4 Հունիս, Եշ, Ե օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Մոսկվայում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Ժողովի սկզբում, Տերունական աղոթքից հետո ժողովականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ԳՀԽ բարեհիշատակ անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգու հանգստության համար:

Այնուհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերին ընդառաջ Մոսկվայում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ ԳՀԽ հերթական ժողովը գումարվում է Մոսկվայում՝ նկատի առնելով նաև այն, որ այս տարի լրանում է Ռուսաստանում հայոց թեմի հիմնադրման 300-ամյակը։ Տեղեկացնելով, որ հոբելյանական տարվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու սեպտեմբեր ամսին՝ Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների անունից շնորհավորեց թեմակալ առաջնորդին Ռուսաստանի օրհնյալ երկրում Հայոց Եկեղեցու սպասավորության 300-ամյակի առիթով՝ մաղթելով նաև, որ Տերը զորավոր պահի դարավոր բարեկամությունը հայ և ռուս ժողովուրդների և երկու Եկեղեցիների ու պետությունների գործակցությունը։

Արդյունավոր աշխատանք մաղթելով հոգևոր խորհրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Աստծու օգնականությունը հայցեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա նվիրյալ սպասավորներին։

Առաջին օրվա նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Ժողովի առաջին օրը Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի ուշադրությանը զեկույց ներկայացրեց «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը։ Կարևոր այս ծրագրի իրականացման պատասխանատվությունը հանձն առած տիար Ասո Դավիդյանը տեղեկացրեց առ այսօր կատարված աշխատանքների և անցկացված անհրաժեշտ խորհրդակցությունների մասին։

Ներկայացված տեղեկատվության շուրջ ծավալված քննարկումից հետո Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքը հայտնեց տիար Ասո Դավիդյանին, ինչպես նաև ծրագրի խորհրդատվական մարմնում ընդգրկված հոգևորականներին ու աշխարհականներին իրենց կարևոր հանձնառության համար։

Եռօրյա ժողովի ընթացքում քննության կառնվեն կանոնադրական, թեմական, ազգային ու հասարակական բազմաբնույթ հարցեր:

16.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․