14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ:

Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը:

Ժողովը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով: Սրբազան Հայրը քահանայից դասին մաղթեց Ավարայրի, Սարդարապատի, հայոց պետականության զորացման ու պայծառացման տեսլականով առաջ ընթանալ՝ արձանագրելով նորանոր հաջողություններ հովվական առաքելության մեջ:

Այնուհետև «Քահանա-անհատ ճանաչողության և հարաբերության հարց» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ Քահանայից ժողովի գործադիր մարմնի անդամ Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը (Արարատյան հայրապետական թեմ): Բանախոսությանը հաջորդած քննարկման ընթացքում ժողովականները ընդգծեցին հովվական կյանքում հոգևոր խնամքի կարևորությունը՝ հիմնված հովվի հոգևոր փորձառության, ամուր հավատքի, անսակարկ սիրո և նվիրումի վրա: Քահանա-անհատ ճանաչողության պարագային շահեկան նկատվեցին ծխական համակարգի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ժողովի երկրորդ զեկույցը «Խոստովանության և խոստովանահոր շիտակ ընկալումը Հայոց Եկեղեցում» թեմայով ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Նյութի շուրջ Հայր Սուրբը հայ եկեղեցական մատենագրությունից և կանոնագրքերից քաղված տեղեկություններ փոխանցեց` անդրադարձ կատարելով նաև այլ Եկեղեցիների փորձառությանը: Ծավալված քննարկման ընթացքում քահանա հայրերը խնդրի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու հովվական փորձառությունը:

Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց ժողովի մասնակից եկեղեցականներին իրենց նվիրյալ ծառայության համար: «Մենք միշտ հպարտ ենք մեր եկեղեցականներով: …Այն աշխատանքը, որ նրանք իրականացնում են, իրականացնում են ամբողջական պատասխանատվությամբ, առաջին հերթին` հավատքով, աստվածսիրությամբ և ազգասիրությամբ, գիտակից, որ իրենց առաքելությունը պայմանավորում է աստվածսիրությունն ու

հայրենասիրությունը հայ հավատացյալի՝ արժեքներ, որոնցով հարատևել է մեր ժողովուրդը, պահպանվել է մեր երկիրը, որոնցով այսօր մենք ունենք անկախ պետականություն», - ասաց Վեհափառ Հայրապետը` պատգամելով դժվարությունների առջև չընկրկել, միասնաբար ջանալ հաղթահարել դրանք և անշեղ ընթանալ այդ ճանապարհով, նույն քաջարի ոգով, ամբողջական պատասխանատվությամբ շարունակել իրենց ծառայությունը հայ ժողովրդի կյանքում:

Անդրադարձ կատարելով մայիսյան հերոսամարտերին և տիրող հաղթական մթնոլորտին` Նորին Սրբությունը խոսեց նաև մեր ժողովրդի դավանած արժեքների անխաթար պահպանության անհրաժեշտության մասին` դրանում կարևորելով Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դերակատարությունը: «Մենք՝ իբրև եկեղեցականներ, պետք է ամրորեն, հաստատուն կերպով, քաջաբար պաշտպանենք հոգևոր, բարոյական մեր արժեքները, որոնք առանցքն են մեր ինքնության, որոնց շնորհիվ հարատևել ենք դարերի մեջ, դիմակայել ամեն տեսակ փորձությունների, փրկության առաջնորդել մեր ժողովրդին և կերտել անկախ պետականություն»,- ընդգծեց Հայոց Հովվապետը:

Վերջում Նորին Սրբությունը շնորհավորեց եկեղեցականներին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով՝ իր տոնական բարեմաղթանքները փոխանցելով ամենքին:

Հայրական իր օրհնությունը բերելով հոգևոր դասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև մաղթեց Աստծո զորակցությամբ աննկուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ` Երկնավոր Տիրոջ ու սուրբ հայրերի սահմանած ուղուն: Նորին Սրբությունն աղոթեց հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար:

Ժողովի ավարտին հոգևորականաց դասը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:

27.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․