Գրքեր

Վիշտ ունեցողի մխիթարությունը

- Հա՛յր, որքա՜ն մեծ ուժ է մարդկանց հարկավոր՝ հանկարծամահ լինելուց չվախենալու համար:

- Եթե մարդիկ հասկացել են կյանքի խորագույն իմաստը, ապա ուժ են գտնում մահվանը ճիշտ վերաբերվելու համար: Քանի որ կյանքի իմաստը հասկանալով՝ հոգևոր կերպով են մահվանը վերաբերվում: Գիտեք, թե քանի՜ պատանի է ջարդուփշուր լինում մոպեդներով: Գիտեք, թե քանի՜ երիտասարդ է ավտովթարի ենթարկվում մոտոցիկլերի վրա: Նրանք մոտոցիկլը հետևի անվի վրա են բարձրացնում և այդ վիճակում շատ հեշտ է շրջվելն ու գլխուխը ջարդել՝ ասֆալտին հարվածելով: Նրանք դեռ հերոս էլ են համարում նրան, ով մոտոցիկլետը բոլորից վեր է հանում: «Ես,- գլուխ են գովում այդպիսի երիտասարդները,- ստիպել եմ, որ մոտոցիկլը հետևի անվի վրա այնպես գնա, ինչպես հետևի թաթերի վրա, բայց հետո շուռ եմ եկել»: Տեսնո՞ւմ ես, թե սատանան նրանց ինչ է սովորեցնում, կամենալով, որպեսզի գլուխները ջարդեն: Քանի որ, եթե սովորականի պես վարեն, երկու անիվների վրա ու նույնիսկ ավտովթարի ենթարկվեն, ապա հնարավոր է, որ ոչ թե գլխով հարվածեն, այլ մարմնի մեկ այլ մասով ու ողջ մնան: Սակայն, եթե Աստված սատանային թույլ է տալիս չարիք գործել, կամ ինչ-որ մեկին թույլ է տալիս անուշադիր լինել, ապա դա նշանակում է, որ սատանայական չարիքից կամ մարդկային անուշադրությունից մի ինչ-որ լավ բան դուրս կգա:

- Հա՛յր, այդ դեպքում մեր Եկեղեցին ինչո՞ւ է աղոթում «Պահպանիր մեզ» հանկարծամահ լինելուց:

- Դա ուրիշ հարց է: Եկեղեցին Աստծուն խնդրում է, որպեսզի մահը մեզ անպատրաստ վիճակում չգտնի:

- Հա՛յր, մի կին է այստեղ գալիս ու անդադար սգում, որովհետև իր երեխային գործերով տեղ էր ուղարկել, իսկ նա մեքենայի տակ էր ընկել ու մահացել:

- Նրան հարցրու. «Վարորդը չարությունից մղվա՞ծ է երեխայիդ վրաերթի ենթարկել: Ոչ: Դու նրան գործերով ուղարկեցիր, որպեսզի մեքենայի տա՞կ ընկնի: Ոչ: Ուրեմն «Փառք Քեզ, Տեր» ասա, որովհետև, եթե մեքենայի տակ չընկներ, հնարավոր է, որ նա վատ ուղի բռներ: Իսկ հիմա Աստված նրան ամենաճիշտ ժամանակին տարավ: Այժմ նա Երկնքում է և այն կորցնելու վտանգն իրեն չի սպառնում: Ինչո՞ւ ես լաց լինում: Մի՞թե չգիտես, որ քո լացով տանջում ես երեխայիդ: Ի՞նչ ես ուզում, որպեսզի երեխադ տանջվի, թե ուրախանա: Հոգ տար քո մյուս երեխաներին օգնելու մասին, որոնք հեռացել են Աստծուց: Նրանց համար պետք է լաս, այլ ոչ թե մահացածի»: Երեկ էլ մեկ այլ լացակումած մայր եկավ: «Աստված իմ միակ որդուն տարավ»,- լաց էր լինում նա և Աստծուն էր մեղադրում դրանում: «Եթե ինչպես հարկն է մտածես, թե քեզ հետ ինչ է կատարվել,- ասացի նրան,- ապա կհանգես այն եզրակացությանը, որ Աստված քեզ պատիվ է արել: Նա Իր մոտ փոքրիկ հրեշտակի է տարել, մկրտված երեխայի, թույլ չի տվել, որպեսզի նա մեղքեր ու կրքեր ձեռք բերի: Աստված հրեշտակի է վերցրել Իր մոտ, իսկ դու դրա համար բարկանո՞ւմ ես Նրա վրա: Շուտով դու կզգաս, որ մահացած որդիդ աղոթում է Աստծուն քեզ համար»: Հետո այդ կինն իր կյանքի մասին պատմեց: Ասաց, որ երիտասարդ տարիքում կարող էր շատ երեխաներ ունենալ, բայց այն ժամանակ չի ցանկացել:

Գիտեք, թե որքա՜ն մայրեր են աղոթում ու խնդրում, որպեսզի իրենց զավակներն Աստծո հետ ապրեն: «Աստված իմ, չգիտեմ, թե ինչ կանես,- ասում են այդ կանայք,- ուզում եմ երեխաս փրկվի, որպեսզի Քեզ հետ լինի»: Սակայն, եթե Աստված տեսնում է, որ երեխան շեղվելու է ճշմարիտ ուղուց, որ դեպի կործանում է գլորվում և նրան փրկելու այլ միջոց չկա՝ անսպասելի մահվամբ Իր մոտ է վերցնում: Օրինակ՝ Նա հարբած վարորդին թույլ է տալիս երեխային վրաերթի ենթարկել և այդ կերպ Իր մոտ է տանում: Եթե երեխան հնարավորություն ունենար ավելի լավը դառնալու, ապա Աստված թույլ չէր տա, որպեսզի դժբախտ պատահարը տեղի ունենար: Այնուհետև գինովությունը երեխային վրաերթի ենթարկողի գլխից դուրս է գալիս: Մարդը սթափվում է և ողջ կյանքը խիղճը տանջում է նրան: «Ես հանցագործություն եմ գործել»,- ասում է այդպիսի մարդն ու անընդհատ խնդրում Աստծուն, որպեսզի ների իրեն: Այդ կերպ այդ մարդն էլ է փրկվում: Իսկ մահացած երեխայի մայրը, հոգեկան ցավից տանջվելով, սկսում է ավելի հավաք ապրել, մտածում է մահվան մասին ու պատրաստվում՝ մյուս կյանքին: Նա էլ է այս կերպ փրկվում: Տեսնո՞ւմ եք, թե մայրական աղոթքների արդյունքում Աստված ինչպես է դասավորում, որպեսզի մարդկային հոգիները փրկվեն: Սակայն, եթե մայրերը դա չեն հասկանում, ապա սկսում են Աստծուն մեղադրել: Ինչե՜ր ասես, որ չի լսում Աստված մեզանից:

