Գրքեր

Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնչորսերորդ (ՃԺԴ) սաղմոսի մասին

Վաղ ժամանելով քահանայական այս վկայատեղին և այս գիշերվա ժամին վկաների բարեխոսությամբ Աստծու հետ «հաշտվել» փորձելով՝ ժուժկալությամբ սպասե՛ք մինչև մեր խմբի մնացյալ անդամների՝ վաղը միջօրեին մեզ միանալը։ Արդ, ձեզ քնից ու հանգստից ավելի մեծ վարձ է վերապահված՝ սուրբ վկաների պատվին արժանանալն ու Աստծու ծառայությանը սպասավորելու կոչումը։

Իսկ ինչ վերաբերում է մեր այստեղ ժամանելուն, ապա մի՛ սրտնեղեք հեռավորությունից և ձեր ժամանակը զուր վատնած մի՛ կարծեք, քանի որ սա ևս Աստծու տաճար է՝ համապատիվ մյուս եկեղեցիներին։ Նաև ա՛յս տաճարի սպասավորներին է Տերը Իրեն ծառայելու շնորհը տվել, ինչը բնավ ձեր նկատմամբ Աստծու սիրո նվազման մասին չի խոսում, այլ՝ այդ սիրո առատության և ամենքին հասու լինելու։

Մեզ մնում է միայն երախտագիտություն հայտնել Բարեգործ Աստծուն, որ մեր մարմնական տեսանելի հիվանդությունները մեղմացնում է Իր օժանդակությամբ՝ թույլատու կամքով շնորհելով սպասավորել Իրեն։ Իսկ այժմ, որպեսզի մեր սպասումը տրտմություն առաջ չբերի, քանի որ փոքր-ինչ շուտ ենք մենք այս վկայատեղին ժամանել, ուստի ձեր կողմից հաճախակիորեն երգվող մի սաղմոսի մասին խոսենք և այդ սաղմոսի մխիթարական զորությամբ սնուցենք մեր հոգիները՝ մոռացության մատնելով մարմնի խնամքը։

«Սիրեցի այն,- ասում է,- որ Տերը լսեց իմ պաղատանքի ձայնը» (հմմտ․ Սղմ․ ՃԺԴ 1)։ Ամեն բանի համար չէ, որ մարդ ասում է՝ «սիրեցի», այլ՝ արդեն իսկ կատարված ու ծառայության երկյուղից էլ ավելի մեծ բավականություն առաջացրած մի երևույթի և Սուրբ Հոգու որդեգրությանը արժանանալու մասին է, որ այդպես է ասվում։

Իսկ ումի՞ց է բխում այդ սերը․ Նրանի՛ց, ով լսում է մեր խոսքերը՝ ամենքի Աստծուց։ Քանի որ, իսկապես, Աստված է, որ Տեր լինելով՝ սիրելի է Իր արարածների համար։ Նաև, յուրաքանչյուր մեկի համար էլ սիրելի է այն, ինչին որ նա փափագում է։ Իսկ Աստված սիրելի է, քանի որ Նա և՛ առաջին, և՛ կատարելագույն բարիքն է։

Ուստի հարկ է, որ մենք ևս, սաղմոսերգուի նման, սիրենք Աստծուն և Նա՛ լինի մեզ համար փափագելի զենքը՝ այն աստիճան, որ Նրա համար մինչև իսկ չարչարանքները խնդությամբ հանձն առնենք։ Չէ՞ որ չարչարանքները շատ չնչին են այն փառքի համեմատ, որին արժանանալու ենք՝ երկինք բարձրանալով։ Այդ պատճառով է, որ հանուն Աստծու սիրո ու Նրա հանդեպ տածած հույսի, Նրա սիրելիները բարեպաշտությամբ չարչարանքներ էին կրում իրենց վրա՝ անցնելով մահվան երկունքի, դժոխային վտանգների, բազում նեղությունների ու ցավերի միջով։

