Գրքեր

Ինչո՞ւ Աստված թույլ տվեց Ավետարանում նկարագրվող մանուկների կոտորածը

Ավետարանում Հիսուսի ծննդյան իրադարձությունների վերաբերյալ կարդում ենք, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում ու նրա սահմաններում էին գտնվում և երկու տարեկան ու դրանից ցածր էին՝ ըստ ժամանակի, որը ստուգել էր մոգերից (Մատթ. 2:16): Սուրբ Հովհան Ոսկեբերանը այս առնչությամբ հարցադրում է կատարում, թե ինչու Աստված թույլ տվեց մանուկների կոտորածը: Այնուհետև լուսաբանում է, որ նեղություններն ու տանջանքները, որոնք կրում ենք անարդարացիորեն, կամ սրբում են մեր մեղքերը, կամ էլ առիթ են՝ երկնքում ավելի մեծ պարգևներ ստանալու: Նա ասում է, որ մարդու կյանքում ամեն բան կատարվում է Աստծո գիտությամբ: Հապացույց Իր զորության՝ Աստված Իր մտադրությունները կատարում է հակառակ միջոցներով: Ինչպես Հերովդես արքան, այդպես էլ անմիտ հոգիները, երբ ընկնում են անբուժելի ցավերի մեջ, չեն ախորժում Աստծո շնորհած դեղն ընդունել: Եվ Հերովդեսն ինքն իր հետ կռիվ տալով և ասես վայրագ դևից քշված, բարկությունից կատաղեց բնության դեմ և իր հրամանը չկատարած մոգերի վրեժն անմեղ մանուկներից հանեց: Եվ ուղարկեց, կոտորեց Բեթղեհեմում և նրա բոլոր սահմաններում գտնվող երկու տարեկան և ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ ժամանակի, որը ճշտել էր մոգերից, քանի որ Հերովդեսը հռոմեացիների աջակցությամբ ու բռնությամբ էր տիրացել Հուդայի թագավորության գահին, ուստի շարունակ մտավախություն ուներ այն կորցնելու: Այս պատճառով էլ նա նույնիսկ սպանել է իր կին Մարիամնեին և նրանից ունեցած իր երկու որդիներին (ունեցել է ուրիշ կանայք և որդիներ ևս), իսկ մահվանից առաջ սպանել է տվել նաև իր որդիներից մեկին ևս: Ինքն էլ վախճանվել է դաժան հիվանդությունից (Հովսեպոս Փլավիոս, «Հրեական հնախոսություն» գիրք 17, Եվսեբիոս Կեսարացի, «Եկեղեցական պատմություն» գիրք Ա, գլխ. 6, 8):
Հերովդեսը նմանվեց Սավուղին, ով կարծում էր, թե իր ձեռքին է Դավթին սպանելը, չգիտենալով, որ նա իրենից բարձր է դառնալու (Ա Թագ. 19-26): Նմանվեց նաև փարավոնին, ով կարծում էր, թե եբրայեցի բազմաթիվ մանուկների հետ ջրում խեղդել է նաև Մովսեսին՝ չիմանալով, որ նրա ձեռքով էր ինքը ծովի մեջ ընկղմվելու (Ելք 14:26-28): Այդպես էլ սա, քանի որ հետապնդելով անորսալի Մանկանը և անզավակ թողնելով Բեթղեհեմի մայրերին՝ նրանից վրեժ խնդրվեց նրա երեք որդիներով ու կնոջով հանդերձ:
Սակայն մարդկանց բազմաքնին միտքը մանուկների վախճանի վերաբերյալ քննություն է կատարում, և ոմանք ավելի մեղմ, ուրիշներն էլ ավելի հանդուգն բաներ են մոլեռանդորեն խոսում: Ասում են՝ Աստված ինչո՞ւ թույլ տվեց, որ մանուկներն Իր պատճառով կոտորվեն: Եվ որպեսզի մարդկանց մի մասի հանդգնությունը կանգնեցնենք և վերջ դնենք մյուս մասի կասկածներին, համբերատար քննենք խնդիրը: Եթե մանուկների կոտորածի մեջ Աստծուն մեղադրենք, ապա պետք է նույնն անենք նաև Պետրոսին