Գրքեր

Հոգու դեղամիջոցներ

Քրիստոնյաներից շատերը հասկանում են, որ մեղքերը շղթայում են իրենց, սակայն չեն կարողանում դուրս գալ այդ դրությունից և վեր բարձրանալ հոգևոր կատարելության աստիճաններով: Արդ, սուրբ հայրերի հոգևոր փորձառության և գրվածքների միջոցով անհրաժեշտ է նաև իմանալ, թե ինչպես է հնարավոր հոգու բժշկություն ապրել` կրքերին, վատ սովորույթներին գերի չլինելով, որովհետև մեղքերի շղթայով սեղմված հոգին չի գտնում իր տեղն ու խաղաղությունը կյանքում: Հավատքի ուղին հոգու բժշկության, ազատագրության և ազատության, հավիտենական փրկության ճանապարհ է: Այն սիրտը, որտեղ թագավորում է մեղքը, ի վիճակի չէ զգալ սիրո խորհրդի հավերժության իսկությունը: Այն միտքը, որտեղ թագավորում է մեղքը, անկարող է մեղքի մշուշով պարուրված մտքով տարբերել և հասկանալ իրական ճշմարտությունը ճշմարտանմանությունից և կեղծիքից: Հետևաբար, պետք է բժշկել, մաքրել սիրտն ու միտքը, որպեսզի այդ անաղարտ հայելու մեջ հնարավոր լինի տեսնել և ընկալել Աստծո արարչագործ վրձնով գծագրված կենսալույս, նախշազարդ կամքը: Սուրբ հայրերը հոգու բժշկության հետ կապված բազմազան հոգևոր դեղատոմսեր են տալիս և ցույց տալիս բժշվելու ուղիները: Հարկ է նշել, որ ամեն մարդ կարիք ունի անցնելու իր հոգու անհատական բժշկության ուղին: Մեծ առավելություն է, երբ Աստծուն փնտրելու ճանապարհին հանդիպում ես որևէ փորձառու հոգևոր հոր, քանի որ կարող է նշանակալի կերպով օգնել: Եվ այդ հոգևոր արդյունքը պտուղներ է տալիս, երբ անհատն Աստծուն դիմում է խոնարհությամբ, հնազանդությամբ և բժշկվելու պատրաստակամությամբ: Այստեղ մենք կբերենք այդ ճանապարհի ընդհանուր ուրվագծերը: Ոչ թե պետք է պարզապես լավ մարդիկ լինենք, այլ լինենք այնպիսին, որ կարողանանք հարատև հաղորդակից դառնալ երկնային լույսին և Աստծուն: Մենք չպետք է լինենք ծղոտի նման, որ կրակին մոտենալով այրվում է, այլ ոսկու պես, որը կրակին հաղորդակից լինելիս ավելի է փայլատակում ու ազնվանում: Հույն հոգևորական Վլախոսը նշում է, որ կան մարդիկ, ովքեր իրենց հեռու են պահում մոլություններից, որովհետև վախենում են, որ մարդիկ իրենց կպարսավեն, մյուսները ձգտում են առաքինության՝ փառասիրությունից ելնելով, ուրիշներն էլ` Աստծուն են սիրում և Քրիստոսին հետևում: Մենք բոլորս պիտի ընթանանք Քրիստոսի հետևից, որովհետև դա է մեղքերից ազատագրվելու ճշմարիտ ուղին: Մշտապես բժշկվելու ճանապարհով ընթանալու արդյունավետությունը նրանում է, թե անհատն ինչպիսի նպատակային մոտեցում և կամքի ինչպիսի ուղղվածություն ունի: Եվ մեղքերից մաքրվելու ուղին կախված է ոչ միայն Աստծուց, այլև մարդուց, որովհետև մարդն իր ազատ կամքով պիտի որոշի դուրս գալ այդ վիճակից` ուղղելով իր կամքը դեպի աստվածալույս կյանքը: Այն մարդը, ով ապրում է մարմնավոր կյանքով, նրա հոգում մեղքերն ու մոլություններն իրենց շատ ակտիվ ու ազատ են զգում` չենթարկվելով այդ մարդու կամքին ու բարի նպատակներին: Քրիստոսով ապրողներն են միայն ազատագրվում մեղքի շղթաներից: Մեր առաջադրանքն է պայքարել մեղքերի դեմ, սակայն դրանք մարդուց արմատախիլ է անում Սբ. Հոգին: Ինչպես մարդը չի կարող տեսնել առանց աչքերի, լսել առանց ականջների, խոսել առանց լեզվի, քայլել առանց ոտքերի, այդպես էլ չի կարող փրկվել առանց Քրիստոսի և մուտք գործել Երկնքի Արքայություն: Մարդու հոգին կարող է ընդդիմանալ մեղքին, սակայն մեղքին կարող է հաղթել և արմատախիլ անել Հիսուս Քրիստոս: Դրա համար անհրաժեշտ է առաջնորդվել Քրիստոսով: Իսկ դա նշանակում է, որ պիտի ապրենք աստվածային սիրո կենսախինդ կյանքով: Եթե մարդը լցված է աստվածային սիրով առ Աստված, այդժամ նրա ներաշխարհը վերափոխվում է, լուսավորվում` ջերմանալով երկնային օրհնությամբ և շնորհներով: Ամենից առաջ անհրաժեշտ է ինքնաճանաչողություն: Շատ կարևոր է իմանալ անհատական հոգևոր վիճակը: Երբ չես տեսնում քո իրական վիճակը, բժշկվելը դառնում է անհնարին: Ւնքնաճանաչողությունը անհրաժեշտ է նաև նրա համար, քանի որ մարդու հոգին եռամասնյա է, և մեղքերի արմատները թաքնված են այդ երեք տարբեր հատվածներում: Մարդը գործում է մեղքերի դրդմամբ կամ հակառակվում է դրանց