Եթե մարդը դադարում է իրերին աշխարիկ տեսանկյունից վերաբերվել, ապա նրա հոգին հանգստություն է գտնում: Քանի որ ինչպե՞ս կարող է մարդը իրական մխիթարություն գտնել, եթե չի հավատում Աստծուն ու ճշմարիտ կյանքին՝ մահվանից հետո գոյություն ունեցող կյանքին, հավիտենական կյանքին: Երբ ես Ստոմիոն վանքում էի, ոչ հեռու՝ Կոնիցայում մի այրի էր ապրում, ով մշտապես գնում էր գերեզմանատուն ու մի քանի ժամ շարունակ ողբաձայն լալիս էր այնտեղ: Նա գլուխը գերեզմանաքարին էր զարկում և իր աղաղակներով անհանգստացնում էր ողջ շրջակայքը: Նա գերեզմանատանը ազատություն էր տալիս իր ցավին: Մարդիկ գնում էին այնտեղ, նրան տուն տանում, իսկ նա միևնույն է վերադառնում էր: Եվ այսպես տարիներ շարունակ: Այդ կնոջ ամուսնուն գերմանացիներն էին սպանել, իսկ աղջիկը, հոր մահվանից մի քանի տարի անց, հազիվ տասներկուսը բոլորած, մահացել էր սրտի հիվանդությունից: Այսպես այդ խեղճ կինը միայնակ էր մնացել: Եթե մեկը նրա հետ կատարվածին միայն արտաքնապես նայի, ապա կասի. «Աստված ինչո՞ւ դա թույլ տվեց»: Եվ այդ կինն էլ իր հետ կատարվածին հենց այդ կերպ էր վերաբերվում ու չէր կարողանում մխիթարվել: Մի անգամ, երբ ես էլ գերեզմատանուն գնացի, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում, նա սկսեց ինձ ասել. «Աստված ինչո՞ւ այսպես արեց: Ես միամորիկ դուստր ունեի: Աստված նրան էլ ինձանից վերցրեց…»: Նա խոսում ու խոսում էր՝ Աստծուն մեղադրելով: Թողնելով, որ մի քիչ էլ խոսի, ասացի. «Ես էլ քեզ մի բան կասեմ: Ամուսնուդ ճանաչում էի: Նա շատ լավ մարդ էր: Նա պատերազմում իր հայրենիքի համար զոհվեց՝ իր սուրբ պարտքը կատարելով: Աստված նրա հետ անարդարացի չի վարվի: Հետո ամուսնուդ մահվանից հետո Աստված դստերդ մի քանի տարով քեզ մոտ թողեց: Նա քեզ հետ էր ապրում ու դու որոշակի մխիթարություն ունեիր: Սակայն հետո, Աստված տեսնելով, որ հնարավոր է աղջիկը (մոտ ժամանակներս) շեղվի ճիշտ ուղուց՝ Իր մոտ տարավ այն բարի վիճակում, որում նա գտնվում էր: Նա աղջկադ փրկելու համար այդպես վարվեց»: Այդ այրին մի քիչ աշխարիկ մարդ էր, չնայած, որ նրա ամուսինը շատ հանգիստ մարդ էր եղել: Իհարկե ես նրան ուղղակիորեն չասացի դա, չասացի «դու աշխարիկ մարդ էիր», սակայն հարցրեցի. «Այժմ ինքդ ինչի՞ մասին ես մտածում: Սիրո՞ւմ ես աշխարհը»: «Չեմ ուզում ոչինչ ու ոչ ոքի տեսնել»,- պատասխանեց նա: «Տեսնո՞ւմ ես,- ասացի նրան,- քեզ համար էլ է աշխարհը մահացել: Ցավն օգնում է քեզ և աշխարիկ ոչինչ քեզ չի հետաքրքրում: Այս կերպ շատ շուտով բոլորդ միասին Դրախտում կլինեք: Աստված քեզանից բացի է՞լ ում է այդպիսի պատվի արժանացրել»: Այդ խոսակցությունից հետո նա դադարեց գերեզմանատուն գնալ: Հենց նա կարողացավ կյանքի խորագույն իմաստը հասկանալ, թեկուզ ուրիշի օգնությամբ, ապա միանգամից հանգստացավ:

- Հա՛յր, լսել եմ, որ եթե մարդը բռնի մահով է մահանում, ապա նա քավում է իր մեղքերը, որովհետև մարդասպանն է դրանք իր վրա վերցնում:

- Սպանված մարդը մեղմացուցիչ հանգամանքներ ունի, եթե կարելի է այդպես արտահայտվել: Նա Աստծուն այսպես կարող է ասել. «Ես կապաշխարեի, եթե նա ինձ չսպաներ»: Այս կերպ (նրա մեղքերի) ծանրությունը մարդասպանի վրա է ընկնում: Սակայն ոմանք, որ ըմբռնելու ընդունակ չեն, ասում են. «Եթե Աստված գոյություն ունենար՝ թույլ չէր տա, որպեսզի այսքան հանցագործություններ տեղի ունենային: Նա կպատժեր հանցագործներին»: Այդպիսի մարդիկ չեն հասկանում, որ Աստված հանցագործներին թույլ է տալիս ապրել, որպեսզի Ահեղ Դատաստանի օրն արդարանալու բան չունենան, որ չնայած այն փաստին, որ Աստված նրանց երկար տարիներ է տվել, սակայն չեն ապաշխարել: Իսկ նրանց, ում հանցագործները սպանում են, Աստված նույնպես չի մոռանա:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

02.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․