13 Դեկտեմբեր, Եշ, Պահք

Գրքեր

Լույսի առկայությամբ ի չիք է դառնում խավարը

«Դուք եք աշխարհի լույսը,- ասաց Քրիստոս Իր հետևորդներին,- թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:14, 16): Յուրաքանչյուր բարի գործ ինքն իրենով լույս է, ինչպես փոքրիկ մոմն է իր լույսը տարածում շատ հեռու, այդպես և բարի գործն է լուսավորում իր շուրջը: Փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է. «Շատ ավելի հեշտ է փոքրիկ մոմ վառելը, քան խավարը անիծելը»:

Աստվածային լույսը տարածելու պատասխանատու առաքելությանն են ուղղված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերը:

Դեկտեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զաքարյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Այս տարի համայնքն արդեն երկու անգամ այցելել է կարիքավոր ընտանիքին և իր աջակցությունը բերել: Հերթական օգնությամբ ընտանիքը լուծելու է բնակարանի ջեռուցման հետ կապված խնդիրը: Ընտանիքի անդամ Շուշան Իսպիրյանն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձերին:

Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Միքայելյան 33 հասցեում է բնակվում հինգ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը: Ընտանիքի հայրն ու մայրն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու և ունեն խնամքի կարիք: Երկու անչափահաս երեխաների՝ Հասմիկի (15 տ.) և Արգինեի (11 տ.), ինչպես նաև նրանց ծնողների խնամքով զբաղվում է երեխաների մորաքույրը՝ Շուշան Իսպիրյանը, ով ևս չի աշխատում ընտանիքին խնամելու պատճառով: Նա նշեց, որ միայն մի քանի ամիս է, ինչ ընտանիքին հատկացվում է ընտանեկան նպաստ, որը չի բավարարում ընտանիքի ամենօրյա կարիքները հոգալուն և իր քրոջ ու փեսայի բուժմանն անհրաժեշտ դեղորայքը գնելուն:

«Մեղքի պատճառով երկիրը խավարի մեջ հայտնվեց և Աստծո Կենարար Լույսն էր անհրաժեշտ այդ խավարը ցրելու և նորից ամենքին կենդանության շունչ հաղորդելու համար: Ի՞նչ է լույսը, եթե ոչ սեր, իսկ որտեղ սերն է, այնտեղ լույս է և ուրախություն: Լույսն ունենալու, Լույսին հետևելու և այն տարածելու համար հարկ է հիշենք Տիրոջ հետևյալ խոսքը. «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ ետևից» (Մատթեոս 16:23), այսինքն՝ մարդը պետք է մոռանա իր անձի մասին, դուրս գա իր անձի կաղապարներից ու հիշի միայն, որ բազմաթիվ մարդիկ իր սիրո ու ուշադրության կարիքն ունեն: Աստված սովորեցնում է, որ մեկն ավելի մեծ սեր չունի, քան նա, ով պատրաստ է իր կյանքը տալու հանուն իր ընկերոջ: Եվ բնականաբար պարտադիր չէ ֆիզիկապես մեռնել, այլ պատրաստ լինել կյանքիդ ամեն վայրկյանը նվիրել սիրուն, այն սիրուն, որը «չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթացիներ 13:4-8)»,- ասաց Տեր Գրիգորը։

 

 

Կարինե Սուգիկյան

02.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․