19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ծխելու ֆիզիկական և հոգևոր վնասները

Ինչո՞ւ է ծխելը դիտվում որպես մեղք: Վնասո՞ւմ է արդյոք այդ սովորությունը հոգուն:

Հոգու տարաբնույթ հիվանդությունները բնորոշվում են «կիրք» հասկացությամբ: Հայտնի են կրքերի մի շարք դասակարգումներ: Մարդու մեջ միավորված են մարմնավորն ու հոգևորը, հետևաբար կրքերը նույնպես լինում են և՛ մարմնական, և՛ հոգեկան: Սակայն դրանք զատորոշելը դյուրին գործ չէ, քանի որ բոլոր կրքերի «էպիկենտրոնը» գտնվում է հոգում: Առավել տարածված մարմնական կրքերն են՝ «որկրամոլությունը, շատակերությունը, ճոխությունը, շնությունը, հարբեցողությունը, գաղտնաբար ուտելը, մանկահասակների այլասերումը, հեշտասիրության զանազան դրսևորումները, անառակությունը, շվայտությունը, անմաքրությունը, արյունապղծությունը, անասնապղծությունը, վատ ցանկությունները և ամեն տեսակի հակաբնական և ամոթալի կրքերը»:
Ծխելը համարվում է հակաբնական կիրք, քանի որ շարունակական ինքնաթունավորումը չի բխում մարդու մարմնի բնական պահանջից: Բոլոր կրքերը գայթակղության քարեր են մեր փրկության ճանապարհին: Իր ծագմամբ մարդկային բնությունը, որպես Ամենագետ Աստծու ստեղծագործություն, որպես Նրա պատկեր ու նմանություն, ունի կատարելություն:

Մեր փրկությունը իրագործելով՝ պետք է ձգտենք վերականգնել մեր մեջ Աստծու պատկերը, որը խեղաթյուրված է տարատեսակ մեղքերով, և ջանանք նմանվել մեր Երկնային Հորը: Քանի դեռ մարդը մնում է կրքի գերության մեջ, նրա հոգին անընդունակ է վերականգնել խեղաթյուրված պատկերը և վերադարձնել նախաստեղծ աստվածնմանությունը: Կրքերի կապանքներում գտնվող մարդու հոգին ապականվում է, միտքը՝ դառնում անկենդան, իսկ կամքը՝ թուլանում: Մարդը փաստորեն պաշտում է սեփական մոլությունները, ինչպես կուռքերի: «Կռապաշտը Աստծու թագավորության մեջ ժառանգություն չունի» (Եփես. 5:5):

«Առանց կրքերից մաքրվելու հոգին չի բժշկվում իր մեղսալից հիվանդություններից և չի հասնում այն փառքին, որը կորցրել է պատվիրանազանցությամբ» (սբ. Իսահակ Ասորի): Յուրաքանչյուր կիրք, որպես հոգու ախտ, աննշմարելի կերպով փոխշաղկապված է հոգու այլ հիվանդությունների հետ: Հոգում չկան անանցանելի պատնեշներ: Արմատացած կիրքը նպաստում է և այլ արատների ձևավորմանը: Ցայտուն կերպով արտահայտվում է եսասիրությունը:

 Ծխելը մեղք է նաև այն պատճառով, որ քայքայում է առողջությունը:

Մարդն Աստծու օգնությամբ ի զորու է հաղթահարել ամեն մի կիրք ու մոլություն: Այն, ինչ անհնարին է թվում մարդուն, հնարավոր է դառնում Աստծու օգնությամբ, միայն պետք է հաստատ որոշում կայացնել՝ գիտակցելով հոգուն և մարմնին հասցվող վնասը, որովհետև ծխախոտը թմրեցնում է հոգին, բազմապատկում և զորացնում է կրքերը, մթագնում գիտակցությունը, քայքայում մարմնի առողջությունը՝ դանդաղորեն տանելով դեպի մահ: Բարկացկոտությունը և տրտմությունը նույնպես հետևանք են հոգեկան տկարության, որ առաջանում է ծխելու սովորությունից: Նրանք, ովքեր բազմիցս ճիգեր են գործում թողնելու ծխելը, հոգու խորքում ընտելացած են այդ մոլությանը: Աստված միշտ էլ պատրաստ է օգնության հասնելու այդ փրկարար գործում, բայց սպասում է մարդու կողմից սխրանքի:

«Տկար գիտակցությունից նվազում է և համբերության զորությունը, իսկ հաստատուն միտքը իրեն հետևողին հաղորդում է գերբնական զորություն» (սբ. Իսահակ Ասորի):

 

Աննա Մուրադյան

06.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․