«Վերցրու խաչդ և արի Իմ հետևից» | Vercru Khachd Ev Ari Im Hetevic



Գրքեր

«Վերցրու խաչդ և արի Իմ հետևից»

Ճշմարտություն փնտրող մարդը Ավետարանում հանդիպում է մի դրվագի, ուր Հիսուս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ 16.24): Եթե ուշադրություն դարձնենք, Մատթեոսը Ավետարանի այդ հատվածը հղում է անում աշակերտներին, Մարկոսը` ժողովրդին, աշակերտներին (Մարկ. 8.34), իսկ Ղուկասը նշում է, որ այդ պատգամը վերաբերում է ամենքին (Ղուկ. 9.23): Այս առիթով երբեմն հարցնում են, թե ինչպե՞ս թողնենք ամեն ինչ ու հետևենք Քրիստոսին, երբ զգում ենք, որ կոչված չենք լինելու վանական, ճգնավոր և այլն, որովհետև այդօրինակ մտածող մարդկանց պատկերացմամբ հետևել Քրիստոսին նշանակում է հրաժարվել աշխարհական կյանքից և ապրել վանականի խստակրոն կյանքով: Այս առումով աշխարհական կենցաղով ապրող մարդուն այս պատգամը կարող է շատ խորթ և անիրականանալի թվալ, քանի որ ամենևին միտված չէ հրաժարվել աշխարհական կենցաղավարությունից, իր երազանքներից, նպատակներից, որոնք ձգտում է իրակացնել այս ժամանակավոր կյանքում: Առավելևս այդ տարակուսանքը կարող է ավելանալ, երբ Հիսուս երիտասարդ մեծահարուստին ասում է. «Քեզ մե՛կ բան է պակասում. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր և երկնքում գանձեր կունենաս. և վերցրո՛ւ խաչդ և արի՛ իմ հետևից» (Մարկ. 10.21): Այդուամենայնիվ, ամեն դրվագ, միտք, խոսք պետք է համակողմանի դիտարկենք, որպեսզի հասկանանք, թե յուրաքանչյուրիս Երկնավոր Հայրը ինչ կոչում է տվել և արդյո՞ք ամեն ոք պետք է վաճառի իր ունեցվածքը, վերցնի իր խաչը ու հետևի Քրիստոսին, ինչպես Անտոն անապատականը: Հետևաբար, ոմանց մոտ խաչը վերցնել և գնալ Քրիստոսի հետևից կարող է ընկալվել որպես վանական կամ միայնակյաց ճգնավորի կյանքով ապրելու կոչ: Սակայն գիտենք, որ յուրաքանաչյուր անհատ ունի իր ուրույն առաքելությունն այս կյանքում և ամենքս էլ հասկանում ենք, որ ամեն ոք չէ, որ կոչված է լինելու ճգնավոր, վանական,  հոգևոր առաջնորդ և այլն: Եվ Աստվածաշնչում կարող ենք նաև հանդիպել բարեպաշտ, հարուստ մարդկանց, որոնց Աստված չի կոչել վաճառել, թողնել իրենց ունեցվածքը և ապրել ճգնակյաց կյանքով: Արդ, պետք է հաշվի առնենք, որ իրողությունները լինում են ընդհանուր և մասնավոր, ներքին և արտաքին: Ուստի, ինչպես երեք Ավետարանիչների վկայություններից տեսանք, խաչ կրելու պատգամը վերաբերում է բոլորին, այսինքն` այն ընդհանուր է, սակայն արտահայտվում է ամեն մարդու կյանքի ճանապարհի մեջ մասնավոր, ուրույն կերպով, որն ունի ավելի շատ ներքին խաչ կրելու խորհուրդը: Իսկ ի՞նչ է նշանակում կրել ներքին խաչ: Հակիրճ սահմանմամբ դա նշանակում է հրաժարում եսասիրությունից, մեղքերից, վատ սովորույթներից և հետևել Քրիստոսին` ապրելով առաքինի ու բարեպաշտ կյանքով: Պողոս առաքյալը նշում է, որ այդ ամենի ընթացքը պիտի լինի այն, որ մեր հին, մեղավոր ներքին մարդը պիտի խաչվի, որպեսզի մենք կարող լինենք ընթանալ Քրիստոսի հետևից. «Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռոմ 6.6): Թեոփան Մենակյացը խոսելով խաչի ներգործության մասին, նշում է, որ Տերը մեր փրկության գործն իրականացրեց խաչվելով, և Խաչի միջոցով մեզ վրա հեղեց շնորհական պարգևներ և երկնային օրհնություններ: Մեզանից յուրաքանչյուրը հաղորդակից է լինում Խաչի փրկության զորությանը ոչ այլ կերպ, քան իր սեփական խաչի միջոցով: Երբ մարդն իր սեփական խաչը միացնում է Քրիստոսի Խաչին, վերջինիս զորությունն ու ներգործությունը փոխանցվում է մեզ, հետևաբար, մեր սեփական խաչը փրկության գործում նույնքան անհրաժեշտ է, որքան և Քրիստոսի Խաչը: Նա առանձնացնում է խաչի հիմնական երեք տեսակ: Առաջինը՝ արտաքին խաչերն են, որոնք գոյանում են վշտերից և դժբախտություններից, և ընդհանրապես երկրային կյանքի դառը վիճակից:  Երկրորդը՝ ներքին խաչերն են, որոնք ծնվում են հանուն առաքինությունների՝ կրքերի դեմ պայքարից: Երրորդը՝ հոգևոր-շնորհական խաչերն են, որոնք ձևավորվում են Աստծո կամքին լիակատար հանձնվելուց: Սրտի մաքրագործության ընթացքում մարդը ներքին խաչ է կրում և այն Քրիստոսի խաչին միացնելով միայն կարող է ազատագրվել կրքերից: Ներքին խաչերի մասին, որոնք առաջանում են կրքերի դեմ պայքարի ընթացքում, Թեոփան Մենակյացը գրում է հետևյալը. «Ներքին խաչերը մեզ հանդիպում են կրքերի և ցանկությունների դեմ պայքարի ընթացքում: Սուրբ առաքյալն ասում է. «Իսկ նրանք, որ քրիստոսյաններն են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ» (Գաղ. 5.24):