Այդ ամենը, սակայն, սրբերը անհոժարությամբ կամ իրենց կամքի նկատմամբ բռնությամբ չէին գործում, այլ գիտակից կերպով համբերում էին ամեն բանի՝ ոմանք՝ մինչև իսկ նահատակությունն ընդունելով, մյուսները՝ ժուժկալությամբ, կամքի մեծ ուժ ցուցաբերելով ու բազմաթիվ վտանգներ հաղթահարելով։ Այդ բանի շնորհիվ է, որ նրանք արժանի էին դառնում առաքյալի հետ ասելուն՝ «Քեզ համար ենք մեռնում ամեն օր» (Հռոմ․ Ը 36)։

Այս իսկ պատճառով էլ Աստծու այդ սրբերը հավասարապատիվ են դառնում առաքյալին ու վերջինիս հոժարակամությամբ էլ կարող են լինում բարբառելու, թե «ո՞վ մեզ կբաժանի Աստծու սիրուց․ նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, սո՞վը, վի՞շտը, թե՞ սուրը» (հմմտ․ Հռոմ․ Ը 35)։

Արդ, սաղմոսերգուն, «սիրեցի» ասելով, նկատի ունի իր սերն այն ամենի հանդեպ, որ թեպետ վտանգների մեջ էին գցում մարդկանց, սակայն որոնք ամենքի Տիրոջ նկատմամբ բարեպաշտության դրսևորումներն էին։ Սաղմոսերգուն գիտի այդ սիրո մասին, քանի որ ականատեսն է եղել սրբերի օրինակների ու մինչև իսկ նրանց՝ հանուն Աստծու նահատակության։

Ապա սաղմոսերգուն շարունակում է․ «․․․որ Տերը լսեց իմ պաղատանքի ձայնը» (հմմտ․ Սղմ․ ՃԺԴ 1)։ Այս նույն կերպ մեզնից յուրաքանչյուրն էլ, տեսնելով սաղմոսերգուի առաքինությունն ու այն օրինակը, որ Տերը լսում է նրա պաղատանքների ձայնը, կհամարձակվի կատարել Աստծու պատվիրաններից ամենավտանգավորներն էլ անգամ։

Այնուհետ ասում է․ «Իր ականջը մոտեցրեց ինձ» (Սղմ․ ՃԺԴ 2)։ Այստեղ մարգարեն ասում է՝ «մոտեցրեց», ոչ թե որպեսզի մարմնական իմաստով հասկանաս Աստծու՝ ականջ ունենալը և ցածր հնչող ձայնը ավելի լավ լսելու համար, ինչպես որ մենք ենք անում, ականջը այդ ձայնի աղբյուրին մոտեցնելը՝ զգայարանի մերձ լինելու շնորհիվ ասվածը լսել կարողանալու նպատակով, այլ սաղմոսերգուն ասաց՝ «մոտեցրեց», որպեսզի այդպիսով ի՛ր իսկ տկարությունը ցույց տա։

«Քանի որ,- ասում է,- Աստված ինձ հասնելու համար մինչև գետնին խոնարհվեց Իր մարդասիրությամբ», ինչպես որ բազում տկարություններ ունեցող ու անգամ խոսել դժվարացող հիվանդի խոսքերը լսելու համար մարդասեր բժիշկն է մոտեցնում իր ականջը, որպեսզի ավելի լավ լսելով՝ փորձի հասկանալ հիվանդի ասածները։ 

Արդ, սաղմոսերգուն ասում է՝ «Իր ականջը մոտեցրեց ինձ» (Սղմ․ ՃԺԴ 2)։ Սակայն աստվածային լսելիքները որևէ բան հասկանալու համար ձայնը լսելու կարիքը չունեն, քանի որ Աստված սրտին նայելո՛վ է իմանում ամենը։ Մի՞թե չես լսել, թե ինչպես Մովսեսը, որևէ բառ չասելով, այլ անխոս Աստծուն աղերսելով՝ լսելի եղավ Տիրոջ կողմից, ով էլ ասաց նրան՝ «ինչո՞ւ ես աղաղակում ինձ» (հմմտ․ Ելք ԺԴ 15)։

