Գրքեր

Պատանիները պետք է ողջախոհության քննություն հանձնեն

Այսօր ուսանողուհիներ էին եկել և խնդրում էին ինձ. «Հա՛յր, աղոթեք, որ մենք քննությունները հանձնենք»: Իսկ ես նրանց պատասխանեցի. «Կաղոթեմ, որ դուք ողջախոհության քննությունները հանձնեք: Դա է ամենակարևորը: Դրանից հետո մնացածն էլ կարելի է իրենց տեղերը դասավորել»: Ճի՞շտ ասացի նրանց, թե՞ ոչ: Այո, եթե այսօր պատանիների դեմքին համեստություն, ողջախոհություն ես տեսնում, ապա դա մեծ բան է: Շա՜տ մեծ բան:

Ի՜նչ դժբախտ, խեղված աղջիկներ են երբեմն ինձ մոտ գալիս: Նրանք մեղքի մեջ են ապրում երիտասարդների հետ՝ չհասկանալով, որ վերջիններիս հետապնդած նպատակներն անմաքուր են: Եվ այդ կերպ խեղճերը հաշմանդամ են դառնում: «Ի՞նչ անեմ, հա՛յր»,- հարցնում են ինձ: «Գինետան տերը,- պատասխանում եմ նրանց,- թեկուզև ընկերություն է անում հարբեցողի հետ, բայց իր դստերը նրան կնության չի տալիս: Վե՛րջ տվեք մեղավոր կապերին: Եթե նրանք, ում հետ մեղք եք գործում, ձեզ իսկապես սիրում են, ապա հարկ եղածի պես կգնահատեն դա: Իսկ եթե լքեն ձեզ, կնշանակի, որ ձեզ չեն սիրում, և դուք զուր ժամանակ չեք վատնի»:

Բանսարկուն օգտագործում է պատանեկան հասակը, երբ ընդվզում է մարդու մարմինը և ջանում փչացնել երիտասարդներին այդ դժվարին ժամանակահատվածում, որում նրանք գտնվում են: Նրանց գիտակցությունը դեռևս հասուն չէ, նրանք բավականին անփորձ են և հոգևոր խնայողություններ ամենևին չունեն: Այդ պատճառով էլ այդ բեկումնային տարիքում գտնվող պատանին պետք է զգա, որ իրեն անընդհատ անհրաժեշտ են մեծերի խորհուրդները: Այդ խորհուրդները նրան պետք են, որպեսզի չսայթաքի աշխարհիկ անկման քաղցր բլրակի վրա, որը սպառնում է տագնապով լցնել նրա հոգին և հավիտյանս հեռացնել Աստծուց:

Ես հասկանում եմ, որ ֆիզիկապես առողջ երիտասարդի կամ աղջկա համար հեշտ չէ պատանեկան հասակում նման հոգևոր վիճակում գտնվել, որպեսզի տարբերություն չդնի «ո՛չ արուի և ո՛չ էգի» (Գաղ. 3:28) միջև: Այդ պատճառով էլ հոգևոր հայրերը տղաներին խորհուրդ են տալիս աղջիկների հետ ընկերություն չանել, որքան էլ որ երեխաները հոգևոր լինեն, որովհետև տարիքը դժվարություններ է առաջացնում ինքն իրենով, և բանսարկուն օգտագործում է նրանց պատանեկությունը: Այդ պատճառով էլ պատանու համար ավելի նախընտրելի է, որ իր հոգևոր մաքրության և ողջամտության համար աղջիկներն իրեն նույնիսկ հիմար համարեն (կամ աղջկա համար, որպեսզի պատանիներն իրեն հիմար համարեն), և այդ կերպ իր վրա վերցնի այդ ծանր խաչը: Քանի որ այդ ծանր խաչի մեջ է թաքնվում Աստծու ողջ զորությունն ու իմաստությունը, և այնժամ պատանին ուժեղ կլինի Սամսոնից (Դատ. 15:14-և այլն) և իմաստուն՝ Սողոմոնից (Գ Թագ. 3:9-12): Փողոցում քայլելիս պատանին ավելի լավ է աղոթի և կողքերը չնայի, եթե նույնիսկ հարազատներն ու ծանոթները դա ճիշտ չհասկանան և վիրավորվեն, համարելով, որ իբր նա արհամարհում է իրենց և այդ պատճառով չի խոսում իրենց հետ: Դա ավելի լավ է, քան հետաքրքրասիրությամբ կողքերը նայելը և նույնիսկ աշխարհիկ մարդկանց կողմից սխալ հասկացվելը, որոնք ամեն ինչի մասին խորամակնորեն են մտածում: Պատանու համար հազար անգամ ավելի լավ է եկեղեցական ծառայությունից հետո փախչել մարդկանցից, որպեսզի պահպանի իր հոգևոր ողջամտությունը և այն օգուտը, որ եկեղեցում է ստացել, քան նստել ու անհոգությամբ կանանց մորթե օձիքներով հիանալ (կամ աղջիկը՝ տղամարդկանց փողկապներով) և հոգևոր առումով անողոքանալ, քանի որ թշնամին ճանկռում է նրա սիրտը:

Այն, որ աշխարհը, դժբախտաբար, քայքայվել է՝ ճշմարտություն է: Եվ իրեն մաքուր պահել ձգտող մարդը կեղտոտվում է, որտեղ էլ, որ հայտնվի: Սակայն տարբերությունն այն է, որ Աստված ժամանակակից մարդուց այնպես չի գանձի, ինչպես հնում էր գանձում քրիստոնյայից, ով ցանկանում էր իրեն անաղարտ պահել: Սառնասրտություն է անհրաժեշտ, պատանին պետք է անի այն, ինչ կարող է՝ ճգնել, խուսափել մեղքի առիթներից: Մնացած ամեն ինչում մեր Տեր Քրիստոս կօգնի: Հոգում բռնկված աստվածային հոգատարությունն այնքան բոցավառ է, որ յուրաքանչյուր կիրք, յուրաքանչյուր անպարկեշտ պատկեր այրելու ուժ ունի: Երբ մարդու մեջ այս կրակը բորբոքվի, նա կզգա նաև այն աստվածային բավականությունները, որ անհամեմատելի են ցանկացած այլ բավականության հետ: Նա, ով ճաշակել է այս երկնային մանանան, բոլորովին անտարբեր է մնում եղջերենու վայրի պտուղների քաղցրությանը: Այդ պատճառով էլ պատանին պետք է ղեկանիվը պինդ բռնի իր ձեռքերում, խաչակնքվի և չվախենա: Մի փոքր պայքարից հետո նա երկնային բավականություն էլ կստանա: Գայթակղության ժամին արիություն է անհրաժեշտ, և Աստված հրաշալի կերպով կօգնի նրան:

Հայր Օգոստինոսը(1) ինձ պատմեց, թե ինչպես նորադարձ միաբան լինելով, ընդունվեց իր հայրենիքի՝ Ռուսաստանի վանքերից մեկը: Մենաստանի համարյա բոլոր եղբայրները ծերունիներ էին և այդ պատճառով էլ նրան ուղարկեցին մենաստանի ձկնորսին օգնել ձուկ բռնելու, քանի որ վանքն ապրում էր ձկնորսության հաշվին: Մի անգամ այդ ձկնորսի դուստրը եկավ գետափ, որտեղ նրանք աշխատում էին և հորն ասաց, որ անհապաղ տուն գնա ինչ-որ շտապ գործով: Իսկ ինքը մնաց միաբանին օգնելու: Սակայն սատանայական գայթակղությունը տիրեց նրան, և նա միաբանի վզովն ընկավ մեղավոր մտադրություններով: Անտոնը նախ շփոթվեց, հայր Օգոստինոսին այդպես էին կոչում աշխարհում, որովհետև ամեն ինչ հանկարծակի եղավ: Բայց հետո նա խաչակնքվեց ու բացականչեց. «Ավելի լավ է խեղդվեմ, քան մեղք գործեմ» և նետվեց հորդահոս գետը: Սակայն Բարեգութ Աստված, տեսնելով անաղարտ պատանու մեծ եռանդը, ով սուրբ Մարտինիանոսի(2) սխրանքը կրկնեց՝ ձգտելով պահպանել ողջախոհությունը, պահեց նրան ջրի վրա այնպես, որ նա նույնիսկ չթրջվեց: «Ես գլխիվայր ջուրը ցատկեցի,- պատմում էր ինձ հայրը,- բայց նույնիսկ չնկատեցի, թե ինչպես ողջ հասակով մնացի ջրի վրա կանգնած: Նույնիսկ հագուստս չթրջվեց»: Այդ պահին նա ներքին լռություն և աննկարագրելի քաղցրություն զգաց, որոնք լիովին վերացրին բոլոր մեղավոր մտածումները և մարմնական գրգռումները, որ սկզբում առաջացել էին աղջկա անվայել պահվածքից: Իսկ նա, տեսնելով Անտոնին ջրի մակերեսին կանգնած, և ապշելով այդ մեծ հրաշքից, լաց եղավ՝ զղջալով իր մեղքի համար:

Քրիստոս մեզանից ինչ որ մեծ բան չի պահանջում, որպեսզի օգնի մեզ սխրանքի մեջ: Նա մեզնից չնչին բան է սպասում: Մի պատանի պատմում էր, որ երբ ուխտագնացության էր մեկնել դեպի Պատմոս(3), սատանան որոգայթ էր պատրաստել նրա համար: Երբ նա շրջում էր կղզում, մի զբոսաշրջիկ կին նրա վզովն ընկավ ու սկսեց գրկել նրան: Այդժամ պատանին ուժով մի կողմ հրեց նրան իրենից և բացականչեց. «Քրիստո՛ս իմ, ես այստեղ եմ եկել, որպեսզի սրբությանը խոնարհվեմ, այլ ոչ թե նման ապականությամբ զբաղվեմ»: Դրանից հետո նա փախավ: Գիշերը, երբ աղոթում էր հյուրանոցում, աղոթքի ժամանակ Քրիստոսին տեսավ աստվածային լույսի մեջ: Տեսնո՞ւմ եք, թե նա ինչի արժանացավ միայն այն բանի համար, որ գայթակղող կնոջը հեռու վանեց իրենից: Ինչ-որ մեկը ճգնում է երկար տարիներ, քիչ սխրանքներ չի գործում և դեռ հարց է, արդյո՞ք կարժանանա նման որևէ բանի: Իսկ ողջախոհ պատանին Քրիստոսին տեսավ միայն այն բանի համար, որ գայթակղությանը դիմակայեց: Բնականաբար, այդ իրադարձությունը հոգևոր առումով բավականին ամրապնդեց նրան: Դրանից հետո նա երկու-երեք անգամ էլ սրբերի տեսավ՝ սուրբ Մարկելային, սուրբ Ռաֆայելին, սուրբ Գևորգին: Մի անգամ նա ինձ մոտ եկավ ու խնդրեց. «Հա՛յր, աղոթիր, որպեսզի կրկին սուրբ Գևորգին տեսնեմ: Ինձ մխիթարություն է պետք, այս աշխարհում ինձ ոչինչ չի մխիթարում»:

Իսկ այժմ նրա որոշ հասակակիցներին նայեք՝ ինչեր ասես, որ չեն անում: Մի անգամ մի պատանի եկավ իմ խուց իր հորեղբոր հետ և խնդրեց. «Մի աղջկա համար աղոթիր: Նա ողնաշարը կոտրել է ավտովթարի ժամանակ: Ղեկին նրա հայրն էր, ննջել էր ու ինչ-որ բանի հարվածել: Ինքը մահացել է, իսկ դուստրը՝ խեղանդամ դարձել: Սպասիր նրա լուսանկարը քեզ տամ»: «Պետք չի»,- ասացի: Բայց նա շատ էր ուզում, որ ես նայեի: Դե ինչ արած, տեղի տալով նրա համառությանը, վերցնում եմ լուսանկարը և տեսնում մի աղջկա, որ հատակին է մեկնվել երկու երիտասարդների միջև, որոնք երկու կողմից բռնել են նրան: «Աղջիկը նրա ի՞նչն է,- երիտասարդներից մեկին ցույց տալով հարցնում եմ պատանուն: «Ընկերուհին»,- պատասխանում է: «Իսկ մյուսի՞: Նա պատրաստվո՞ւմ է ամուսնանալ նրա հետ»: «Ոչ,- ասում է,- նրանք ուղղակի հանդիպում են»: «Մի՛ բարկացիր երեխաների վրա,- ասում է ինձ նրա հորեղբայրը,- ի՞նչ կարող ես անել, այդպիսին է այժմյան երիտասարդությունը»: «Աղոթելը կաղոթեմ,- ասացի մտքումս,- բայց ոչ թե որպեսզի նրա ողնաշարը ապաքինվի, այլ գլուխը՝ քո գլխի հետ միասին, կորած մարդ»: Ո՞ւր է անհետացել պարկեշտությունը: Հորեղբայրը պետք է ինչպես հարկն է նախատեր իր եղբորորդուն: «Հոգևոր» երիտասարդություն… Հոգևոր հայր ունենալ և այդտեղ գլորվել: Եթե նույնիսկ լուսանկարի երիտասարդներից որևէ մեկը պատրաստվում էր ամուսնանալ այդ դժբախտի հետ, ապա, միևնույն է, անթույլատրելի է, որ աղջիկն այդպես փռվի երկու տղաների միջև: Եվ ի՞նչ կարիք կար այդ լուսանկարն ինձ ցույց տալու: Այդ երիտասարդը չմտածեց անգամ, որ դա լավ չէ: Այն ինձ իհարկե չի վնասի, բայց չէ՞ որ լավ չէ: Ինչպիսի՞ ընտանիքներ պիտի կազմի այդ երիտասարդությունը: Թող Աստված լուսավորի նրան, որպեսզի նա ուշքի գա:

