի որ քաղաքում նաև այդպիսի դարբին ունենք:

Եվ անմիջապես հրամայում է այդ դարբնին գտնել և պահաջնել, որ ամբողջ զորքի համար նոր սրեր պատրաստի: Երբ դարբինն այդ հրամանը կատարում է, զինվորներին տալիս են նոր սրերը, որոնք ծռմռված և անորակ են լինում: Այս անգամ թագավորն ասում է խորհրդականին.

- Հիմա ի՞նչ պիտի անենք. որտեղի՞ց սրեր պատրաստող նոր դարբին գտնենք. Այդ մարդը չարդարացրեց իմ սպասումները և սրերի փոխարեն խոփեր ու գերանդի պատրաստեց...

Խորհրդականը պատասխանում է.

- Թեև հմուտ դարբին է, բայց նա զենք պատրաստող դարբին չէ: Դրա համար նորից եմ ասում՝ հաշտություն կնքիր հակառակորդի հետ, որ արքայազնի՝ որդուդ բանակն է, որպեսզի բախում տեղի չունենա: Որդիդ քեզ կհասկանա և հաշտության առաջարկդ կընդունի: Եվ նրանց զորքն էլ արդեն մեր քաղաքի պարիսպներին է մոտեցել և այլևս ժամանակ չունենք նոր սրեր պատրաստելու և նրանց դեմ պատերազմելու:

Թագավորն այլայլվում է և պատասխանում.

- Իմ ցանկությունը նոր սրերն ունենալն է: Եթե իմ հոգում խաղաղություն չկա, ինչպե՞ս կարող եմ խաղաղություն կնքել իմ որդու հետ,- և հեռանում ու փակվում է իր պալատում...

Մարդ իր ներսում պետք է հաշտություն կնքի իրականության և ցանկության միջև, որպեսզի իր հոգում իրականության և ցանկության միջև բախումից խուսափի, հոգու խաղաղությունը չկորցնի ու փորձությունների մեջ չհայտնվի...

 

Հովհաննես Մանուկյան

25.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․