Աստված լսել գիտի նաև արդարների արյան ձայնը. թեպետ այդ արյունը լեզու չունի և ոչ էլ ձայն է արձակում օդում, այլ արդարների գործե՛րն են, որ մեծաձայն հնչում են Աստծու ականջին։

Իր խոսքը այնուհետ սաղմոսերգուն շարունակում է՝ ասելով․ «Ես իմ կյանքի օրերում Նրան դիմեցի» (Սղմ․ ՃԺԴ 2)։ Մենք, մեր ապրած ամեն մի օրվա ու ժամի ընթացքում շատ հազվադեպ ենք տրտմում մեր մեղքերի համար ու բնավ չենք հիշում մեզ սպասվող հարության մասին։ Մինչդեռ սուրբը իր կյանքում ամեն ժամ Աստծուն դիմելու փորձառությունն է խոստովանում՝ ասելով․ «Ես իմ կյանքի օրերում Նրան դիմեցի» (Սղմ․ ՃԺԴ 2)։

Եվ որպեսզի չկարծես, թե կյանքի բարօրությունից կամ ամեն բանով ապահովված լինելու պատճառով էր, որ նա «դիմում» էր Աստծուն, ուստի և սաղմոսերգուն պատմում է իր անցած դժվարությունների մասին, որոնց մեջ գտնվելով էլ անգամ ինքը չմոռացավ Աստծու անունը։ «Ինձ պատեց մահվան երկունքը,- ասում է նա,- և դժոխքի վշտերը գտան ինձ» (Սղմ․ ՃԺԴ 3)։

Եվ ինչպես որ հղիության ժամանակ երկունքի ցավերը տանջում են պտղով ծանրացած որովայնն ու դուրս են մղում սաղմը՝ դժվարությամբ, ծնողի համար սուր ու դաժան ցավերով մանկանը լույս աշխարհ բերելով, այդկերպ էլ մահվան երկունքն է, որ կենդանի մարդուն պատելով՝ կամենում է բաժանել հոգին ու մարմինը։

Եվ բնավ կարևոր չէ, թե որքան քիչ է մարդը մեղանչել, քանի որ անգամ փոքր-ինչ ախտանալով ու մահվան երկունքը զգալով էլ յուրաքանչյուր ոք մինչև դժոխքի խորքերն է իջնում: Սակայն արդյո՞ք միայն այս «երկունքը» կրելն էր, որը, ինչպես սուրբ մարգարեն խոնարհաբար խոստովանում է, դարձել իր չարչարանքի պատճառը: Ո՛չ իհարկե, քանի որ թեպետ այս մահվան երկյուղը բազմիցս պատել էր նրան, սակայն դա տեղի էր ունեցել անկախ իր կամեցողությունից, իսկ ահա հարկադրաբար չարչարանքի ենթարկվելը որևէ մեկի համար ամենևին էլ գովասանքի արժանանալու առիթ չէ:

Այլ դու նայի՛ր սուրբ նահատակի հոգու մեծությանը, քանի որ, ահավասիկ, նա ասում է. «Ինձ պատեց մահվան երկունքը, և դժոխքի վշտերը գտան ինձ» (Սղմ․ ՃԺԴ 3)։ Իր այս խոսքով սաղմոսերգուն ակնարկում է ակամա վրա հասնող պատուհասներից բազմիցս առավել՝ ի՛ր իսկ կամեցողությամբ փորձության մատնվելը: «Նեղությունն ու երկունքը (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 3) իմ իսկ կամքով «գտան» ինձ, և ոչ թե՝ ես ակամա նրանց զոհը դարձա,- ասում է սուրբ մարգարեն,- քանի որ երբ դժոխքի վշտերը գտան ինձ, այդուհե՛տ ես ինքս նեղություն ու երկունք գտա:

