Գրքեր

Ներդաշնակության ուղու երեք բանալիները

Հաջողության և երջանկության գրավականներից մեկը ներքին ներդաշնակությունն ունենալն է: Եվ ընդհանրապես առանց ներդաշնակության ամբողջ տիեզերքը գոյություն ունենալ չի կարող, որտեղ համաչափորեն մոլորակները շարժվում են` չբախվելով միմյանց ու տիեզերական օրենքի առաջնորդությամբ ուղղորդվելով: Ուստի, ներդաշնակությունը ենթադրում է կարգավորություն: Հին Կտակարանը մարդու համար այդ կարգավորությունը տալիս է պատվիրանների միջոցով, իսկ Նոր Կտակարանում կարգավորության ամբողջությունը սիրո պատվիրանի գիտակցությամբ է ամբողջանում: Ըստ էության, պատվիրանները ընկերային կարգի հիմունքները կարգավորող օրենքներ են և Աստծո հետ հաղորդակցությունը պահպանելու առհավատչյա,  ինչպես նաև հանդիսանում են անհատի հոգու և մարմնի ներդաշնակ կեցության ուղեցույց: 

Հոգևոր ներդաշնակություն ունենալ, նշանակում է ունենալ ներքին զորություն,  որը դրոշմված է աստվածային խաղաղությամբ և  Արարչի հետ հաղորդակցմամբ: Ոչինչ չի կարող այնքան արժեքավոր լինել, որքան ներքին ներդաշնակության հասնելը, որը  ձևավորվում է առաքինությունների միջոցով, իսկ այդ ամենի խարիսխը աստվածային սերն է: Կարող ես ունենալ բազմաթիվ արտաքին հաջողություններ` փող, իշխանություն, փառք և այլն, սակայն հոգու խորքում հատվում ես մի սահմանագծի, որտեղ անհունության մեջ կորչում են այդ բոլոր ձեռքբերումների առկայությունները, և մարդը դատարկություն է զգում, որովհետև չկա  հարատև հոգեկան գոհունակություն և բավարարվածություն այդ ամենի մեջ: Նյութական հաջողություններն այդ բոլորը պարգևում են կարճատև, որովհետև անշունչ են, նրանց մեջ չկա այն կենսական կյանքը, որը մարդու հոգուն տալիս է հավերժության կեցության գարնանային լույսը: Արդ, գիտակցաբար, թե ենթագիտակցաբար մարդը փնտրում է ներքին ներդաշնակության բանալին: Բայց հարցն այն է, թե մարդն ինչ արժեքների վրա է կենտրոնացած` կամա, թե ակամա կամք գործադրելով ունենալու համար այդ արժեքները: Եթե նրա միտքն ու սիրտը կենտրոնացած են մեղավոր, մարմնավոր արժեքների վրա, ապա նրա ուղին ուղղորդվում է մեղավոր մտածումներով, ցանկություններով և բնազդներով: Սա մարդուն տանում է անտեսանելի անդունդը, որի սարսափելի անհունությունը շատ հաճախ նա ոչ պատկերացնում է և ոչ էլ տեսնում, որովհետև մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն (Հռոմ. 8.7): Սա ինքնաոչնչացման անտեսանելի ուղի է, որովհետև այստեղ մարդը ոչ թե գտնում է ներդաշնակություն, այլ խաբկանք, պատրանք, թվացյալ վիճակ, հոգևոր իրականության ոչ ճիշտ գնահատում, կատարած արարքների համար պատասխանատվության կորուստ: Անհրաժեշտությունը դառնում է ոչ թե առաքինությունը, այլ մոլությունը, որովհետև գործում ես այն, ինչն իրապես անհրաժեշտ է, այլ ինչը թելադրում են մեղավոր ցանկությունները և հավաստիացնում, թե անհրաժեշտը դա է, իսկ իսկության մեջ թույն է, պատկերավոր ասած, որի պարունակության տարրայի վրա գրված է ՙկյանք՚: Մարդուն թվում է, թե ինքն ապրում է կենսական բավարարվածություն և գոհունակություն խմելով այն և դիտարկելով որպես կյանք, բայց այդ թույնը ներգործում և քայքայում է մարդու հոգին և մարմինը, որն իրականում կոչվում է մեղք, այլ ոչ թե կյանք: Այս ամենը տարբերելու համար մարդը պետք է փոխի իր մտածողության համակարգը, ինչպես ասում է առաքյալը, որ մեղքի մեջ թաղված աշխարհի կերպարանքով մի կերպարանվենք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը և թե ինչն է Աստծո կամքը` բարին և հաճելին և կատարյալը (Հռոմ.12.2): Մարմնավոր մարդու համար տեսանելի չէ իրական ազատությունն ու կյանքը, որովհետև նա գտնվում է կրքերի ու ցանկությունների շրջանակներում փակված, որից այն կողմ ի վիճակի չէ տեսնել հոգեղեն իրականությունը: Նրա համար էականը թվում է մարմնավորը և բնազդայինը: Խավարի մեջ գտնվողն ինչպե՞ս կարող է տեսնել լույսը: Արդ, խավարի մեջ մնացողը և այդ ուղղությամբ ձգտողը շարունակաբար քայլում է դեպի կենդանական օրենքն ու աշխարհը, որտեղ աղճատվում է երկնային կարգավորությամբ հաստատված մարդու ներդաշնակ վիճակը, և նա հայտնվում է իր էության ամբողջական խաթարման առջև:  Բայց ի՞նչն է Աստծո կամքը մեզ համար: Շատերին թվում է, թե Աստծո կամքը կյանքի սահմանափակում է կամ պարտադրանք: Վստա՛հ եղեք, ամենևին այդպես չէ: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Ուրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք, ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս» (Ա Թեսաղ. 5:16-18): Երեք բանալիներ` հոգևոր ուրախություն, աղոթք և գոհություն ի Քրիստոս: Ահա այս բանալիների իսկության խորհուրդը հասկանալով և դրանցով ապրելով մարդն իր հոգու և մարմնի ներդաշնակության ուղին է կերտում, քանի որ այս պարագայում նա հայտնվում է տիեզերական անսահման երջանկության և ազատության մեջ: Դրա համար էլ առաքյալն ասում է. «Հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ  ճշմարիտ  սրբութեամբ» (Եփես 4.22-24):

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

25.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․