4 Հունիս, Եշ, Ե օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Թող ամեն հայ օջախում հնչի մանկան ճիչը»

Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ, բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ

Առաջին ընտանիքը կազմավորվել է դրախտում: Աստծո օրհնությունն ուղղված առաջին ընտանիքին առանց պլանների էր. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը»: Ի հակառակ այս ամենի՝ քրիստոնյա աշխարհում գործում է «Պլանավորված ընտանիք» ասվածը: Որքանո՞վ է այն գործում մեզ մոտ՝ Հայաստանում:

Ընտանիքի պլանավորումը դա հղիության պլանավորումն է և առողջ երեխայի ծնվելը: Մինչև հղիություն ցանկալի է, որ կինը, ամուսնական զույգը հետազոտվի գինեկոլոգի, անհրաժեշտության դեպքում նաև նեղ մասնագետների մոտ, որպեսզի հետագա հղիությունն ընթանա առանց բարդությունների և ավարտվի առողջ երեխայի ծնունդով:

Ինձ համար պլանավորումը ոչ մի դեպքում ծնելիության իջեցում չի: Ամուսնական զույգը պլանավորում է, որոշում, թե որքան ժամանակից են պլանավորելու հաջորդ հղիությունը՝ ելնելով սոցիալական վիճակից, երեխայի տարիքից և այլն: Իսկ գինեկոլոգը այդ դեպքում միայն օգնում է խուսափել հղիության արհեստական ընդհատումից և չի կրճատում ծննդաբերությունների քանակը:

Ո՞րն է Ձեր խորհուրդն այն կանանց, ովքեր ցանկանում են հղիությունն ընդհատել:

Ես կտրականապես դեմ եմ հղիության արհեստական ընդհատմանը, բացառելով այն դեպքերը, երբ ծանր սոմատիկ հիվանդությունների ժամանակ հղիությունն ու ծննդաբերությունը մոր կյանքին են վտանգ սպառնում: Ես շատ երջանիկ էի, երբ մի կնոջ, ով արդեն երկու արու զավակ ուներ, համոզեցի հղիությունը չընդհատել և պարզվեց, որ նա հղի է զույգ պտուղներով և հետագայում երկու առողջ, գեղեցիկ ու հիասքանչ աղջիկներ ունեցավ:

Բայց կան նաև կանայք, որոնց հղիության ընդհատման որոշումից հետ չի պահում ոչ մի փաստարկ և ոչ մի բացատրություն: Այդ կանայք, հատկապես՝ չծննդաբերածները, պետք է իմանան, որ հղիության յուրաքանչյուր ընդհատում ոչ միայն չծնված երեխայի սպանություն է, այլև անպտղության առաջացման պատճառ:

Ամեն մի հղիություն աստվածային պարգև է և հրաշք: Ձեր աշխատանքային պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, որ բժշկական տեսանկյունից անհնարինը դարձել է հնարավոր:

Անպտղությունը բժշկության հանելուկային խնդիրներից մեկն է, որովհետև բացի կոնկրետ պատճառներից, կա անհայտ ծագման անպտղություն, երբ առողջ ամուսնական զույգը չի կարողանում երեխա ունենալ:

Կան շատ դեպքեր, երբ երեխա որդեգրելուց հետո, երկար տարիների անպտղություն ունեցող կանայք, հղիանում են: Հայտնի են դեպքեր, երբ հղիություն է առաջանում սրբավայրեր այցելելուց, քահանաների աղոթքներից հետո: Գլխավորը հավատն է, պետք է չդադարել հավատալ, աղոթել, մասնակցել Սուրբ Պատարագներին, այցելել սրբավայրեր: Մեր իրականությունում բնակչության վերարտադրողական առողջությունը վատացել է աղտոտված շրջակա միջավայրի, սննդային կենսաբանական ակտիվ հավելումների օգտագործման հետևանքով:

2012թ-ին մեր կենտրոն էր դիմել հղի մի կին Գյումրիից՝ ծանր սրտային պաթոլոգիայով: Հրավիրվեց բժիշկների ընդլայնված կոնսիլիում և որոշվեց, որ տվյալ հղիությունը և հետագայում նաև ծննդաբերությունը կտրականապես արգելվում է, քանի որ կյանքի հետ անհամատեղելի ախտանիշ է: Չնայած բոլոր բացատրություններին, հորդորներին, նաև որոշակի «սպառնալիքներին», հղին և հարազատները կտրականապես հրաժարվեցին հղիության ընդհատումից՝ ապավինելով Աստծո զորությանը: Եվ փառք Աստծո, մանկաբարձների և սրտաբանների համատեղ ջանքերով հղին ծննդալուծվեց և ծնվեց կենդանի, առողջ երեխա:

Յուրաքանչյուր մասնագիտություն իր մեջ կրում է կարևոր մի կոչում: Ըստ Ձեր հայացքի՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտության մեջ ո՞րն է ամենակարևորը:

Մանկաբարձությունը բժշկական մյուս դիսցիպլինաներից տարբերվում է որոշակի առանձնահատկություններով. միաժամանակ բժշկական օգնություն է ցույց տրվում մորը և պտղին: Հղիությունը և ծննդաբերությունը ֆիզիոլոգիական պրոցեսներ են, որոնք ընթանում են երիտասարդ, առողջ օրգանիզմում: Երեխայի ծնունդն ուրախալի և երջանիկ իրադարձություն է ընտանիքում: Եվ բնական է, որ այս դեպքում, ցանկացած բարդություն ողբերգություն, դժբախտություն է: Ուստի հղիության և ծննդաբերության բնականոն, լիարժեք ընթացքի ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի համար մեծ պատասխանատվություն է, վերջինիցս պահանջվում է առանձնահատուկ մարդկային հատկանիշներ, հիմնավոր գիտելիքներ, հղիի, ծննդկանի և հարազատների հետ շփման հոգեբանորեն ճիշտ մոտեցումներ:

Ի՞նչ կմաղթեք հայ կանանց:

Թող յուրաքանչյուր հայ կին վայելի մայրության բերկրանքը, թող ամեն հայ օջախում հնչի մանկան ճիչը՝ որպես նոր կյանքի, երջանկության ազդականչ: Թող երիտասարդ հայ ամուսինները շատ զավակներ ունենան, որովհետև ամեն երեխայի հետ բացվում է նոր հաջողության դուռը:

 

Կարինե Սուգիկյան

29.09.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․