Իսկ ինչպիսի՜ ինքնազոհությամբ էին աղջիկներն իրենց անաղարտությունը պահում հնում: Հիշում եմ, որ պատերազմի ժամանակ մեր հրամանատարությունը տարբեր գյուղերից քաղաքացիական բնակիչների հավաքեց իրենց ջորիներով և ստիպեց բանակի համար բեռներ տեղափոխել: Ուժեղ ձյուն եկավ, և այդ մարդիկ մի բարձունքի վրա կտրված մնացին աշխարհից: Տղամարդիկ եղևնու ճյուղեր կտրեցին և ձյունածածկ եղևնիների տակ ծածկի պես մի բան պատրաստեցին, որպեսզի գոնե մի փոքր պաշտպանվեն ցրտից: Այնտեղ եղող կանայք նույնպես ստիպված էին այդ ծածկերի տակ պատսպարվել՝ պաշտպանություն խնդրելով իրենց համագյուղացիներից, նրանցից՝ ում ճանաչում էին: Այնտեղ մի աղջիկ ու մի պառավ կին կային մի հեռավոր գյուղից: Նրանք նույնպես ստիպված էին մի այդպիսի ծածկի տակ թաքնվել: Բայց ցավն այն է, որ այնպիսի անհավատ ու վախկոտ մարդիկ կան, որոնց նույնիսկ պատերազմը չի սթափեցնում: Նրանք չեն ցավում իրենց մերձավորի համար, որոնք սպանվում կամ հաշմանդամ են դառնում, այլ հարմար առիթի դեպքում նույնիսկ ձգտում են մեղք գործել, վախենալով, որ իրենց կսպանեն և իրենք չեն հասցնի կյանքից խլել հաճույքները, թեև նրանք, ընդհակառակը, պետք է ապաշխարեին, համենայն դեպս վտանգի պահին: Եվ ահա, այդպիսի անհավատ վախկոտներից մեկը, որ փոխարենը մտածեր, թե ինչպես ապաշխարի, մտածում էր մեղք գործելու մասին, հայտնվեց այն ծածկի տակ, որտեղ աղջիկն ու պառավն էին պատսպարվել: Նա սկսեց այնքան գարշելի կերպով կպչել աղջկան, որ վերջինս ստիպված եղավ փախչել: Նա նախընտրեց ցրտից սառչել և նույնիսկ մեռնել ձյան մեջ, բայց պահպանել օրիորդական իր պատիվը: Խեղճ պառավը, տեսնելով, որ աղջիկը չի վերադառնում, նրա հետքերով գնաց և նրան գտավ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռի փոքրիկ ծածկի տակ, որ կես ժամվա ճանապարհի վրա էր: Սուրբ Մկրտիչը պահպանել էր աղջկան, ով իր պատիվն էր պահել, և նրան իր մատուռի մոտ էր բերել, որի մասին աղջիկը նույնիսկ չգիտեր: Եվ ի՞նչ արեց Հովհաննես Մկրտիչը դրանից հետո: Նա մի զինվորի հայտնվեց երազում (3) և պատվիրեց նրան որքան հնարավոր է շուտ իր մատուռը գնալ: Զինվորը վեր թռավ ու շտապեց դեպի մատուռը: Այդ գիշերը լուսավոր էր ձյան պատճառով, և նա մոտավորապես գիտեր, թե ուր պետք է գնար: Օ՜հ, ինչ պատկեր բացվեց նրա աչքերի առջև: Պառավն ու աղջիկը, մինչև ծնկները ձյան մեջ, արդեն կապտել ու փայտացել էին ցրտից: Զինվորը կարողացավ մատուռի դուռը բացել, խեղճերը ներս մտան և մի կերպ ուշքի եկան: Զինվորը ոչ մի տաք հագուստ չուներ շարֆից բացի, որը պառավ կնոջը տվեց, իսկ մի զույգ ձեռնոցն էլ պատվիրեց հերթով հագնել: Հետո խեղճերը պատմեցին նրան այն փորձության մասին, որը նրանց այդ մատուռը բերեց: «Լավ,- զինվորը դիմեց աղջկան,- ինչպե՞ս վճռեցիր գիշերով, ձնակույտերի միջով փախչել անհայտ ուղղությամբ»: «Ես կարող էի այդքանը անել,- պատասխանեց նա,- և հավատում էի, որ մնացյալում Քրիստոս ինձ կօգնի»: Այդժամ զինվորը բոլորովին ինքնաբերաբար ասաց. «Վե՛րջ, ավարտվեցին ձեր տառապանքները: Վաղը տանը կլինեք»: Այդ խոսքերը ակամայից դուրս թռան նրա բերանից, ցավից, այլ ոչ թե ուղղակի այդ դժբախտներին մխիթարելու համար: Ախ, որքա՜ն նրանք ուրախացան այդ խոսքերը լսելով: Այդ խոսքերից նույնիսկ տաքացան: Եվ իսկապես, առավոտյան լեռնա-տրանսպորտային ջոկատը մաքրեց ճանապարհը և իր ջորիներով այնտեղ հասավ: Այնժամ խեղճերին բաց թողեցին իրենց տները: Պետք է հիանալ և պարծենալ Էլլադայի այդպիսի դեռատի դուստրերով, որոնք չեն մերկացել աստվածային շնորհից, այլ փաթաթվել են դրանով: Իսկ այն ողորմելի կենդանին, թող Աստված ինձ ների, գնաց հրամանատարի մոտ և զեկուցեց, որ իբր «այսինչ զինվորը կոտրելով բացել է մատուռը և տրանսպորտային միջոցները մտցրել այնտեղ», այսինքն՝ ջորիներին: «Ոչ,- պատասխանեց նրան հրամանատարը,- չեմ հավատում, նա ընդունակ չէ նման բանի»: Վերջ ի վերջո այդ մարդը բանտում հայտնվեց:

 

1) Հայր Օգոստինոսի մասին տես՝ Старец Паисий. Отцы-святогорцы и святогорские истории. Свято-Троицкая Сергиева Лавра, 2001. С. 76-83.

2) Տես՝ Жития Святых. Месяц февраль, день 13. Житие Преподобного Мартиниана и святых жен Зои и Фотинии

3) Այդ զինվորը Արսենիոս Էզնեպիդիսն էր՝ ապագա երանելի հայր Պաիսիոսը: Նկարագրված դեպքը տեղի է ունեցել Քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1944-1948թթ.:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

09.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․