Գրքեր

Հավատը` բարոյական կյանքի հիմք

«Գիտությունը չի կարող ամբողջովին լցնել մարդու հոգին. այնտեղ հավատի համար միշտ էլ տեղ կգտնվի». Վազգեն Ա

Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ-որ բանի ստուգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով` Աստծու և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը... բոլոր մարդիկ կարիք ունեն հավատալու, և անօգուտ է մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը կարող է երջանիկ լինել` լինելով կասկածամիտ»: Հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչ Հովհաննիսյանի խոսքով` «հավատն անորոշության, հետևաբար նաև հոգեկան լարվածության ու տագնապների հաղթահարման կարևորագույն պայման է»:

Հոգեբանական տեսանկյունից կարելի է առանձնացնել հավատքի մի քանի «գործառույթներ»` այն բավարարում է մտքի պահանջմունքները (տալիս է անպատասխան հարցերի պատասխանները), բերում է հույս, հոգու հանգստություն, ուրախություն և այլն: Հավատի շնորհիվ ձեռք բերված վստահությունը, խաղաղությունն ու ներդաշնակությունը հոգեկան կայունության գրավական են դառնում: Կրոնա-բարոյագիտական տեսանկյունից` հավատը խոստանում է փրկություն, հավիտենական կյանք և բարոյական կատարելագործման ճանապարհ է, քանի որ «հստակ տեսողությունը, կատարյալ իմաստությունը, մտերմությունն Աստուծու հետ և բարձրյալին ծանոթ լինելը հավատքի մասն են» (ԲԱՆ Ժ):

«Մարդկային բնությանը հատուկ է ձգտումը դեպի գեղեցիկը, Բարին, կատարյալը, դեպի Նա, ում պատկերն է մարդն ինքը: Մարդկային բանականությունը (անգամ չճանաչելով Աստծուն) փորձում է հասնել այն բարուն, որը գտնվում է Աստծու մոտ և աստվածային ծագում ունի, չէ՞ որ կատարյալ Բարին հենց Ինքն Աստված է»,- նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գագիկ սարկավագ Հովհաննիսյանը: Այսպիսով,Աստծու նկատմամբ հավատքը բացարձակ բարու և կատարյալի ձգտումն է:

Հոգևորականի խոսքով` մարդու համար հոգեկան կայուն վիճակ կարող է ապահովվել այն պարագային, երբ նա գտնվում է Աստծու հետ հարաբերության, շարունակական շփման և մեղքերից լիակատար ազատության մեջ: Մարդը երբեք հավատի բացակայություն չի ունեցել, այն պարզապես լռեցվել է մեղքերի պատճառով: «Սուրբ Հոգին մեր ներսում է, ուզենք մենք այդ, թե ոչ: Խնդիրն այն է, թե այդ հոգին մենք որքանով ենք պահում և կրողը դառնում, թույլ տալիս, որպեսզի առաջնորդի մեզ»:

Տերն Ինքն է բնակվում մեր մեջ, և յուրաքանչյուրս հոգու խորքում կարող ենք բացահայտել Աստծու թաքնված գոյությունը: Միաժամանակ, ինչպես նշում է սբ. Գրիգոր Նյուսացին, Աստվածճանաչողությանը միայն ինքնաճանաչողությամբ կարելի է հասնել, քանի որ այն կատարվում է Աստծու պատկերը կրող հոգու միջոցով: Չէ՞ որ մարդն առանց որևէ ջանք թափելու ձեռք է բերել սիրելու ունակություն, դիմացինին օգնության հասնելը, բարու արարումը ևս մարդուն տրված են ի սկզբանե: Անբացատրելի են այն պահերը, որոնք առաջանում են մարդու հոգում` դիմացինի համար որևէ լավ գործ կատարելիս: Եվ, ի վերջո, բնական բարոյական օրենքը ևս տվել է Աստված` «իբրև ժառանգություն բոլոր մարդկանց»,- կարդում ենք ռուս հայրերից մեկի` Պլատոն վարդապետի գրքում:

Ճշմարիտ հավատը սերտորեն կապված է բանականության հետ: Իսկ բանականությունն ինքնին Աստծու պարգևն է, որը կապում է մեզ Տիրոջ հետ և նմանեցնում Նրան, հնարավորություն տալիս զանազանելու իրականությունն ու ճշմարտությունը` կեղծ երևույթներից, կյանքը` մահից, հավիտենականը` անցողիկից և այլն: Միևնույն ժամանակ, «բանականությունն ի զորու չէ, որ մենք լիովին ըմբռնենք Աստծուն» (Գարեգին Ա), այսինքն` իրական Աստվածճանաչողությունը բխում է հավատի  և բանականության միասնությունից:

Մեզ` հավատացյալներիս համար հավատը դուռ է բացում դեպի Աստված, ցույց տալիս ճանապարհը` հասնելու այն իրականությանը, որից զրկվել ենք ադամական մեղքի պատճառով: Եվ «այն ճշմարտությունները, որոնք ուղղակի կապ ունեն մարդու հոգեկան փրկության ու պայծառացման հետ, ճանաչելի են միայն հավատով. օրինակ` Աստծու գոյությունը, Սուրբ Երրորդության խորհուրդը, Քրիստոսի մարդեղությունը, հավիտենական կյանքը և այլն»,- նշում է Գագիկ սարկավագը:

Սակայն որքանո՞վ է օգտակար մեր հոգուն, երբ հավատում ենք, որ Աստված ճշմարիտ է ու ճշմարտություն, բայց մեր կյանքն ու գործն անհունորեն հեռու են ճշմարիտից: «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. 2․26). այս խոսքերը ցույց են տալիս, որ առ Աստված չենք կարող բարձրանալ մեկ թևով` հավատքով. մեզ պետք է նաև երկրորդը` գործերը: 

Իհարկե, հավատքի նավարկությունը զերծ չէ վտանգներից և պատահարներից, ծանր ու դժվարին պահերից, բայց չէ՞ որ ունենք այդ բոլորին հաղթելու հույսն ու միջոցը, որ Աստված Ինքն է, և «արդ, հիշե՛նք Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ, թե` «Ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է» (ԲԱՆ Ժ):

 

Մարիամ Ավետիսյան

 

22.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․