պահպանող զինվորների հարցում: Ինչպես այն ժամանակ Մանկան փախուստից հետո ուրիշ մանուկներ կոտորվեցին փնտրվողի փոխարեն, այնպես էլ այդ դեպքում, երբ հրեշտակն ազատեց Պետրոսին կապանքներից ու բանտից, բռնակալը Պետրոսի փոխարեն բանտապահներին մահապատժի ենթարկեց: Բայց դու, ընթերցող, կասես, որ սրանով հարցին լուծում չտրվեց, այլ ամեն բան միայն բարդացավ: Ես նույնպես դա գիտեմ, բայց հատուկ եմ սա անում, որ այս տեսակի հարցերի լուծումը միանգամից տամ: Եվ ո՞րն է այդ լուծումը: Ինչպիսի՞ բավարարող պատասխան կարելի է տալ, որ ոչ թե Քրիստոսն էր մահերի պատճառը, այլ թագավորի դաժանությունը, հավասարապես՝ ոչ թե Պետրոսն էր զինվորների մահվան պատճառը, այլ մյուս Հերովդեսի (այսինքն՝ մանուկներին կոտորած Հերովդես Մեծի թոռ Հերովդես Ագրիպպասի, ով սպանեց Հակոբոս Զեբեդյան առաքյալին, Գործք 12) վայրագությունը: Իսկապես, եթե Պետրոսը բանտից ազատված լիներ մարդկային հնարներով, օրինակ՝ փորած պատ գտնեին կամ կոտրված դռներ, ապա Հերովդեսը գոնե պատճառ կունենար զինվորներին անփութության մեջ մեղադրելու և սպանելու: Բայց, քանի որ ամեն բան իր տեղում էր՝ և՛ դռներն էին փակ, և՛ շղթաներն էին մնացել զինվորների ձեռքերին (չէ՞ որ նրանք Պետրոսի հետ էին կապված), ապա, եթե նա տրամաբանորեն քններ կատարվածը, կարող էր այստեղից անկասկած եզրակացնել, որ այս ամենն ինչ-որ հնարք կամ մարդու ձեռքի գործ չէ, այլ աստվածային հրաշագործ ուժի: Ուստի պետք է սքանչանար և երկրպագեր Աստծուն՝ թողություն խնդրելով հանդգնության համար և ոչ թե սպաներ պահապաններին (Գործք 12:1-19): Դրա համար էլ Աստված այս եղանակով ամենը արեց, որպեսզի ոչ միայն զինվորներին վտանգի չենթարկի, այլև՝ դրա միջոցով, թագավորին դեպի ճշմարտություն բերի: Իսկ եթե նա այդքան անզգամ գտնվեց, մի՞թե հիվանդի անմտությունը պետք է ընկնի Բժշկի վրա (նույն տրամաբանությամբ պետք է Քրիստոսին մեղադրենք այդքան սրբերի նահատակության մեջ): Այդպես էլ դու, Հերովդես, երբ տեսար, որ հեթանոսները եկել էին երկրպագելու, պատմվում է աստղի երևման մասին, և լսեցիր մարգարեությունը, պիտի հավատայիր և շտապեիր ինքդ էլ երկրպագություն մատուցելու: Բայց, եթե նույնիսկ մոգերից էլ խաբված լինեիր, ինչո՞ւմ էին մեղավոր քեզ որևէ կերպ վիավորանք չհասցրած երեխաները: Ամեն ինչ իրոք այդպես է, կասես դու, բայց ցույց տալով թագավորի անմիտ ու գազանաբարո կերպարը՝ դու դեռ ցույց չտվեցիր բուն իրողության անարդար լինելու պատճառը: Թեկուզ և թագավորը սխալ էր գործում, բայց ինչո՞ւ Աստված թույլ տվեց դա: Այս և նման հարցերի պատասխանը հետևյալն է: Նեղությունները, որոնք կրում ենք ցանկացած մեկի կողմից, Աստված օգտագործում է կամ մեր մեղքերի թողության, կամ էլ պարգևներ տալու համար: Ավելին, հասկանալու համար օրինակով բացատրեմ ասածս: Ենթադրենք, ինչ-որ ծառա իր տիրոջը մեծ թվով գումար է պարտք: Ենթադրենք նաև, որ այդ ծառան բազմաթիվ մարդկանց կողմից նեղությունների է ենթարկվել, և