Գրքեր
Ի՞նչ էր խնդրում Զաքարիան, որին ի պատասխան՝ հրեշտակը հայտնում է, թե նրա խնդրանքն ընդունված է:

   Աստծուց ժողովրդի մեղքերի քավություն էր խնդրում, որ Մեսիայի ձեռքով պիտի լիներ: Եվ որովհետև Հովհաննեսն էլ նրա կարապետն էր, հրեշտակն ասում է, թե՝ աղոթքդ ընդունվեց: Եվ իսկապես, երբ պաշտամունքի օրերը լրացան, ու նա տուն վերադարձավ, Եղիսաբեթը հղիացավ: Սակայն նա հինգ ամիս թաքցնում է իր հղիությունը և ոչ ոքի չի հայտնում:

   Վեցերորդ ամսում Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկում է կույս Մարիամի մոտ, որը Գալիլեայի Նազարեթ քաղաքում էր ապրում և Դավթի ցեղից Հովսեփ անունով մի մարդու նշանածն էր: Հրեշտակը ողջունում է կույսին՝ ասելով. «Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, Տերը քեզ հետ  է»:

   Այս լսելով՝ Մարիամը հուզվում է և սկսում է մտածել, թե այդ ի՛նչ տեսակ ողջույն է: Հրեշտակը շտապում է հանգստացնել նրան՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև շնորհ գտար Աստծուց. պիտի հղիանաս և որդի ծնես, որի անունը Հիսուս ես դնելու: Աստված նրան պիտի տա նրա հոր՝ Դավթի աթոռը,  և նա Իսրայելի ժողովրդի վրա հավիտյան պիտի թագավորի. նրա թագավորությունը վախճան չպիտի ունենա»:

   Մարիամը հրեշտակի այս հայտնությանը պատասխանում է. «Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը նորից պատասխանում է. «Սուրբ հոգին պիտի գա քեզ վրա, և բարձրյալ Աստծու զորությունը հովանի պիտի լինի քեզ, քանի որ նա, որին պիտի ծնես, սուրբ է և Աստծու որդի պիտի կոչվի»: Եվ երբ  հրեշտակը Մարիամին հայտնում է, թե նրա ազգականը՝ Եղիսաբեթը ևս վեց ամիս է, որ հղի է, քանի որ Աստծու համար անհնարին բան չկա, կույսը խոնարհությամբ պատասխանում է. «Ահա ես՝ Աստծու աղախինս, պատրաստ եմ. թող  քո խոսքերի համաձայն լինի»: Ահա այդ ժամանակ աստվածային հրաշագործությամբ Աստծու Խոսքը, նրա արգանդն իջնելով, մարմնացավ, և հրեշտակը հեռացավ նրա մոտից:

   Երբ Մարիամը լսեց, որ իր ազգական Եղիսաբեթը հղի է, ինչպես նշվեց վերևում, այդ օրերին շտապեց գնալ Հուդայի լեռնային շրջանում գտնվող քաղաքներից մեկը (այն Երուսաղեմից երկու ժամի չափ հեռու էր, և որն այժմ արաբները Այն Էլ-Յարիմ են կոչում)՝ նրան շնորհավորելու:  Երբ Եղիսաբեթի տուն է մտնում,  նրան ողջունելու պահին աստվածային հրաշագործությամբ Եղիսաբեթի արգանդում Հովհաննեսը շարժվելով երկրպագում է Հիսուս Փրկչին: Եվ Եղիսաբեթը, սուրբ հոգով լցված, բարձրաձայն աղաղակում է՝ ասելով. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է որովայնիդ պտուղը»: Ավելին, խոստովանում է Մարիամի Աստվածածին լինելը՝ ասելով. «Երբ որ քո ձայնը ականջիս հասավ, մանուկս արգանդումս ցնծությամբ շարժվեց»: Եվ երանի է տալիս,  որ  առանց կասկածելու հավատաց Աստծու՝ իրեն հայտնած խորհրդավոր հայտնությանը, որ պիտի կատարվեր իր հետ: Այդ ժամանակ Մարիամը ևս, Աստծուց իրեն տրված ողորմության համար շնորհակալ լինելով, հատուկ օրհնությամբ փառաբանում է Նրա զորությունն ու գթությունը:

   Երեք ամսի չափ Եղիսաբեթի մոտ մնալուց հետո Մարիամը վերադարձավ: Նրա հղիությունը նկատելով՝ Հովսեփը տարբեր կասկածներ ունեցավ, որովհետև չգիտեր, որ Սուրբ Հոգու զորությամբ էր հղիացել: Բայց քանի որ ինքն էլ շատ երկյուղած և առաքինի մարդ էր, որոշեց առանց գաղտնիքը որևէ մեկին հայտնելու՝ լռելյայն արձակել նրան: Մինչ այսպես խորհում էր, երազում հրեշտակ տեսավ, որն ասում էր իրեն. «Մի՛ վախեցիր կնոջդ՝ Մարիամին, մոտդ պահելուց, քանի որ նրանից ծնված մանուկը Սուրբ Հոգուց է, և նրա անունը Հիսուս պիտի դնես, ու նա իր ժողովրդին պետք է փրկի մեղքից»:

Այն, որ Եսայի մարգարեի բերանով Սուրբ Գրքում նախապես հայտնված պատգամը, թե ահա կույսը պիտի հղիանա և որդի ծնի, որն Էմմանուել պիտի կոչվի, որ նշանակում է Աստված մեզ հետ, կատարվեց Մարիամի հետ. Հովսեփին հասկացրեց, որ հանգիստ ու անխռով մնա: Զարթնելով՝ Հովսեփը,  ըստ հրամանի,  Մարիամին պահեց իր մոտ: Թեև Հիսուսին Էմմանուել չանվանեցին, բայց այս պատգամը կատարվեց նրա մարմնառությամբ և մարդկային կերպարանք ստանալով: Սա է բոլոր աստվածաբանների, Սուրբ հայրապետների և Սուրբ Գրքի մեկնիչների կարծիքը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․