Գրքեր

Զգեստի նպատակը

Դրախտում Ադամն ու Եվան պարուրված էին լուսեղեն զգեստներով, սակայն մեղանչումից հետո նրանց պարուրող լույսն անհետացավ, և նրանք տեսան, որ մերկ են: Մերկությունը ծածկելու համար առաջին մարդիկ, թզենու տերևներն իրար կարելով, գոգնոց շինեցին` իրենց մերկությունը ծածկելու համար (Ծննդ. 3.7): Այնուհետև Աստված կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց (Ծննդ. 3.21): Ծննդոց գրքի այս դրվագում երևում է զգեստի գործածության առաջին և բուն նպատակը` մերկությունը ծածկելը, քանզի անպատշաճ է կենդանիների նման միմյանց առջև մերկ երևալը: Հետագայում զգեստը սկսեց գործածվել նաև գեղեցկության, ազդեցիկ տպավորություն թողնելու համար, և զգեստի գործածության այս ձևը մուտք գործեց նաև Եկեղեցի: Եկեղեցական հանդիսավոր արարողությունների ժամանակ համապատասխան շքեղ զգեստներ են հագնում, որոնք իրենց հատուկ խորհուրդն ունեն: Շքեղ զգեստներ հագնելու սովորությամբ հայտնի է ութերորդ դարի մեր մեծ Կաթողիկոսներից Սուրբ Հովհան Օձնեցին, ով պերճաշուք հագուստների օգտագործման առնչությամբ բացատրել է, որ առաքյալներն իրենց սրբությամբ էին մարդկանց վրա ազդեցություն թողնում, սակայն հետագայի եկեղեցականները, որ չեն կարող ունենալ մեծ առաքյալների ազդեցությունն ու պատկառելիությունը, հատուկ զգեստներով են մարդկանց ներկայանում և նրանց արտաքին ուշադրության վրա ազդելով` Քրիստոսի ու առաքյալների վարդապետությունն են ուսուցանում և հավատքը քարոզում:

Հետագայում զգեստի գործածության նպատակը աստիճանաբար աղավաղվեց և նույնիսկ հանգեց ի սկզբանե կարգված նպատակի ճիշտ հակադրության: Արդի նորաձևության մեջ հատկապես կանանց հագուստները ստեղծվում են ոչ թե մերկությունը ծածկելու, այլ ընդհակառակը, մերկությունը ցույց տալու և մարմնի սքողելի տեղերը բացահայտելու համար: Պատճառն այն է, որ չարի դրդմամբ կրքերի ու մարմնական հաճույքների հակված մարդիկ հասկացան, որ կիսասքողված մերկությունն ավելի գայթակղիչ է, քան մերկությունն ինքը: Եվ մինչ Ադամն ու Եվան իրենց մերկությունը ծածկելու համար էին զգեստից օգտվում, այսօրվա նորաձևության մեջ առաջին հերթին սեռական հետաքրքրությունը գրգռելու և մերկությունն ի բաց դնելու միտումով են ստեղծվում հագուստները, միտում, որից պետք է հեռու մնան բարեպաշտ քրիստոնյաները:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

21.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․