Գրքեր

Սպասելիքը

Ճարտարապետը երկհարկանի տան մի նոր շքեղ գծագիր է պատրաստում և նստում իր աշխատանքային սեղանի մոտ և ինչ-որ բանի սպասում: Թակում են տան դուռը, շտապելով բացում է և տեսնում է մի մարդ, որ իրեն մի ոսկեդրամ է տալիս և հեռանում: Այդժամ հայտնվում է սատանան մի աղքատ մարդու տեսքով և հարցնում.

-Ինչո՞ւ տխրեցիր:

Ճարտարապետը պատասխանում է.

-Շատ խնդրեցի, որ Աստված օգնի, որպեսզի պարտքից ազատվեմ և չարքաշ կյանքով չապրեմ: Եվ Աստված ասաց, որ անպատճառ կօգնի: Ես էլ խանդավառված այդ խոստումով գծագրեցի իմ նոր երկհարկանի շքեղ տան գծագիրը և պատրաստվում էի մտածել, թե ինչպես կառուցեմ իմ աննկարագրելի պարտեզը, բայց Աստված ուղարկեց ընդամենը մեկ ոսկեդրամ, որը բավարար է միայն իմ պարտքը փակելու համար:

Սատանան ասում է.

-Ես հենց հիմա քեզ մի պարկ ոսկի կտամ, կարող ես քո բոլոր երազանքներն իրականություն դարձնել:

Ճարտարապետը մեծ ուրախությամբ վերցնում է ոսկու պարկը՝ գովեստի խոսքեր շռայլելով հեռացող սատանային: Այդժամ նորից թակում են իր տան դուռը, բացում է և տեսնում մի խումբ զինված մարդիկ զայրացած իրեն են նայում: Զարմացած հարցնում է.

-Ի՞նչ է պատահել:

Հավաքված մարդիկ պատասխանում են.

- Քո տան մոտ վերջապես բռնեցինք այն աղքատ մարդուն, ով ասաց, թե ում է տվել պարտքով վերցրած մեր ոսկեդրամները: Այժմ եկել ենք քեզ դատարան տանելու, թե ինչու էիր թաքցնում այդքան մեծ պարտքը:

Աստված մարդուն տալիս է անհրաժեշտը, որը շատ անգամ կարող է մեր սպասելիքներին, ակնկալիքներին չհամապատասխանել: Իսկ սատանան սովորաբար առաջարկում է ավելին, բայց մարդուն փորձանքի մատնում...

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

08.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․