նրա ունեցվածքի մի մասը խլվել է իրենից: Այդյո՞ք ծառան տուժած կլիներ, եթե ծառայի տերը, գողին բռնելու հնարավորությունն ունենալով, գողացված դրամը վերադարձնելու փոխարեն՝ ներեր նրա պարտքը: Իհարկե տուժած չէր լինի: Իսկ եթե տերը ծառային վերադարձներ նրանից գողացածից էլ ավելին, արդյո՞ք ծառան կորցրածից ավելի շատ ձեռք չէր բերի: Դա բոլորի համար էլ ակնհայտ է: Նույնպես մենք պետք է մտածենք մեր տառապանքների մասին, քանի որ այդ նեղությունները կրելով՝ կամ մաքրում ենք մեր մեղքերը, կամ էլ, եթե մեղք չունենք, դրա փոխարեն լուսավոր պսակներ ենք ստանում: 
Տե՛ս, թե պոռնիկի մասին ինչ է ասում Պողոսը. «Մատնեցե՛ք այդպիսի մեկին սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին ապրի» (Ա Կորնթ. 5:5): Նաև Դավթի մասին հիշեցնենք, ով տեսնելով իր վրա հարձակվող, իր դժբախտության վրա ծիծաղող ու անիծող Սեմեին, արգելեց իր հրամանատարին սպանել նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տվեք նրան, որ անիծի... Թերևս Տերը, տեսնելով իմ տառապանքները, ինձ բարիք հատուցի այսօրվա անեծքի փոխարեն» (2 Թագ. 16:11-12): Եվ սաղմոսներում երգելով ասում էր. «Տե՛ս, թշնամիներս որքան բազմացան և անիրավ ատելությամբ ինձ ատեցին: Տե՛ս իմ նվաստացումն ու տառապանքը և թողություն արա իմ բոլոր մեղքերին» (Սաղմ. 24:18-19): 
Եվ աղքատ Ղազարոսը հասավ արքայության, որովհետև ներկայիս կյանքում բազմաթիվ նեղություններ էր կրել: Ուստի նրանք, ովքեր առաջին հայացքից նեղության են ենթարկվել, իրականում նեղության չեն ենթարկվում, այլ ձեռք են բերում ավելին, եթե միայն բոլոր փորձանքները համարձակությամբ են կրում: Նաև ասում են. «Մանուկները, եթե երկար ապրեին, թերևս բազմաթիվ արդար գործեր կատարեին»: Սակայն սրանով ևս ոչ սակավ գանձեր հավաքվեցին երկնքում նրանց համար, ովքեր Քրիստոսի փոխարեն հեռացան աշխարհից: Եթե Աստված, որ այսքան համբերատարությամբ թույլ է տալիս ապրել նրանց, ովքեր ամբողջ կյանքն անցկացնում են չարիքի մեջ, ապա առավել ևս մանուկներին սպանողների ձեռքը չէր մատնի, եթե այդ մանուկները մեծամեծ գործեր էին կատարելու հետագայում, որովհետև Ինքն է ամեն ինչը տնօրինում և գիտի նախօրոք, թե ամեն մարդ այս կյանքում ինչ գործեր է անելու: Նաև, թեև մեղք չէին գործել, որ չարչարանքով արդարանային, սակայն անմեղությամբ խողխողվելը նրանց համար մեծ վարձատրության առիթ դարձավ: Եվ ի՞նչ վնաս ունեցան անչափահաս տարիքում կոտորվելուց. վաղաժամ հասան խաղաղ նավահանգիստ: Մինչդեռ հետո նույնպես մեռնելու էին անշուշտ, բայց թերևս ոչ այդպիսի բարի պատճառով: 
