Գրքեր
Հիսուսի հրաշքները տեսնողներից բոլո՞րը հավատացին նրան:

Թեև բոլորը չհավատացին, բայց շատերը հավատացին: Ինչպես որ Երուսաղեմ քաղաքում նրա եղած ժամանակ փարիսեցիներից Նիկոդեմոս անունով գիտուն և պատվավոր մի անձ, տեսնելով, որ  Հիսուսի գործած հրաշքները  միայն աստվածային զորությանն են հատուկ, ի սրտե հավատում է և ցանկանում է նրա հետ տեսակցել, որ անհրաժեշտ բաներն էլ ուսանի: Բայց խռովահույզ հրեաների բամբասանքից երկնչելով՝ գիշերով է գալիս Հիսուսի մոտ և նրա աստվածային առաքելությունը խոստովանելով՝ ասում է. «Ոչ ոք չի կարող այդ հրաշքները գործել, եթե Աստված նրա հետ չլինի»:

Որքան էլ որ Նիկոդեմոսի հավատը հայտնի դարձավ այս խոսքերով, բայց նա եկել էր հրահանգվելու Հիսուսից, որի հրահանգը նոր օրենքը հաստատելու և մարդկանց արքայության արժանացնելու մասին էր: Եվ քանի որ նոր օրենքի հիմքը մկրտությունն է,  Հիսուսը հայտնում է, թե քրիստոնեական սուրբ հավատի ծագումից հետո առանց մկրտվելու հնարավոր չէ Աստծու արքայությունը մտնել, և ապա խոսում է իր Աստվածության և մարդկության մասին, ինչպես նաև խաչը ելնելու մասին և վերջապես հավելում է, թե հավատացյալներն արքայություն, իսկ անհավատները դժոխք պետք է գնան:

Ապա Հիսուսն իր աշակերտների հետ Հրեաստանի գավառում շրջելով՝ մկրտում էր ժողովրդին, բայց ոչ թե ինքն անձամբ, այլ իր հրամանով աշակերտներն էին մկրտում իրեն դիմող մարդկանց:  Այդ նույն ժամանակ Հովհաննեսն էլ Հորդանանի մոտ՝ Այենոն կոչված վայրում էր մկրտում, որտեղ ջուր շատ կար (որովհետև դեռ բանտարկված չէր):  Շատ մարդիկ, Հիսուսի վարդապետությամբ հետաքրքրված, սիրով նրա մոտ էին գալիս խմբերով՝ մկրտվելու: Այս պատճառով Հովհաննեսի աշակերտները նախանձելով գանգատվում են Հովհաննեսին:

Քանի որ Հիսուսի մկրտությունը Սուրբ Հոգու զորությամբ էր կատարվում, մարդկանց հոգին մեղքերից մաքրվում էր, իսկ Հովհաննեսի մկրտությունը, այս զորությունը չունենալով,  միայն Հիսուսի մկրտությանն էր պատրաստում ժողովրդին: Այս պատճառով էլ Հիսուսից մկրտվողները Հովհաննեսի աշակերտների հետ վիճաբանում էին: Թեև Հովհաննեսի աշակերտներն ի պատիվ նրա՝ նախանձախնդրորեն վիճաբանության խոսքեր էին ասում, սակայն ինքը՝ Հովհաննեսը, ինչպես որ առաջ խոստովանել էր, թե ինքը Քրիստոսը չէ, այդպես էլ հիմա կրկնում է նույն խոստովանությունը՝ հայտնելով, թե ինքն օրըստօրե պիտի տկարանա, իսկ նա պիտի զորանա:

Այս խոսքերից հետո Հովհաննեսն իրեն ունկնդրող ժողովրդին հայտնապես տեղեկացրեց, որ Հիսուսն է Մեսիան և Աստծու Որդին, որին հավատացողները՝ արքայության, իսկ հավատալ չցանկացողները դատապարտության կարժանանան, և Աստծու բարկությունը նրանց վրա կմնա,  որպեսզի  ամենքը, Հիսուսին հավատալով, նրա վարդապետությանն ու քարոզչությանը հետևեն և այդպես հավիտենական կյանքի արժանանան:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․