Իսկ ահա փորձիչի կողմից փորձության մատնվելով էլ ես հաղթող դուրս եկա,- ասում է սաղմոսերգուն,- քանի որ Աստծու սիրուն ապավինելով՝ նեղությունների վրա նեղություն ավելացրի և երկունքին երկունք հավելեցի. ո՛չ թե իմ զորությամբ դիմագրավելով ցավերին, այլ ա՛յն բանի շնորհիվ, որ Տիրոջ անունը կանչեցի» (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 4):

Այսպիսին էր նաև Պողոս առաքյալը, որ ասում էր. «Այս ամենի մեջ մենք առավել ենք հաղթում Նրա՛ շնորհիվ, ով սիրեց մեզ» (հմմտ. Հռոմ․ Ը 37): Քանի որ հաղթում է նա, ով չի թուլանում իր վրա եկող վշտերի պատճառով, իսկ առավե՛լ հաղթում է նա, ով ինքն իր հոժարակամությամբ է երկունքի մատնում իր անձը՝ համբերությամբ հաղթահարելով ամեն ցավ:

Միով բանիվ, սաղմոսերգուն պատմում է, որ որևէ մեղքի մեջ լինելով, որը դեպի մահ է տանում, իրեն պատեց մահվան երկունքը, քանի որ, ինչպես ասում է արդեն Հովհաննես առաքյալը՝ «ամեն ոք, ով մեղք է գործում, սատանայից է ծնված» (հմմտ. Ա Հովհ. Գ 8): Ուստի և մարգարեն ասում է. «Քանի դեռ մեղքերի մշակն էի, մահ էի «հղանում», ու այդժամ էր, որ դժոխքի վշտերը գտան ինձ:

Իսկ ինչպե՞ս բժշկություն գտա. ինքս նեղություն ու երկունք գտնելով, այսինքն՝ ապաշխարությամբ: Ես իմ գործած մեղքերի մեծությանը համարժեք ինքս ինձ ապաշխարության չարչարանքներին մատնեցի ու այդպիսով՝ համարձակվեցի Տիրոջ անունը կանչել»: Եվ իսկապես որ, հենց ա՛յդ են ակնարկում սաղմոսերգուի ասած հետևյալ խոսքերը. «Ո՜վ Տեր, փրկի՛ր իմ հոգին» (Սղմ․ ՃԺԴ 4): Պաշարված եմ ես մեղքի գերությամբ. Դո՛ւ իմ փրկության փոխարեն հատուցիր ու փրկի՛ր իմ հոգին:

«Ողորմած է Տերը և արդար» (Սղմ․ ՃԺԴ 5): Սուրբ Գրքում ամենուր Աստծու գթությունը միախառնված է Նրա արդարությանը, որի նպատակը մեզ ուսուցանելն է ա՛յն, որ Տիրոջ ողորմությունն առանց դատելու չի լինելու և ոչ էլ Նրա դատաստանն է լինելու անողորմ: Աստված դատելիս անգամ ողորմում է՝ Իր գթասրտությամբ շարժվելով և մեզ ճշմարտության հետ «հանդիպեցնելով»: Նա Իր դատաստանը մարդասիրությամբ է վարում՝ անգթությամբ մեզ դատելու փոխարեն: Այո՛, ողորմում է մեր Աստված (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 5):

Ողորմությամբ Տերը պատվում է մեղքի պատճառով անարժան դարձածներին: Աստծու ողորմությունն է, որ մեզ հանդիպում է, երբ մենք մեծ հարստությունից ամենավերջին աղքատության մեջ ենք ընկած լինում կամ երբ քաջառողջությունից զրկվելով՝ ամենածանր հիվանդությունն ենք ունենում, նաև՝ երբ մարմնի գեղեցկությամբ ու ազնվափայլությամբ զարդարված լինելով՝  այնուհետ չար ախտերի «բախվելու» պատճառով ապականվում ենք:

