Գրքեր

«Մի՛ մոռացեք հյուրասեր լինել»

Հյուրասիրությունը քրիստոնյայի սուրբ պարտականությունն է, որի միջոցով «ոմանք առանց իմանալու հրեշտակներին հյուրասիրեցին» (Եբր. 13:2): Այն քրիստոնեական առաքինություններից մեկն է, որի միջոցով մարդիկ միմյանց հանդեպ բարեհոգություն և հարգանք են ցուցաբերում: Այդ առատաձեռնությունը ոչ միայն նյութական է, այլ նաև հոգևոր: Հյուրասիրությունը համարվում է աստվածահաճո մարդկանց տարբերակիչ հատկանիշը: Հյուրասիրության լավագույն օրինակը ցույց տվեց Աբրահամ նահապետը: Նա վրանի դռան մոտ սպասում էր, որ անցորդ ճամփորդներին պատվի, որոնց թվում էին նաև երեք հրեշտակները: Մարդկային կերպարանքով երեք հրեշտակներ նրա վրանը գալով, մանկան ծնվելու ժամանակը հայտնեցին: Աբրահամը ընդունեց երեք հրեշտակներին, գլուխը խոնարհեց մինչև գետին, ծառաները լվացին նրանց ոտքերը, նա հյուրասիրեց ու պատվեց նրանց, որի համար և ստացավ Աստծու օրհնությունը (Ծննդ. 18): «Այնքան կարևոր է հյուրասիրությունը, որ Աբրահամին առիթ ընձեռնվեց հրեշտակների հյուրընկալելու: Չիմանալով նրանց ով լինելը՝ Աբրահամը նրանց հյուրընկալեց մեծ պատվով, ինչն էլ նրան մեծության արժանացրեց, եթե նա իմանար նրանց ով լինելը, այդ դեպքում նա որևէ մեծ բան արած չէր լինի»,- գրում են եկեղեցու հայրերը: Աբրահամի առաքինությունը արևի պես փայլեց աշխարհի առջև: Նա հաճելի էր թե՛ Աստծու և թե՛ մարդկանց համար: Աստծու ողորմածությամբ տեսակ-տեսակ բարիքների և պատվի արժանացավ, իր ծերության հասակում ժառանգի ծնունդն էլ Աստծու մասնավոր սիրո ու շնորհի փայլուն ապացույցը եղավ:

Ս. Հովհան Ոսկեբերանը «Մի՛ մոռացեք հյուրասեր լինել, որովհետև այդպիսով ոմանք առանց իմանալու հրեշտակներին հյուրասիրեցին» (Եբր. 13:2) հատվածը մեկնաբանելիս, նշում է, որ այստեղ չի ասում՝ եղեք հյուրասեր, այլ՝ մի մոռացեք հյուրասիրությունը: Եկեղեցու հայրերը հորդորում են ուղղակի չընդունել հյուրերին, այլ՝ ընդունել սիրով:

Քրիստոնեական սիրո առանձնահատկություններից է օտարներին հյուրասիրելը: Հյուրասերը լուսավորում է իր կացարանը սիրո լույսով ու ջերմությամբ: Քրիստոնեական սերը խտրականություն չի դնում օտարի և մերձավորի միջև, նման Երկնավոր Հորը, Ով Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա (Մատթ. 5:45):

Քրիստոնեական ընտանիքը մխիթարում է տառապյալներին, կերակրում է սովյալներին, ընդունում է օտարականներին և ջերմացնում դժբախտներին իր սիրով, բարությամբ, ուշադրությամբ, հոգատարությամբ ու մխիթարությամբ: Քրիստոս ասում է, երբ ճաշի կամ ընթրիքի հրավեր տաք, կանչեք նրանց, ովքեր ձեր պաշտպանության կարիքն ունեն, կանչեք անտուններին, սովածներին, թշվառներին (Ղուկ. 14:12-14):

Հյուրասիրությունը հնարավորություն է տալիս մարդուն լավագույն կերպով արտահայտելու իր հոգևոր հատկանիշները: Հյուրասեր մարդը ոչ միայն մարդկային երախտագիտությանն է արժանանում, այլ նաև Աստծու օրհնությանը: «Աշխարհիկ հարստությունը գործածեք այնպես, որ Աստծո բարեկամությունը շահեք, որպեսզի երբ այս աշխարհից դուրս ելնեք, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»,- գրում է ավետարանիչը (Ղուկ. 16:9):

«Ով ընդունում է մարգարեին՝ իբրև մարգարեի, մարգարեի հատուկ վարձ կստանա: Ով ընդունում է արդարին՝ իբրև արդարի, արդարի վարձ կստանա: Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստահ եղեք, որ իր վարձը չի կորցնի» (Մատթ. 10:41-42):

Ցավոք, այսօր իրական հաղորդակցությունը երկրորդ պլան է մղվում. նրան փոխարինում է վիրտուալը: Որոշ մարդկանց կարծիքով ավելի հեշտ է հաղորդակցվել սոցիալական ցանցերի և հեռախոսի միջոցով, քան միմյանց հյուր գնալ: Հաղորդակցության այդպիսի միջոցները օտարացնում են մարդկանց, իսկ հյուրասիրության սովորույթն էլ՝ մոռացության մատնում:

Հյուրասիրությունը ոչ միայն քրիստոնյայի սուրբ պարտականությունն է, այն նաև իր մեջ հիանալի խոստում է կրում: «Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի Ինձ, և ով Ինձ է ընդունում, ընդունած կլինի Ինձ ուղարկողին» (Մատթ. 10:40): Եթե հետևենք Տիրոջ այս խոսքին, ապա կիրագործենք նաև առաքյալի հորդորը. «Հյուրասիրությո՛ւն ցույց տվեք միմյանց՝ առանց տրտնջալու» (Ա Պետրոս 4:9):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

07.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․