Գրքեր

Սուրբ Մարիամ Աստվածածնի ընծայումը տաճարին

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Այսօր մեր Մայր եկեղեցին իր սրբազան գրկում է հավաքել բոլորիս՝ իր հավատավոր զավակներին, որպեսզի այսօրվա զարմանահրաշ տոնի լուսավոր մաքրության ուրախությունը փոխանցի մեր հոգիներին: Այսօր Ամենասուրբ Կույսի՝ Սրբուհի Մարիամ Աստվածածնի տաճարին ընծայման տոնն է, և ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիդ՝ Երկնային Թագուհու բարեխոսությունը խնդրելով ձեզանից յուրաքանչյուրի համար:

Սիրելինե՛ր, վստահաբար ամենքիդ էլ հայտնի է Սուրբ Կույսի ծննդյան հրաշալի պատմությունը, որ Եկեղեցու սրբազան ավանդությունը հասցրել է մինչ մեր օրերը: Ինչպես հիշում եք, Հովակիմ և Աննա բարեպաշտ ամուսինները, որ արդեն պատկառելի տարիքի էին հասել, բավականին կարողություն ունեին, աչքի էին ընկնում իրենց բարեպաշտությամբ և ողորմության գործերով, սակայն նրանց կյանքում պակասում էր կարևորագույն մի բան, որը նախատինքի և հանդիմանության առիթ էր տվել այն օրերի հասարակությանը: Այս արդար զույգն անզավակ էր: Վստահաբար այս երևույթը այսօր էլ անձնական մեծ դժբախտություն է դրան բախված մարդկանց համար, սակայն այն օրերում սա ամենասարսափելի երևույթներից մեկն էր, քանի որ դա Աստծո պատիժ էր համարվում, քանզի նշանակում էր, որ Աստծո խոստացյալ Մեսիան հաստատ այդ ընտանիքից չէր սերելու, ուստի, նման մարդիկ նախատինքի էին արժանանում իրենց ցեղակիցների կողմից: Եվ այստեղ՝ այս թվացյալ անհույս իրավիճակում, ավանդությունը պատմում է, որ այս տարեց զույգը, չնայելով ո՛չ բնության օրենքներին, ո՛չ իրենց «դատապարտված» վիճակին, չէր դադարում աղոթելուց և Աբրահամի ու Սառայի հետ կատարված հրաշքի պես մի հրաշք էլ իր համար խնդրելուց: Առակաց գիրքն ասում է. «Աստված լսում է արդարների աղոթքը» (Առակ. 15:29), և Բարեգութ ու Բազումողորմ Աստված լսեց իր արդար ծառաների աղոթքն ու Անարատ Ծաղկին նվիրեց ի պատասխան այդ աղոթքի:

Սիրելինե՛ր, սա ակնառու օրինակ է մեզ համար, որ նախ երբեք չդադարենք Աստծո հրաշքներին հավատալուց և հարատևենք աղոթքի մեջ՝ խնդրելով, որպեսզի մեր աղերսը Տիրոջ կամքին համապատասխան կատարվի, ինչպես որ Սուրբ Հովակիմի և Աննայի դեպքում եղավ: Նաև ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Աստծո երանելի ծառաներն իրենց խնդրածը ստանալուց հետո չմոռացան տված խոսքի մասին, այլ հավատարիմ մնացին Աստծուն տրված իրենց ուխտին և երբ լրացավ նրանց սիրասուն դստեր երեք տարին՝ նրան տարան Աստծո տաճարին ընծայելու: Սա ընդունված և հրաշալի սովորություն էր հին Իսրայելում, քանի որ ծնողներն ուզում էին, որ իրենց զավակները կյանքում առաջին քայլերը սկսեն Աստծո տաճարից: «Ինչ ցանես, այն էլ կհնձես»,- ասում է ժողովրդական ասացվածքը և այս ճշմարտությունը հատկապես երևան է գալիս մեր զավակների պարագայում: Երեխաներն իրենց ընտանիքի պտուղներն են և նրանց նայելով հասկանում ես, թե ծնողներն ինչ սերմեր են ցանել նրանց սրտերում: Ուստի, բարի պտուղ ստանալու համար նախ սերմը պետք է բարի լինի՝ վերցված աստվածային շտեմարաններից, ոռոգված Կենդանարար Աղբյուրի կենաց ջրով և սնուցված աստվածապարգև հոգևոր մանանայով: Եվ ահա այս գիտակցումն էր, որը տարեց ծնողներին թույլ տվեց սիրով բաժանվել իրենց այդքան սպասված մանկանից և Աստծուն ընծայել այն, ինչ Ինքն էր ժամանակին նրանց պարգևել: Աստվածածնի կյանքի այս դրվագը մեծ մխիթարություն է այն ծնողների համար, ովքեր կորցրել են իրենց զավակներին և այն երեխաների համար, ովքեր ծնողազուրկ են մնացել, քանի որ առաջին դեպքում ծնողները հույս ունեն, որ ժամանակին Աստծո կողմից իրենց տրված պարգևը վերադարձել է իր Երկնավոր Ծնողի մոտ, իսկ երկրորդ պարագայում երեխաները կարող են մխիթարվել՝ մտածելով, որ զրկվելով իրենց մարմնավոր ծնողների ժամանակավոր խնամակալությունից, ձեռք են բերել Երկնավոր Հոր հավիտենական հոգատարությունը:

Բայց կրկին դառնանք դեպի Երուսաղեմի տաճար և հոգևոր աչքերով տեսնենք այն երեքամյա մանկիկին, որ կանգնել է դեպի տաճար տանող բարձր աստիճաններից առաջինին և համարձակորեն դեպի առաջ է նայում: Սա իսկապես խորհրդանշական պահ է, սիրելինե՛ր, քանի որ հենց այս պահին կարծես թե համայն մարդկությունն է կանգնած փոքրիկ Մարիամի կողքին՝ սրտատրոփ սպասելով նրա վերելքին: Քանի որ մարդկության փրկության ուղին, որ Բազումողորմ Աստված գծագրել է Իր արարածների համար, հենց այս քայլերից սկսվեց: Սրբուհի Կույսը դարձավ փրկչական շղթայի այն անհրաժեշտ օղակը, որով պիտի սկսվեր և ամբողջանար մարդկության փրկության աստվածային ծրագիրը: Այո՛, հենց Երանելի Կույսով բացվեցին Երկնքի դռները, որ մարդու անհնազանդության պատճառով դարեր ի վեր փակ էին նրա առջև: Աստծո Հավատարիմ Աղախնու միջոցով մարդկությանը հավիտենական կյանքի հույսը վերադարձվեց, քանի որ Հավիտենականը երկիր իջավ ու բնակվեց Սրբուհի Մոր անեղծ սրտի տակ: Անաղարտ Կույսը, Աստծո Անգին Գանձը սրտի մեծագույն հնազանդությամբ, ընդառաջ գնաց Հայր Աստծո կամքին՝ բնակվելով ու Նրանից սնունդ առնելով Նրա տաճարում, որպեսզի հետո էլ ինքը անձեռակերտ կենդանի տաճար դառնա Որդի Աստծո համար և մինչ իր երկրային կյանքի վախճանը շարունակի Նրա հավատարիմ նվիրյալը մնալ:

Սիրելի՛ հավատացյալներ, ինչպես արդեն նշեցի, Սուրբ Աստվածամայրը երկիր եկավ իր հավատավոր ծնողների անդադրում աղոթքներից հետո, կյանքի իր առաջին քայլերը սկսեց Աստծո տանից, տարիներ ի վեր սնվեց ու կրթվեց Տիրոջ խոսքով՝ իր մանկական մաքրամաքուր հոգին, ողջ էությունը պատրաստելով Աստծո սուրբ կամքի ընդունմանն ու իրագործմանը: Այո՛, այս ամենը լսելով մենք սքանչանում ենք Անաղարտ Կույսի կյանքով ու լուսազարդ առաքինություններով, սակայն պիտի լցվենք նաև քրիստոնեական նախանձախնդրությամբ, որպեսզի մենք էլ հետևենք Նրա անգին օրինակին: Սուրբ Կույսն իր կյանքը չէր պատկերացնում առանց Աստծո տաճարի, առանց Նրա խոսքի ու Սուրբ կամքի: Ուստի մենք էլ, որ Քրիստոսի անունն ենք կրում, որ խոնարհվում ենք Սուրբ Աստվածածնի առջև ու նրա բարեխոսությունը խնդրում, պիտի մեկընդմիշտ հասկանանք, որ դեպի Երկնքի Արքայություն տանող քրիստոնյայի ուղին սկսվում է եկեղեցու շեմից, շարունակում նրա ուսմունքներով, ծեսերով, աղոթքներով, սիրո ու հավատի գործերով, և իր երանելի վերջնակետին հասնում կրկին եկեղեցու միջոցով, քանի որ իր զավակներին դեպի հավիտենական կյանք ուղեկցելուց հետո էլ եկեղեցին շարունակում է հոգ տանել նրանց հոգիների փրկության մասին՝ հոգեհանգստյան աղոթքների միջոցով: Արդ, այսօր հարց տանք ինքներս մեզ, սիրելինե՛ր, թե ինչ դեր է Եկեղեցին կատարում մեր կյանքում, և մենք ինչ դեր ենք կատարում նրա աստվածահաճո գործունեության մեջ: Ուշադրություն դարձնենք, թե իրականում մեզ համար ինչ է նշանակում եկեղեցի հաճախելը՝ լոկ ծիսապաշտությո՞ւն, թե՞ հոգու կանչ: Քննենք մեր սրտերն ու տեսնենք, թե արդյո՞ք Քրիստոսին ենք կրում այնտեղ, մանավանդ, երբ եկեղեցում ենք, թե՞ աշխարհիկ հոգսերը, դառնություններն ու մաղձը, որ Աստծո լույսին թույլ չեն տալիս մոտենալ մեզ: Ուզում եմ այսօր միասին աղոթենք Սուրբ Կույսին՝ խնդրելով նրա բարեխոսությունը, որպեսզի Տիրոջ հանդեպ ունեցած իր անմնացորդ սիրո և անկեղծ նվիրվածության շողերը մեր հոգիներ էլ ներթափանցեն: Որպեսզի մենք էլ վարակվենք Աստծո ու Նրա տան հանդեպ ունեցած Աստվածածնի երկյուղածությամբ ու կապվածությամբ: Թող ոչ մի փորձություն, ոչ մի վիշտ կամ գայթակղություն ի զորու չլինեն ձեր սրտերից ջնջել Տեր Հիսուս Քրիստոսի և Մարիամ Աստվածածնի սուրբ պատկերները, և ձեր քայլերը հեռացնել եկեղեցու շեմից սկսվող փրկության ճանապարհից: Եվ մենք էլ միանանք Դավիթ մարգարեի սաղմոսերգությանը, որ ասում է.

Բացե՛ք արդարության դռներն իմ առաջ,

որ մտնեմ տաճար ու Տիրոջը գոհություն մատուցեմ:

Դեպի Տերը տանող դուռն է սա,

և արդարները այս դռնո՛վ պիտի մտնեն:

Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր,

քանզի լսեցիր ինձ, և ինձ համար փրկություն եղար (Սղմ. 117:18-21): Ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

21.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․