Գրքեր

Մեղքի արմատները թաքնված են հպարտության պարարտ հողում

Երբ առնչվում ենք հայրաբանական գրականությանը, նկատում ենք, որ սուրբ հոգևոր հայրերը մեղքերի շարքում առաջին տեղում նշում են հպարտությունը: Իրավամբ, երբ ուսումնասիրում ենք Սբ. Գիրքը, աստվածաբանական մեկնությունները, նկատելի է դառնում, որ մեղքի արմատները թաքնված են հպարտության պարարտ հողում, որը սնում է մարդու եսակենտրոնությունը և իսկության մեջ պատճառ դառնում ներքին ու արտաքին բացասական արարքների։ Բավականին նուրբ և անտեսանելի է հոգևոր հպարտության բացահայտումը մարդու սրտում և ավելի զարգացած բնորոշում ունի կրոնական փորձառություն ունեցող անձանց մոտ:

Ավետարանը կարդալիս տեսնում ենք, որ այդօրինակ մեղքի դրսևորումներով համակված էին հրեա հոգևոր առաջնորդները, որոնք հպարտության պատճառով չընդունեցին Քրիստոսին և սիրո վարդապետությունը: Բայց ներկայիս քրիստոնյաների մեջ նույնպես նկատելի է հոգևոր հպարտության ախտանիշը: Դժվարությունն այն է, որ անհատը հաճախ չի նկատում, թե ինչպես է համակված հոգևոր հպարտությամբ, ինչպես է այն դրսևորվում իր կյանքում, որովհետև այդ տեսակի մեղքը շատ անտեսանելի ու քողարկված է: Բավականին հոգևոր հասունություն է պետք, որպեսզի անհատը կարողանա իր հոգում տեսնել այդօրինակ մեղքի առկայությունը և ազատագրվի դրանից: Այդժամ անհրաժեշտ են Սբ. Հոգու անմիջական միջամտությունը և այնպիսի հոգևոր հոր օգնությունը, ով արդեն բժշկված է նման մեղքից կամ առնվազն գտնվում է այդ մեղքից բժշկվելու փուլում:

Ինչպե՞ս է դրսևորվում հոգևոր հպարտությունը մարդու կյանքում: Ամենապարզ օրինակներից է, երբ որոշակի հոգևոր գիտակցություն ձեռք բերած անձը հանդես է գալիս դատավորի դիրքից և իր հոգևոր խոսքի, պատգամի, խորհրդի մեջ հնչեցնում է դատապարտող հնչերանգներ` հաճախ մեջբերումներ կատարելով աստվածաշնչյան տողերից: Ում է ուղղված այդ խոսքը՝ անհավատի, հեթանոսի, աղանդավորի, անբարոյականի, թե այլ կրոնների հետևորդի, էականը դա չէ, այլ այն, որ հոգևոր խոսք մատուցողը կամ հոգևոր մոտեցում ցուցաբերողը հանդես է գալիս ոչ թե հոգու բժշկի, այլ դատավորի դիրքերից՝ դատելով այս կամ այն իրողությունն ու մարդուն: Մենք պետք է Հիսուս Քրիստոսի օրինակով սովորենք, թե Նա ինչպես էր վարվում և չէր դատապարտում, ինչպես օրինակ՝ շնության մեջ բռնված կնոջը ասելով. «Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհ. 8:1-11), ոչ էլ՝ նույնիսկ խաչի վրա դատապարտեց իրեն տանջող մարդկանց՝ ասելով. «Հա՛յր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23:34): Թեև Հիսուս իրավամբ ուներ դատելու իրավունք, որովհետև Սուրբ էր և Արդար, բայց մենք չունենք այդ իրավունքը և մեզ չպետք է վերապահենք հոգևոր դատավորի կարգավիճակը՝ լինենք հոգևորական թե հասարակ հավատացյալ, ինչպիսի հոգևոր ձեռքբերումներ էլ ունենանք:

Այնուամենայնիվ, հաճախ մտածում ենք մեծահարուստ երիտասարդի պես, ով Հիսուսին կոչեց բարի վարդապետ (Մատթ. 19:16-22)՝ նկատի ունենալով իր հոգևոր բարձր կարգավիճակը, առանձնահատուկ լինելն Աստծու առաջ և առավել լինելը մյուսների, հատկապես մեղավորների, թերահավատների հանդեպ, սակայն պատասխանը հստակ էր՝ ոչ ոք բարի չէ, բացի Աստծուց: Երբ հոգևոր մարդը սկսում է հանդես գալ արդարության, ճշմարտության դիրքից, սակայն իբրև դատավոր, ապա նման է լինում Ավետարանում նկարագրված այն մարդկանցից մեկին, ով պատրաստ է քար նետելու շնության մեջ բռնված կնոջ վրա և նրան սպանելու (Հովհ. 8:1-11): Շատ հավատացյալներ միանգամից կարող են արդարանալ, թե իրենք այդպես չեն վարվի, այնուամենայնիվ, չեն նկատում, թե ինչպես են հոգու և սրտի խստասրտությամբ, երբեմն էլ հոգևոր անտեսանելի ատելությամբ համակված, պատրաստակամ հոգևորապես քարկոծելու աթեիստներին, այլ կրոնների ներկայացուցիչներին, աղանդավորներին կամ ծանր մեղքի մեջ թաղված մարդկանց:

Սիրելի՛ հավատացյալներ, քրիստոնյաներ, հիշե՛ք, թե ինչ է ասում Ավետարանը՝ մի՛ դատեք (Մատթ. 7:1-5): Դուք ինքներդ չգիտեք, թե ինչպիսի անկյալ ու մեղավոր վիճակում կարող եք հայտնվել, եթե Աստված թույլ տա դիվական ամբողջական ուժերի հարձակումը ձեզ վրա: Ավետարանը հստակ ցույց է տալիս, որ հոգևոր խոսքը մարդու փրկության և բժշկության համար է: Հոգևոր խոսքը պետք է մարդուն օգնի, հույս, հավատ, սեր հաղորդի, լուսառատ փրկության ճանապարհը ցույց տա, բժշկի մարդու հոգին: Բժիշկը հիվանդանոցում հիվանդներին չի դատապարտում ու նախատում, թե ինչու են հիվանդացել, այլ փորձում է բացահայտել հիվանդությունը և բժշկել: Հիվանդանոցում ոչ ոք մյուսին չի դատում, դատապարտում, թե ինչու են հիվանդացել, այդպես էլ այս աշխարհը հոգևոր իմաստով մի մեծ հիվանդանոց է, և մենք ոչ թե պետք է դատապարտենք միմյանց, այլ օգնենք: Վարդապետ Ռաֆայել Կարելինը նշում է, որ մարդու հոգին առեղծվածային է. արդյոք կարո՞ղ ենք իմանալ մարդու սրտի գաղտնիքները, տեսնել նրա ձգտումները, ցանկությունները, նրա հոգու պայքարը մեղքի և կյանքի միջև, այն լավ գործերը, որոնք արել է այն պայմաններում, որոնցում գտնվել է, դիվական այն ուժը, որն ազդում և գործում է նրա վրա, և թե ինչպես է կռիվ տալիս դրա դեմ: Հետևաբար, մեր դատավճիռը մարդու վերաբերյալ երբեք չի կարող լինել ճշմարտացի և առանց զրպարտության, ահա թե ինչու են սուրբ հայրերը ուսուցանել՝ ինքդ քեզ ուշադրություն դարձրու, ինքդ քեզ դատիր, ինքդ քեզ կշտամբիր: Ձեր սեփական հոգին տատասկով և փշերով լեցուն մի դաշտ է, որն ամբողջ կյանքում պետք է ջանաք մաքրել:

Արդ, զգույշ եղեք, որպեսզի ձեր հոգևոր խոսքը չվնասի մարդկանց, այլ սպեղանի, դեղ ու դարման լինի, ոչ թե՝ սուր և հոգին ճնշող, կապող շղթա: Հոգևոր խոսքը պիտի արտահայտվի սիրով և արդարությամբ: Եթե ասվում է միայն արդարությամբ, շատ խիստ է և նույնիսկ կարող է լինել դաժան: Եթե ասվում է միայն սիրով, կարող է լինել շատ փափուկ: Այդ իսկ պատճառով սիրով և արդարությամբ մատուցվող խոսքն է առավել արդյունավետ: Սուրբ Հոգու լույսի ներքո ինքն իրեն ճանաչած, հոգևոր խոնարհությամբ լեցուն և աստվածային սիրո զորությամբ գործող հոգևոր հայրն է ունակ Քրիստոսի միջոցով փոխանցելու այն դեղատոմսը, որը մարդուն կազատագրի հոգևոր հպարտությունից, որն իսկության մեջ դարձել է տիեզերական ողբերգության, երկնային ու երկրային արարածների անկման և Աստծուց հեռանալու պատճառ:

 

Հովհաննես Մանուկյան

 

28.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․