Ավետարանիչը պատմում է այս անարդար ու վայրագ սպանությունների մասին ու այս կոտորածի լուրով շատերին տրտմեցնում, սակայն նաև մխիթարում է նրանց, ասելով, որ Աստված Հերովդեսի սրին արգելք չդրեց ոչ թե այն պատճառով, որ չկարողացավ կամ չգիտեր, որ նման բան է լինելու, այլ, որ նախապես գիտեր այս մասին, ինչը նաև մարգարեի միջոցով էր կանխագուշակել, որպեսզի Նրա անճառելի նախախնամությանը նայելով՝ այսպիսի բաներից բնավ չխռովվես: Ինչպես առակավոր խոսքով Քրիստոսն ասաց Իր աշակերտներին. «Երկու ճնճղուկը մեկ դահեկանով է վաճառվում, և նրանցից ոչ մեկը չի կորչում առանց ձեր Հոր կամքի: Բայց ձեր գլխի բոլոր մազերն իսկ հաշվված են» (Մատթ. 10:29-30), այսինքն՝ մի՛ կարծեք, թե անիրավներից ձեզ հասած չարչարանքը Նա չի տեսնում, որովհետև տեսնում է նույնիսկ մանրուքները և կարող է խափանել, բայց թույլ է տալիս՝ գիտենալով, որ դրանք օգտակար են ձեզ: 
Չպետք է խռովվենք, երբ կատարվածները կարծես բոլորովին չեն համապատասխանում Աստծո ավետիսներին: Ահա, նայի՛ր, թե ինչպիսին էր Աստծո գալուստը, երբ եկավ փրկելու ամբողջ աշխարհը. մայրը փախչում է, հայրը ենթարկվում հալածանքների, սպանություն է կատարվում՝ բոլոր տեսակի սպանություններից ավելի ծանր, ամենուր լաց է, ողբ և կոծ: Բայց մի՛ խռովվիր, քանի որ Աստված իր մտադրությունները միշտ կատարում է հակառակ միջոցներով, որպեսզի պարզորոշ երևա Իր զորությունը: Այդպես և Նա Իր աշակերտներին էր բարձրացնում, սովորեցնում ու պատրաստում ամեն տեսակի սխրագործությունների՝ հակառակ միջոցներով գործելով ամենը, որպեսզի առավել մեծ հրաշք կատարվեր: Այդ իսկ պատճառով բազմաթիվ փորձանքներ կրելուց, հալածանքներից ու աքսորներից հետո նրանք հաղթող ճանաչվեցին իրենց հալածիչների մոտ: «Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, Մանկանն ու Նրա Մորը վերցրո՛ւ և գնա Իսրայելի երկիրը, որովհետև Մանկանը փնտրողները մեռան» (Մատթ. 2:20): Տե՛ս ավետարանչի հեզությունը, մանավանդ այն Հոգու, Ով նրա միջոցով խոսում էր, որ չի պատմում Հերովդեսի պատուհասական սատակման մասին՝ մանուկների կոտորելու պատճառով: Պարզապես միայն ասվում է, թե նա այնքան երկար տառապեց ծանր ու որդնալից հիվանդությունից, որ սրտի կատաղությունից սպանեց իր որդուն, իսկ դրանից առաջ սպանել էր իր երկու որդիներից երկուսին ու կնոջը և իր սիրելիներից շատերին: Այնուհետև ինքն էլ դաժան ցավերով արձակեց իր դաժանացած հոգին: Սակայն ավետարանիչը, ասես բարի մարդու մասին պատմելով, ասում է, թե երբ Հերովդեսը վախճանվեց, և մանկան փնտրողները մեռան, փոխանակ ասելու՝ մեջտեղից վերացվեցին, ոչնչացվեցին՝ ըստ Աստծո արդար հատուցման: Սրանով ավետարանիչը մեզ խրատում է թշնամիների հանդեպ այնպիսի կամք ունենալ, որ ոչ միայն վրեժ չխնդրենք մեր անձի համար, այլև եթե նույնիսկ Աստծուց վրեժխնդրություն լինի նրանց, ոտնատակ չանենք և անարգական խոսքեր չարտաբերենք: Իսկ փորձությունից հետո դարձյալ հանգստություն է պարգևում, ինչպես այս պարագայում Աստծո հրեշտակն ասաց Հովսեփին Եգիպտոսում, թե վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու իր մորը և վերադարձիր Իսրայելի երկիր, որովհետև մեռան նրանք, որ մանկան մահն էին ուզում (Մատթ. 2:20):


Հովհաննես սրկ. Մանուկյան

 

11.06.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․