Գրքեր

Նեղ դուռը և դժվարին ճանապարհը դեպի կյանք են առաջնորդում

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի Լուսավորչի՝ սուրբ Գրիգորի հիշատակը. նրա մուտն ի Վիրապ, ելն ի Վիրապեն և նշխարաց գյուտը: Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայ եկեղեցին հիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը, որ այս տարի մարտի 25-ին էր: Հայոց առաջին հայրապետի հիշատակության առթիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մարտի 26-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Խոր Վիրապ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագին մասնակցելուց հետո երիտասարդ ուխտավորները շարունակեցին իրենց աղոթական ընթացքը և ճանապարհին Հայ եկեղեցու առաջին հայրապետի վարքի մասին խոսելիս հիշեցին  Տիրոջ հետևյալ խոսքը. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է, և ճանապարհը՝ ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթ. 7:13-15):

Հասնելով սրբավայր՝ երիտասարդաց միության անդամները, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին վանքի Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում, նաև Խոր Վիրապում՝ հայցելով Հայոց առաջին հայրապետի բարեխոսությունը Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և զորացման համար: Խոր Վիրապի հոգևոր սպասավոր Տեր Արարատ քահանա Պողոսյանն օրհնեց երիտասարդներին՝ մաղթելով, որ ամենակարող Տերը Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ ի կատար ածի նրանց ուխտը:

Միասնական աղոթքից հետո երիտասարդները սիրո ճաշ և հոգևոր զրույց ունեցան: Հոգեշահ զրույցի ընթացքում Տեր Վահանը պատասախանեց երիտասարդների տարաբնույթ հարցերին և Ս. Գրիգոր Լուսավորչի կյանքի օրինակը մեջբերելով՝ հորդորեց նրանց անսահման վստահություն, սեր ու մեծ հավատ ունենալ առ Աստված, սիրել կյանքն առաց մեղքերի, քանի որ սխալ է այն պատկերացումը, որ հնարավոր չէ ապրել մաքուր, ազնիվ և արդար. «Հայ քրիստոնյայի կյանքը չպետք է անցնի եկեղեցուց դուրս, եկեղեցու կողքով, այլ եկեղեցուց ներս, սուրբգրային պատվիրաններով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, և Աստված կտա մեր ժողովրդին այն բաղձալի խաղաղությունն ու ապահովությունը, որ ազգովի ցանկանում ենք ունենալ»:

Հերթական աղոթքի ուղին հոգեպես նորոգեց և զորացրեց «Զորավոր» երիտասարդաց միության անդամներին՝ անցնելու համար այն ճանապարհով, որ դեպի կյանք է առաջնորդում:

Առ այսօր Քրիստոսի ճշմարիտ հետևորդները Տիրոջ օգնությամբ ջանում են անցնել նեղ դռնով և դժվարին ճանապարհով, որ դեպի կյանք է առաջնորդում: Այդ ճանապարհին նրանք հոգեպես զորանում են Տիրոջ խոսքով, Ս. Պատարագին մասնակցությամբ, ուխտի ճանապարհներով, պահեցողությամբ ու բարեգործությամբ: Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը նեղ դռնով և դժվարին ճանապարհով անցնողներին հետևյալ հորդորն է տալիս. «Քրիստոս ասում է՝ ոչ թե նայենք ճանապարհի դժվարին է և նեղ լինելուն, այլ այնտեղ, թե որտեղ է ավարտվում այն և կրկին՝ ոչ թե նայենք ընդարձակ ու լայն ճանապարհին, այլ այնտեղ, թե ուր է տանում այն: Այս ամենն ասում է Տերը, որ քաջալերի Իր հետևորդներին: Այդ պատճառով չտրտմենք, եթե կյանքի ճանապարհին դժվարությունների հանդիպենք: Երբ Փրկիչն ասում է, որ քիչ են նրանք, որ գտնում են այդ փրկարար ուղին, այդ կերպ բացահայտում է շատերի ծուլությունն ու ծայրահեղ խելագարությունը և ոգեշնչում Իր հետևորդներին ուշադրություն դարձնել ոչ թե շատերի բարգավաճմանը, այլ  քչերի փրկարար ջանքերին: Պետք չէ նայել շատերին և, հետևաբար, շփոթվել, այլ պետք է ոգեշնչվել կյանքն ընտրած քիչ անձանցով, այդ կերպ քաջալերվել և ուժեղանալ»:  

 

Կարինե Սուգիկյան

 

27.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․