Գրքեր

Տոնացույց

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք Տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:

Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ և առհասարակ ամեն տեսակ հանդիսակատարություններ, և թե ինչպես պետք է կատարել: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի: Ըստ Տոնացույցի՝ Հայ եկեղեցին տարին բաժանում է երեք տեսակ օրերի՝ տոների, սրբոց օրերի և ապաշխարության կամ պահոց օրերի:

Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Սուրբ Սահակ Պարթևի անվան հետ է կապված Տոնացույցին հատուկ յոթնյակ ձևը (երբ Սբ. Զատկի շարժականությամբ թելադրված՝ մի շարք տոներ յոթ օրվա տատանումով են նշվում): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար Տոնացույցը բարենորոգեցին: Տոնացույցի կազմավորման գործին իրենց մասնակցությունն են բերել Գյուտ Ա Արահեզացի, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսները: Հովհաննես Գ Օձնեցին կանոնակարգել է Սբ. Ծննդյան չորս Ավագ տոներն իբրև նախատոնակ: Սբ. Ներսես Շնորհալին սահմանել է Հոգեգալուստը՝ յոթ և Վերափոխումը՝ ինն օր տոնախմբելու կարգը:

Տոնացույցը խմբագրել և վերստին «ստուգաբանել» է Գևորգ Լամբրոնացին (XIII դ.): Նա Կանոնագրքից քաղած վկայություններով հաստատագրել է Հայ եկեղեցու տոնական կարգավորությունը: Նշանակալից է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի մասնակցությունը Տոնացույցի կարգավորման աշխատանքներին: Նրա ջանքերով հայ եկեղեցական Տոնացույցը ձեռք է բերել նոր և հաստատուն կերպարանք: Կիրակի օրվա սրբությունը պահելու նկատառումով նա Տերունական և Սրբոց տոների կապակցությամբ Տոնացույց է ներմուծել 21 օրեր, հանել Մեծի պահոց կիրակիների մեջ Հարության հիշատակումը, մշակել գործածության առավել դյուրին և հաստատուն մի ձև, որը ցույց է տալիս 36 տարեգրերի  համար մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը տեղի ունեցող Սբ. Զատկի տոնի փոփոխությունները:

1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:

 

 

15.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․