Գրքեր

Պահքի շրջանի առակները

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ պահքը կարևորագույն շրջաններից է, որն իր ուղերձներով դուրս է գալիս ծիսական-արարողական սահմաններից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա անհատի զղջման և խոստովանության ճանապարհը, որ տանում է դեպի Գողգոթա, դեպի հաղթանակ: Ապաշխարությունն առաջին նախապայմանն է այդ ճանապարհը անցելու: «Ապաշխարեցե՛ք, որովհետև մոտեցել է Երկնքի Արքայությունը»,- կոչ է անում Քրիստոս (Մատթ. 4:17): Փրկության ճանապարհը ապաշխարության ճանապարհն է: Ապաշխարությունը և զղջման ընթացքը մեր հավատքը հաստատուն է պահում: Մեծ պահքի այս յոթ շաբաթները հնարավորություն են տալիս մեզ ոչ միայն քրիստոնյա համարվել, այլև քրիստոնյա լինել, ապրել քրիստոնավայել կյանքով՝ սեփական առօրյայում կրելով Քրիստոսի վարդապետությունը: Քանի որ. «Հիմա՛ է այդ հարմար ժամանակը, հիմա՛ է փրկության օրը» (Բ Կորնթ. 6:2): Քրիստոնեությունը կյանք է, կյանքը ապրելու ձև է:  

Փրկչի ժամանակներում արևելյան ժողովուրդների մեջ չափազանց տարածված էին առակները: Քրիստոս պարզապես շարունակում է ժողովրդին հարազատ այդ ավանդույթը: Հիսուս Քրիստոս, մարդու առօրյա կյանքից քաղելով օրինակները և ճշմարտությունը առակներով բացատրելու Իր կերպերը, իշխանությամբ և հեղինակությամբ էր խոսում և կենդանի, մտերմիկ ու ջերմ մթնոլորտ ստեղծում Իր և Իրեն ունկնդրող ժողովրդի միջև: Պահքի շրջանի առակներն իրենց բազմախորհուրդ բարոյախրատական բովանդակությամբ բացահայտում են քրիստոնեական վարդապետությունը, ցույց են տալիս այն ճանապարհը, որ քրիստոնյան պիտի անցնի այս շրջանում: Մեծ պահքի շրջանում ընթերցվող առակներն են՝ «Անառակ որդին» (Ղուկ. 15:11-32), «Անիրավ տնտեսը» (Ղուկ. 16:1-13) և «Այրին և դատավորը» (Ղուկ. 18:1-8):

Այս առակներում հանդիպում ենք ինքներս մեզ, մենք բոլորս կանք այս առակներում՝ որպես տնից հեռացած զավակ, կամ որպես ավագ որդի, որը բարկանալով հրաժարվում է տուն մտնել՝ համարելով, թե տարիների հավատարմության համար պատշաճ կերպով չի վարձատրվել, կամ՝  որպես տնտես, որը մտածում էր, թե ինչպես հետագայում պիտի հայթայթի իր ապրուստը, կամ էլ այրի կին, որ իր համառությամբ ստիպեց դատավորին անցկացնել դատը և ազատել իրեն թշնամուց: Այս առակները թե՛ դավանաբանական, թե՛ իմաստասիրական տեսանկյունից մի շղթա են կազմում՝ զղջում, խոստովանություն, ողորմածություն, աղոթք:

Պահքի շրջանում ընթերցվող «Անառակ որդու» առակը քրիստոնեական վարդապետությունն ամենախոր կերպով բացահայտող առակներից մեկն է: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Եթե աշխարհի երեսին բոլոր գրքերն այրվեին, անգամ՝ Սուրբ Գիրքը, ու փրկվեր միայն «Անառակ որդու առակը», դա բավական կլիներ մարդկության համար, որպեսզի լուսավորվեր և փրկվեր»: Այս առակը ներկայացնում է մի ամբողջ թագավորություն, մի ամբողջ կյանք, մի ամբողջ ավետարան: Ի զուր չէ, որ այն կոչում են «Ավետարան, ավետարանի մեջ», ինչպես նաև՝ «աշխարհի մեծագույն կարճ պատմությունը»: Մեղքի և ապաշխարության մասին  խոսելիս մեկնիչները հաճախ են հիշում այս առակը: Ապաշխարությունն իր մեջ շարժում է պարունակում: Առակի ուղերձն է՝ գնալ դեպի Հայրը, դեպի Ճշմարտությունը, Լույսը, դեպի եկեղեցին:

Անիրավ տնտեսի առակում տնտեսը, երբ հեռացվում է աշխատանքից, մտածում է նոր կամուրջներ ստեղծելու մասին: Գովում է տերը տնտեսին, որովհետև նա մտածեց իր ապագայի մասին: Մարդուն իր կյանքի համար անհրաժեշտ է կամուրջ: Մեր կյանքի իմաստը կամուրջ կառուցելն է՝ հասնելու համար հավիտենական բնակարան: Տերը պահանջեց տնտեսից տնտեսությունը: Հաշիվ տալու համար պիտի պատրաստվենք, պետք է արթուն լինենք գործով: Պետք է այնպես ապրենք, որ մեր կյանքի գրքույկը մաքուր լինի: Տնտեսի կիրակին մեզ սովորեցնում է կամուրջի հիմքը դնել, իսկ դատավորինը՝ ինչպես կառուցել կամուրջը: Սովորենք աշխարհի որդիներից ոչ թե չարը, այլ՝ բարին: Դատավորի կիրակին հիշեցնում է մեր կյանքում աղոթքի տեղն ու դերը: Յուրաքանչյուր քրիստոնյայի համար աղոթքը կյանքի գլխավոր նպատակակետներից մեկն է: Հարկ է միշտ աղոթել՝ առանց վհատվելու (Ղուկ. 18:1), որպեսզի արթուն մնանք (Մատթ. 25:13) և փորձության մեջ չընկնենք (Ղուկ. 22:40) երկրավոր այս կյանքի իրարանցումների մեջ: Աղոթքը քրիստոնյայի կյանքի բաղկացուցիչ մի մասն է:

Ճշմարիտ քրիստոնյայի փրկության անհրաժեշտ միջոցներն են՝ ապաշխարությունը, աղոթքը, պահքը, ողորմությունը: Մեծ պահքի այս շրջանում Աստված մեզ հրավիրում է զղջման ու խոստովանության, որն ամբողջանում է աղոթքով, պահքով և ողորմությամբ, առաքինություններ, որոնք կարևոր են մեղքերից մաքրվելու և հավիտենական կյանքին արժանանալու համար: Եվ «Արդ, ովքեր սրանք կատարում են Աստծո հանդեպ սիրով, նրանցն է Երկնքի Արքայությունը, նրանք են մխիթարվում, երկիրը ժառանգում, հագենում, ողորմություն գտնում, նրանք են Աստծուն տեսնում, Աստծո որդի կոչվում, երկնքում ցնծում և ուրախանում, որովհետև նրանց վարձքը շատ է այս կյանքում ու հանդերձյալում՝ ըստ մեր Քրիստոս Աստծո անսուտ խոստման (Մատթ. 5:3-12)» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):

 

Գայանե Սուգիկյան

10.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․