Կրքերը խաչել, նշանակում է դրանք անզոր դարձնել, ճնշել, արմատախիլ անել: Եթե մարդը որևէ կիրք հաղթահարի մի քանի անգամ, այն անզոր կդարձնի: Կհաղթահարի ևս մի քանի անգամ՝ կճնշի: Կրկին կհաղթահարի և Աստծո օգնությամբ լիովին արմատախիլ կանի: Քանի որ այդ պայքարը դժվար է, տառապալից և հիվանդագին, ապա այն ճշմարիտ խաչ է, որ մեր մեջ է: Կրքերի դեմ պայքարողի ձեռքերը, կարծես, երբեմն խաչվում են, գլխին դրվում է փշե պսակ, կենդանի սիրտը խոցվում է: Այդքան նրա համար ծանր է և հիվանդագին: Կրքերը, թեպետ, խորթ են մեզ, բայց դրսից եկած լինելով՝ այնպես են սերտաճել մարմնին և հոգուն, որ իրենց արմատներով ներթափանցել են նրանց բոլոր անդամների և զորությունների մեջ: Արմատախիլ ես անում և ցավոտ է: Ցավոտ է, բայց փրկարար է, և այդ փրկությունը այլ կերպ ձեռք չի բերվում, եթե ոչ ցավով: Կրքերին անհնար է բացատրել, համոզել, սաստել: Դրանք հնարավոր է միայն խաչել: Որկրամոլության կիրքը խաչվում է պահքով: Հպարտությունը` խոնարհությամբ և սիրով: Սա տանջալից է հպարտության համար: Բայց այլ կերպով հնարավոր չէ հաղթահարել այն, այլ` միայն խաչ կրելով: Եվ այդպես շարունակաբար անհրաժեշտ է խաչել մնացյալ կրքերը: Նիկոլայ քհն. Բուլգակովը նշում է, որ խաչը կրել, նշանակում է ոչ թե ընտրել այն, ինչը ստացվում է և հեշտ է, այլ` լավագույնը, այսինքն` ինչն Աստծուն հաճելի է, այն, ինչը համապատասխանում է խղճին, և բերում է մերձավորին օգտակարություն: Խաչը կրել առաջին հերթին ներքին պատգամ է: Աստծո թագավորությունը ձեր ներսում է (Ղուկ.17.21): Խաչերի վրա գամված ավազակները երկուսն էին: Նրանք նույնակերպ էին տառապում: Իսկ գլխավորը` հավատքը, խոնարհությունը, ապաշխարությունն էին, այսինքն` փրկություն ունենալու արժեքները, որոնք անձի ներսում էին գտնվում: Կարելի է խաչը կրել մտքերի, զգացմունքների մեջ: Չդատել որևէ մեկին նույնիսկ մտքերի մեջ, այլ` աղոթել: Քմահաճություն չանել, նյարդային չլինել, այլ համբերել: Չբողոքել եղանակից, չզայրանալ նույնիսկ անշունչ առարկաների վրա: Հնազանդությունից ու խոնարհությունից բխող համբերությունը, նշանակում է քայլել Քրիստոսի առաջնորդությամբ: Չվիրավորվել և մեղադրել, այլ ապաշխարությամբ և աստվածային սիրով լցվել: Անտեղի չխոսել, չհուսահատվել, այլ ուրախությամբ լեցուն լինել, չհամառել, այլ զիջել: Մշտապես վերցնել լավագույնը, որը հավիտենական է և մնայուն, այլ ոչ թե կենտրոնանալ հոգսերի վրա, ինչպես Ղուկասի Ավետարանում ասվում է. «Հիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամը ընտրել է լավ մասը, որ նրանից չպիտի վերցվի» (Ղուկ. 10.41-42):

