Գրքեր

Ուխտավորները կրկին անգամ հաղորդ դարձան Ս. Անանիայի մասնատուփ-աջի զորությանը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 17-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի հետ միասին ուխտավորներն արարողության ընթացքում սբ. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով Հայոց ազգի համար: 

Ուխտի օրհնաբեր օրն իր շարունակությունն ունեցավ, երբ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  գանձատնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի անդամների ու բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը: Ներկաներն ունկնդրեցին սրբի մասին պատմող ավետարանական ընթերցումները և մասնակից եղան ուխտի Սուրբ Պատարագին, որ մատուցեց Մայր Աթոռի միաբան Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Իր քարոզին Հայր Սուրբն, անդրադառնալով սբ. Անանիայի վարքին և օրվա սուրբգրային ընթերցումներին, մասնավորաբար ասաց. «Ինչպես Աստված մարդկության պատմության ընթացքում կանչեց, ընտրեց Իրեն հավատարիմներին կարևոր առաքելության համար, այնպես էլ այսօր Տերն ամենքիս կանչում է՝ ավելի ուժեղ, հուսառատ, մեղքերից ձերբազատված և մաքուր տեսնելու անհագ ցանկությամբ: Որպես սիրող և գթառատ Հայր՝ Աստված շարունակում է կանչել մեզ, քանի որ ցանկանում է տեսնել մեզ նյութականից ձերբազատված, հոգեպես զորացած, մշտարթուն և փրկված, որպեսզի Տիրոջ կանչի ժամանակ կարողանանք սբ. Անանիա առաքյալի նման ասել՝ այստեղ եմ Տեր, այսինքն՝ պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել՝ դառնալու եկեղեցու գործուն անդամը և իմ կենցաղավարությամբ ամեն վայրկյան վկայելու Տիրոջ մեծագործությունների և իմ հանդեպ տածած Նրա անսահման սիրո մասին: Աստծու կանչին անսալն ու հավատարմությունն է մեզ այլակերպում և ամենակարևորը հույս տալիս՝ դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելու համար»:

Արդեն տասներորդ տարին է, որ առաքյալի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորներ, ուխտի Ս. Պատարագին մասնակցելով, հաղորդակից են լինում Ս. Անանիայի մասնատուփ-աջի զորությանը և իրենց խոնարհումը բերում Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Սրբի մասունքին հավատով դիպչող քրիստոնյան զգում է թե՛ սրբի կենդանի ներկայությունը և թե՛ սրբի բարեխոսական աղոթքի զորությունը, քանի որ քրիստոնյայի համար հոգևոր աշխարհը շատ ավելի իրական է, քան տեսանելի աշխարհը: Սրբերը՝ որպես հաղթական եկեղեցու անդամներ, իրենց հիշատակության օրերին կարծես դիմում են զինվորյալ եկեղեցու անդամներին և ասում, որ բոլորն էլ կարող են քայլել այն ճանապարհով, որով իրենք են քայլել և որ իրենք օգնական, ուղեկից ու աղոթակից են այդ ճանապարհով ընթացողներին՝ հիշեցնելով, որ զիվորյալ եկեղեցին միայնակ չէ, ինչպես Տերն է խոստացել Իր հետևորդներին ՝ Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28:20):

 

Կարինե Սուգիկյան

17.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․