Արդարև, մենք երբեմն փառավոր էինք՝ դրախտային կյանքը վայելելով, սակայն փառազուրկ դարձանք ու նվաստացանք՝ դրախտից վտարվելու պատճառով: Սակայն մեր Աստված, տեսնելով, թե մենք ինչից՝ ինչ դարձանք, ողորմում է մեզ (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 5):

Այդ պատճառով էլ Նա Ադամին կանչում է Իր ողորմության ձայնով՝ ասելով. «Ադա՛մ, որտե՞ղ ես» (հմմտ. Ծննդ. Գ 9): Քանի որ Նա Իր այդ հարցով չէր կամենում Ադամից ուսանել այդ հարցի պատասխանը, որովհետև Ինքն ամեն բան գիտեր, այլ Աստված կամենում էր Ադամի՛ց իմանալ, թե ինչն ինչոց էր: Ուստի և Տերը նրան հարցնում է, թե՝ «որտե՞ղ ես», և չի ասում, թե՝ «քո այդ բարձրությունից ինչպե՞ս այդքան վար գլորվեցիր»:

«Պահպանի՛ր քո մանուկներին, Տե՛ր. ես նվաստացա, սակայն Դու փրկի՛ր ինձ» (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 6): Եթե մարդկային բնության ծնունդը բնական օրենքների համաձայն դիտարկելու լինենք, ապա ուրեմն ինչպե՞ս կարող էր փոքրիկ մանուկը լույս աշխարհ գալ ու մի որոշակի տարիքի հասներ, եթե ոչ միայն՝ Տիրոջ պահպանության ներքո լինելու շնորհիվ:

Քանի որ, իսկապես, այդ ինչպե՞ս կարող էր մանուկը հղանալ արգանդում, կերակրվել ու շարժվել այդպիսի մի նեղ տեղում՝ առանց այս ու այն կողմ գնալու հնարավորության, և այդ խավար ու խոնավ վայրից կյանքի կոչվեր, շնչեր ու ձկների նման խոնավության մեջ առաջանալով՝ ապրեր մարդկային կյանքով, իբրև մարդ: Այս ամենը միայն Աստծու պահպանության ներքո գտնվելու դեպքում է հնարավոր:

Կամ չէ՞ որ միայն Աստծու կամքով է տեղի ունենում այն, որ մանուկը արգանդի ջերմության շնորհիվ օդի սառնությունից չի ցրտահարվում, մինչդեռ դա շատ բնական կլիներ: Եվ արդ, սաղմոսերգուն ասում է. «Պահպանի՛ր քո մանուկներին, Տե՛ր. ես նվաստացա, սակայն Դու փրկի՛ր ինձ» (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 6):

Այս խոսքը նաև հետևյալ կերպ կարող ես ըմբռնել. սաղմոսերգուն ասում է՝ «քանի որ ես փոխվեցի ու նմանվեցի մի մանկան և ընդունեցի Երկնքի արքայությունն իբրև մի մանուկ, անմեղությամբ իմ իսկ կամքով ինձ մանուկների խոնարհությանը հավասարեցրի, ուստի և Դու, Տե՛ր, որ պահպանում ես մանուկներին և քանի որ տեսար իմ ինքնանվաստացումը, այդ բանի շնորհիվ փրկի՛ր ինձ» (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 6):

«Դարձի՛ր, հոգի՜ իմ, քո հանգստին, քանի որ Տերը բարեգործություն արեց քեզ» (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 7): Սաղմոսերգուն քաջ նահատակների մխիթարական խոսքն է մեջբերում՝ Պողոսի նմանողությամբ ասելով. «Նահատակվեցի գեղեցկագույն հանդիսության ժամանակ, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատս, ուստի և ինձ է սպասում արդարության պսակը» (հմմտ. Բ Տիմ․ Դ 7-8):

