Գրքեր

Օտարասեր և ողորմած լինելու մասին

Անտիոքցի ոմն մենակյաց գնաց սուրբ Երուսաղեմ՝ աղոթելու: Երբ հասավ այնտեղ, վերջացան ապրուստի միջոցները, և նստած տրտմում էր, թե ինչ անի: Սրտի հուզմունքից նիրհեց և տեսավ Հիսուսին, որ ասաց իրեն. «Գնա՛ սուրբ Հարություն եկեղեցու տնտեսի մոտ և նրան ասա՛, թե Հիսուսն ինձ ուղարկեց քեզ մոտ: Տո՛ւր ինձ մեկ դահեկան, և ես քեզ ստացագիր կտամ, որ երբ Տեր Հիսուսը գա, հատուցի քեզ»: Եվ մենակյացը զարթնելով` աղոթեց և հավատալով խոսքին` գնաց տնտեսի մոտ և ասաց նրան` ինչպես որ Հիսուսն էր ասել: Իսկ նա պատասխանեց. «Ե՞րբ կգա Հիսուսը` դահեկանը հատուցելու»: Եվ մենակյացն ասաց. «Ինչպես լսեցի` ասացի, դու վարվի՛ր` ինչպես կամենում ես: Այնժամ տնտեսն ասաց. «Գրի՛ր ստացագիրը»: Եվ մենակյացը նստեց ու այսպես գրեց. «Ես` Հովհաննեսս, Անտիոքի եկեղեցուց, քեզանից` Սուրբ Հարություն եկեղեցու եկեղեցպան քահանա Ստեփանոսիցդ վերցրի ինձ անհրաժեշտ մեկ դահեկան: Գրեցի այս ստացագիրը, որ երբ Տեր Հիսուսը գա, քեզ հատուցի այս մեկ դահեկանը»: Եվ դահեկանը առնելով` գնաց: Եվ այդ գիշեր երազում տնտեսը տեսավ Հիսուսին, որ նրան ասաց. «Ա՛ռ դահեկանը և տո՛ւր մենակյացի ստացագիրը»: Իսկ նա դժվարանում էր այս բանն անել՝ ասելով. «Նա ինձ ասաց, թե Հիսուսը կգա և կհատուցի ինձ»: Դարձյալ ասաց. «Ես եմ Հիսուսը, ա՛ռ դահեկանը և տո՛ւր ստացագիրը, մի՞թե ավելին ես ուզում ստանալ. ահավասիկ քոնը»: Եվ դողալով արթնանալով՝ հապճեպ մարդիկ ուղարկեց՝ որոնելու մենակյացին և ասաց. «Որտեղ էլ գտնեք նրան, բերե՛ք այստեղ»: Եվ գտնելով նրան` ասացին. «Ե՛կ, տնտեսը քեզ կանչում է»: Եվ նա իր մտքում ասաց. «Ուրեմն փոշմանեց և կամենում է ետ վերցնել դահեկանը»: Եվ մտավախությամբ գնաց նրա մոտ, իսկ երբ տնտեսը տեսավ նրան, ասաց. «Ո՜վ աբբա, այսօր ճաշի՛ր ինձ հետ»: Իսկ նա դահեկանի համար խիստ մտահոգ էր: Ճաշելու ընթացքում տնտեսն ասաց. «Տե՛ր աբբա, վերցրո՛ւ ինձանից ևս մի դահեկան և տո՛ւր ինձ ևս մի ստացագիր»: Իսկ նա ասաց. «Ների՛ր ինձ, բայց ավելինի կարիքը չունեմ, սա բավական է ինձ»: Եվ նա, պատմելով գիշերվա երազը, աղաչեց նրան և ասաց. «Վերցրո՛ւ տասը լիտր ոսկի և քո կողմից մի ստացագի՛ր գրիր»: Մենակյացն ասաց. «Իմ ձեռքից ուրիշ ստացագիր չես ստանա, որովհետև իմ Տերն ավելին առնելու մասին ինձ չի ասել, սակայն եթե հավատում ես Քրիստոսին,  բազում աղքատներ կան, որ քեզ ստացագիր կտան»: Եվ հիանալով անսուտ խոստման վրա` բոլորը փառք տվեցին Աստծո արդար  դատաստանին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․