կամ արմատախիլ է անում Սբ. Հոգու միջոցով: Այսպիսով բավարար չէ կանգնեցնել մեղքերի ընթացքը հոգում, այլև անհրաժեշտ է զորացնել աստվածային սերն առ Աստված և դեպի մերձավորները: Քանի դեռ մարդու զգացմունքներն ու ընկալումները մարմնավոր են, ինքնաճանաչողությունն անհնար է: Յուրաքանչյուր անհատ պիտի հասկանա, թե ինչպիսի մեղքն է ավելի զորավոր իր հոգում, որպեսզի ճիշտ կերպով կարողանա ազատվել մեղքերից: Ինքնաճանաչողությունն անմիջականորեն կապված է ապաշխարության և խոստովանության հետ: Մեղքեր կան, որոնք դժվարությամբ են ճանաչվում: Պահքը և մտքի արթնությունը մեծ արդյունք չեն բերում, եթե դրանք չեն արծարծվում մտքերի անկեղծության հետ առ Աստված: Խոստովանությունը բժշկում է հոգու վերքերը: Հարկ է նշել, որ մարդը մեղքերի կապանքներից հաճախ չի ազատվում միանգամից խոստովանությունից հետո, անհրաժեշտ է լինում մեծ պայքար և համառ հոգևոր սխրանք:  Մարդու հոգին ամբողջովին բժշկվում է, երբ հոգու երեք բաղկացուցիչ մասերն են ազատվում մեղավոր կրքերից: Ինչպես նշում են սուրբ հայրերը Հոգու երեք մասերն են` բանական, ցասմնական և ցանկական: Բանականը, ուր թևածում է փառասիրությունը, մաքրվում, բժշկվում է խոնարհության միջոցով: Բանականի մասի բժշկության համար օգտակար է ընթերցանությունը, աղոթքը, շարունակական գոհաբանությունն առ Աստված: Ցասմնական մասի բժշկության համար օգտակար է սերը, հեզությունը, եղբայրասիրությունը, բարությունն ու համբերատարությունը: Ցանկականի համար՝ պահքը, ժուժկալությունը, ողորմությունը, աշխատանքը: Այն հոգում, ուր ամրացել է ագահությունը և արծաթասիրությունը, բժշկվում է անշահախնդրությամբ, ողորմածությամբ և բարեգործությամբ: Հովհան Սինայեցին նշում է, որ լավագույն դեղամիջոցներն են՝ սերը, խոնարհությունը և ժուժկալությունը: Մարդու միտքը մաքրվում է աղոթքով և ընթերցանությամբ, իսկ ցանկությունները՝ աստվածային սիրով և ժուժկալությամբ: Մարմնական մեղավոր ցանկություններին կասեցնում են ժուժկալությունը, պահքը, հոգևոր պայքարը: Իսկ մարդու հոգեկան աշխարհի բժշկության համար էական են Սբ. Գրքի ընթերցանությունը, աղոթքը և աստվածային սիրո ընկալումն ու ապրումը: Պահքը, աշխատանքը, մտքի արթնությունը և սթափությունը թույլ չեն տալիս մեղավոր ցանկություններին մարդու ներսում զարգանալ, իսկ աղոթքը, մտքի ուղղվածությունը, ուշադրությունը դեպի Արարիչը և սերն առ Աստված լիովին չեզոքացնում են այդ ցանկությունները: Սթափությունը, աղոթքը վանում են մեղքը և թույլ չեն տալիս մեղքին  զարգանալ մտքում, եթե մարդը չի անդրադառնում դրան և իր կամքի համաձայնությունը տալիս: Այդպիսով իր մտքում մերժում է մեղսածին մտածումը: Պետք է իմանանք, որ հնազանդությունից ծնվում է խոնարհությունը, խոնարհությունից ծնվում է անկրքությունը, որն այնպիսի մի վիճակ է, երբ մարդուն ոչ թե գերիշխում են իր կրքերը, այլ անձն իր հոգու ուժերն ուղղում է առ Աստված և բարձրանում հոգևոր կատարելության աստիճաններով: Անկրքությունը խոնարհության միջոցով է լինում, խոնարհություն, որը ծնունդն է հնազանդության: Եթե մարդն այլ ուղիով ընթանա, չի կարողանա հասնել բաղձալի նպատակին, և անկրքությունը հնարավոր չէ ձեռքբերել առանց աստվածային սիրո: Սուրբ հոգևոր հայրերը նշում են, որ անկում ապրած մարդու բանական հատվածում թագավորում է հպարտությունը, ցանկականում` հիմնականում մարմնական մեղքերը, իսկ ցասմնական հատվածում` ատելության, բարկության և քենախնդրության կրքերը: Սակայն բանականը մեզ անհրաժեշտ է ոչ թե հպարտության, այլ Աստծուն հայեցողությամբ փնտրելու համար: Ցանկությունն անհրաժեշտ է աստվածային սիրո միջոցով իբրև ձգտում դեպի Երկնավոր Հայրը: Իսկ ցասմնականը` իբրև քաջության և սխրանքի ուղի, որպեսզի մոտենանք Աստծուն: Արդ, մարդը, մտքով, սրտով ու հոգով մշտապես պետք է ձգտի մոտենալ ու հաղորդակից լինել Աստծուն, որպեսզի կարողանա ազատագրվել մեղքերի կապանքներից`իրապես ազատություն ունենալով և հոգևոր կատարելության աստիճաններով վեր բարձրանալով:

 

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

18.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․