Այս նույնն է ասում նաև մարգարեն, որպեսզի իր կյանքի երկարատև օրերն այս խոսքերի զորությամբ լիանան՝ «այսուհետև դարձի՛ր քո հանգստին, քանի որ Տերը բարեգործություն արեց քեզ» (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 7): Սաղմոսերգուն այս կերպ է արտահայտվում, քանի որ անգամ ճգնակենցաղությամբ իրենց կյանքն անցկացրած արդարներին սպասվող հավիտենական հանգիստը իրենց գործերի համար չէ, որ տրվում է նրանց, այլ ըստ մեծապարգև Աստծու շնորհի է ընձեռնվում նրանց, ովքեր ապավինում են Տիրոջը:

Իսկ այնուհետ էլ սաղմոսերգուն, երկնային բարիքներին նախորդող այս աշխարհի նեղություններից իր փախուստը նկարագրելով, նաև ի հավելումն գոհանում է հոգիների Ազատիչից, որը մեղքերի զանազան ու անհրաժարելի թվացող ծառայությունից ազատել էր մարդկանց: Այս մասին են խոսում նրա այս տողերը. «…քանի որ Նա փրկեց հոգիս մահվանից, աչքերս՝ արտասուքից, ոտքերս՝ գլորումից» (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 8):

Սաղմոսերգուի այս խոսքերը նույնպես, ինչպես վերևում հիշատակվածները, խոսում են հանդերձյալ կյանքում սպասվող հանգստի մասին: «Քանի որ այստեղ,- ասում է նա,- ինձ պատեց մահվան երկունքը (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 3), իսկ այնտեղ Տերը իմ հոգին փրկեց մահվանից (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 8): Այստեղ աչքերս նեղությունների պատճառով արցունք հեղեցին (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 3), մինչդեռ այնտեղ այլևս արցունքը չի աղոտացնելու իմ բիբերը՝ զրկելով ինձ ուրախալի տեսությունից ու Աստծու փառքի գեղեցկութունը վայելելուց (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 8), քանի որ «Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ կտրեց» (Ես․ ԻԵ 8):

Այստեղ գլորվելու նախադրյալ հանդիսացող բազմաթիվ վտանգներ կան, որոնց մասին Պողոսն ասում էր՝ «ով կարծում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (Ա Կորնթ․ Ժ 12): Իսկ ահա այնտեղ սպասվում է հաստատուն ընթացք ու անփոփոխելի կյանք, որտեղ այլևս չի լինելու մեղքի մեջ գլորվել-ընկնելու վտանգը (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 8), քանի որ այլևս ո՛չ մարմնի կրքերն են բորբոքվելու և ո՛չ կնոջ գործակցությամբ մեղքի մեջ ընկնելու «հնարավորությունն» է լինելու»:

Այդ բանի համար էլ հենց հարության ժամանակ չի լինելու ո՛չ արու և ո՛չ էգ, այլ ամենքը միանման կյանք են ունենալու ու միևնույն կերպ հաճելի են լինելու իրենց Տիրոջ աչքին՝ բնակվելով կենդանության բնակատեղիում (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 9), որը մահկանացուների՝ հետմահու ապրելու վայրն է: Սա մեզ է ավանդվել սրբազան շարադրանքի միջոցով, իսկ այդ շարադրանքն էլ որևէ կերպ ջնջել հնարավոր չէ:

Եվ արդ, նրանք, ովքեր ապրում են այս աշխարհում, այս աշխարհի մի մասնիկն են՝ իրենց բնությամբ աշխարհային ամեն բանի հետ փոխկապակցված: Այս պատճառով էլ, մարդի՛կ, մենք նախքան հոգու՝ մարմնից բաժանմամբ վրա հասնող մահը, մահանում ենք բազում անգամներ: Ու թո՛ղ որ քեզ անհնարին չթվա իմ այս ասածը, այլ ճանաչի՛ր խոսքերիս ճշմարտացիությունը: Քանի որ յուրաքանչյուր յոթնյակ տարիներ մարդու հասակն ու, առհասարակ, կյանքը այլայլությունների ու փոփոխությունների են ենթարկում և այդ յոթը տարեխմբերից ամեն մեկն էլ իր յուրահատուկ հետագծով է աչքի ընկնում:

Մանկության հասակում ատամների աճը առաջին յոթնամյակին է բնորոշ: Այդուհետ, մանկությունից անդին՝ մինչև պատանեկություն, գալիս է ուսում ստանալու անհրաժեշտությունը: Իսկ պատանեկության սահմանն էլ հանդիսանում է քսան մեկ տարեկանը, երբ մարդու ծնոտը սկսում է ծածկվել մորուքով: Այդ բանից հետո արդեն պատանյակը, մոռանալով իր կյանքի նախկին ընթացքը, պատանեկությունից անցում է կատարում դեպի հասունության տարիք:

Եվ արդ, երբ մարդը հաջորդականությամբ անցնում է իր կյանքի այս փուլերը ու հաստատվում նորերում՝ իր հետ մանկությունից որևէ բան չբերելով, չի՞ մեռնում արդյոք իր անցյալի համար: Դարձյալ ծերունին էլ, իմաստության շնորհներով զարդարված լինելով, մինչ իր այդ տարիքն ապրած մարդուց տարբերվող մեկն է դառնում:

Այս պատճառով էլ մարդկանց կյանքը բազմաթիվ նմանատիպ «մահերով» է լեցուն, սակայն ոչ միայն հասակի փոփոխությամբ պայմանավորված, այլև մեղքի պատճառով հոգու՝ հանցանք գործելու պատճառով է տեղի ունենում: Իսկ ահա այն վայրը, որտեղ ո՛չ մարմնի ու ո՛չ հոգու այլայլություն կա (քանի որ չկա նաև խորհուրդների խոտորում, բարուց հրաժարում, գեթ ոչ մի խռովություն ու ալեկոծությամբ լի միտք), արդարև, երկիրն է ողջերի (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 9), որոնք բոլորն էլ նման են մեկը մյուսին:

Մանավանդ նաև մարգարեն ամենքիս պատգամում է Աստծուն հաճելի լինել (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 9), որպեսզի հանդերձյալ կյանքում արդարների դասից դուրս չմնանք, այլ ճշմարտությամբ ընթանալով՝ համապատիվ լինենք հրեշտակներին՝ նրանց ծառայակից դառնալով. «Հոգ ենք տանում, որ թե՛ այս մարմնով մնանք, թե՛ դուրս գանք այս մարմնից, միևնույն է, հաճելի լինենք Նրան» (հմմտ. Բ Կորնթ․ Ե 9):

Իսկ ահա ողջերի այն անդաստանում (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 9)  չկա ո՛չ գիշեր ու ո՛չ քուն, որոնք մահն են խորհրդանշում: Այնտեղ չկա ո՛չ կերակուր ու ո՛չ ըմպելիք, որոնք մեր տկարություններն են բավարարում, ո՛չ հիվանդություն ու ո՛չ ցավ, ո՛չ զանազան բժշկումների անհրաժեշտություն ու ո՛չ էլ ատյան, ո՛չ վաճառք, ո՛չ արհեստներ, ո՛չ որևէ այլ բան, որը կարող է չարիքի սկիզբ հանդիսանալ, ո՛չ պատերազմի պատճառաբանություններ, ո՛չ թշնամության արմատ, քանի որ ողջերի երկիրը (հմմտ. Սղմ․ ՃԺԴ 9) մեղքով մեռածների համար չէ, այլ նրա՛նց համար, ովքեր ապրում են ճշմարիտ կյանքով Հիսուս Քրիստոսի միջոցով, ում փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

 

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս Էջմիածին, 2008թ,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

14.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․