19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Փառքի ճանապարհ

Ասում են, թե մի զինվորական տեսիլք է տեսնում, որ Միքայել հրեշտակապետը երկնային զորքերով իրեն է մոտենում ու ասում.

- Տեր Աստված տեսավ քո հավատարմությունն ու հավատքը և կամենում է քեզ շնորհ անել այն, ինչ որ խնդրես:

Զինվորը առիթը չկորցնելով արագ պատասխանում է.

- Խնդրում եմ, որպեսզի Աստծո զորությունը գործի իմ մեջ, որպեսզի զորավոր գործեր անեմ և այս աշխարհում Աստծո անունը փառավորեմ, ինչպես դուք եք փառավորում Տիրոջ անունը երկնային զորագնդերով ու զորությամբ:

Միքայել հրեշտակապետը պատասխանում է.

- Շատ լավ...

Տեսիլքն անհետանում է, և զինվորը, խրոխտ կանգնած, սպասում է ստանալ Աստծո զորությունը, որպեսզի զորավոր ու գերբնական գործերով զարմացնի աշխարհին ու Աստծո անունը փառավորի: Սակայն իր թիկունքի հատվածում մի մեծ ցավ է սկսում, և զինվորը ծռվում է ու կուզեկուզ սկսում քայլել` ամբողջ ժամանակ հայացքը հառած գետնին: Տխրում է և բողոքում Աստծուն.

- Տե՛ր Աստված, ես զորություն խնդրեցի, բայց իբրև պարգև` ինձ տկարություն տվեցիր, ոչ կարողանում եմ մարդանց նայել, ոչ էլ երկնքին, որպեսզի փառքովդ հիանամ, այլ ամբողջ ժամանակ գետինն ու հողն եմ տեսնում:

Այսպես զինվորը դեգերելով երկրից երկիր, քաղաքից քաղաք, փորձում է դեղ ու դարման գտնել, որպեսզի կրկին հպարտ կանգնի ու Աստծո անունը փառավորի: Եվ մի անգամ լեռան ստորոտին հանդիպում է մի աղբյուրի, խմում ու բուժվում է: Մեծ ուրախությամբ մտնում է մոտակա քաղաքը և տեսնում մի այրի կին՝ լացակումած ու հուսահատ, արտասվում է իր մահամերձ որդու մոտ: Մոտենում է և մի սրվակով աղբյուրի ջուրը խմեցնում մահամերձ տղային, որն ուշքի է գալիս, բուժվում:

Եվ այսպես զինվորը բազում հիվանդ մարդկանց հայտնում ու ցույց է տալիս հրաշք աղբյուրի մասին ու շատերին օգնում, ովքեր Աստծուն գոհություն ու փառք են հայտնում:

Շատ մարդկանց համար փառքն այն է, ինչ մեծացնում, բարձրացնում է իրենց և հաջողություններով ու գործերով մյուսների մեծարանքին արժանանում: Աստծո փառքն այլ է`ոչ թե Իր ամենակարողությամբ Ինքն Իրեն բարձրացնելու, մեծարանքի արժանանալու, այլ Իր շնորհը, սերը, բարությունը, հոգատարությունը մարդկանց փոխանցելու մեջ է:

 

Հովհաննես Մանուկյան

 

27.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․