Երբ չենք չարանում, եսասիրություն չենք անում, ինքներս մեզ մեր մտքերով պատառ-պատառ չենք անում, արդեն իսկ մեր խաչը վերցրած քայլում ենք Քրիստոսի հետևից, որովհետև քայլում ենք սիրո և լույսի ճանապարհով, որ լուսավորում է անձի սիրտն ու միտքը: Բայց դա ներքին խաչի պայքար է, մեղքով պատված մեր մեղավոր բնությունն ընդվզում է, հակառակվում և առանց խաչի ճանապարհի հնարավոր չէ հաղթահարել այդ ուղին: Սակայն կարճ ժամանակ անց, որոշակի համբերությունից հետո կրկին դառնում ենք նախկին սովորույթներին: Նորից հիշում ենք դժգոհությունները, ուրիշների հանդեպ քննադատությունները և սկսում տեղի տալ այդ ամենին` մի կողմ թողնելով խաչը: Հպարտացար, արդեն խաչից հեռացար, դատեցիր, արդեն խաչից հեռացար, թողեցիր համբերությունը, արդեն խաչից հեռացար: Հնարավոր է երկար համբերել, սակայն հետո մեկ ակնթարթում թողնում ենք խաչը ու հեռանում աշխարհի հորձանուտի մեջ: Բնականաբար սատանան ամբողջ ժամանակ ձգտում է, որ մենք իջնենք խաչի վրայից: Այդպես և Փրկչին էին առաջարկում. «Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը և երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթե Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից» (Մատթ. 27.40): Այս բոլորն արվում է նրա համար, որպեսզի թեկուզ փոքր-ինչ նյարդայնանանք, դատապարտենք, տկարանանք, թողնենք աղոթքը, պահքը, մտքի և սրտի արթնությունը: Սակայն անհրաժեշտ է կրկին ապաշխարել և առաջ շարժվել, որովհետև այլ ճանապարհ չկա: Խաչը կրելն անբաժան է կյանքից, այն պետք է մշտապես լինի: Դրա համար առաքյալը պատգամում է. «Ուրա՛խ եղեք միշտ, անդադար աղոթեցե՛ք, ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղ. 5.16-18):

Խաչը պիտի կրենք մինչև վերջ, քանի որ ով համբերում է, նա փրկվում է (Մատթ. 10.22): Արդ, երբ խորհում ենք այս ամենի մասին, հասկանում ենք, որ հավատարիմ լինել խաչին շատ դժվար է: Նույնիսկ, երբ անհրաժեշտություն է լինում անարդարությանը չարով պատասխան չտալ, այլ բարությամբ և սիրով պատասխանել: Մենք, որ ունենք մեղավոր բնություն, դա այնքան էլ հեշտ չէ: Ոչ թե ֆիզիկական տառապանքները, այլ հոգու այդ տառապանքն ու պայքարը կարող է ավելին լինել, նույնիսկ դա կարող է ավելի փոքր բան լինել, սակայն սրտին մեծ ցավ պատճառել, ինչպես օրինակ` նեղսրտելը, վիրավորանքը, խռովքը: Բայց անհիշաչարությունը, արդեն իսկ խաչ կրել է նշանակում: Խաչը ճշմարտություն, արդարություն, իմաստություն է: Ուստի, քրիստոնեական կյանքը Աստծո կամքին համաձայն ապրելն է, այսինքն` պայքար մեղքի դեմ, սա արդեն խաչ է: Խաչ կրելու ընկալումը վերերկրային պատկերացում է, այն վեր է երկրային արդարությունից: Այն խոյանում է վեր և մեզ էլ բարձրացնում դեպի երկնայինը: Խաչը հրաշք է, այն երկնային պտուղներ է բերում երկրային այս սահմաններում:

Արդ, երբ ասում ենք անձն ուրանալու անհրաժեշտության մասին և վերցնել խաչը, հետևել Քրիստոսին, խոսում ենք մեղքից հրաժարվելու և սրբության ճանապարհով դեպի Աստծուն մոտենալու մասին: Բայց մեր ներսում գտնվող մեղքը հակառակվում է սրբությանը, ահա թե ինչու է այդ ընտրությունն այդքան դժվարին և տառապալից մարդու համար, որովհետև անհրաժեշտություն է առաջանում պայքարել մեր մեղավոր անձի դեմ: Այդ իսկ պատճառով խաչ կրելը պայքարի և սխրանքի մի ուղի է մեզ համար, որովհետև հնազանդության խաչը պիտի վերցնես և մտքով, սրտով և կամքով քայլես Քրիստոսի հետևից:  

 

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

15.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․