Գրքեր
Վերոհիշյալ առաքինությունները գործող բոլո՞ր մարդկանց է երանի տրվում:

Կտրվի, եթե հակառակ ընթացք չունենալով՝ միշտ ըստ արժանվույն գործադրեն դրանք: Որովհետև շատերը առժամանակ սիրով պատրաստակամ են առաքինական գործերի, բայց որովհետև դրանք հարատևություն չունեն, չեն կարող վարձ ստանալ, ինչպես որ Պողոս առաքյալը հանդիմանում է  այդպիսիներին. Հատկապես առավել արժանի են պատժի, քանի որ առաքինության բարիքն իմանալով՝ գործադրելու հոգ չեն տանում: Այսուամենայնիվ, Աստծու ողորմությունից հույսդ մի՛ կտրիր, այլ չար ճանապարհից հետ կանգնելով՝ կարողությանդ չափով միշտ առաքինությա՛ն հետամուտ եղիր, որպեսզի Աստծու շնորհով միշտ գործադրելու կարողություն ունենաս և առատորեն վարձատրվես:

Հիսուսը, վերոհիշյալ ինն առաքինություններն աշակերտներին բացատրելով, նրանց աղի նմանեցրեց և հայտնեց, որ ինչպես որ համը կորցրած աղն իբրև անպիտան բան  դեն է նետվում և մարդկանցից ոտնակոխ է լինում, այնպես էլ նրանք, իրենց հատկացված պաշտոնում թերանալու դեպքում, պետք է կորստյան մատնվեն: Ուստի նույն առաքինությունները նախ իրենք պետք է գործադրեին, ապա ուրիշներին ևս սովորեցնելու հոգ տանեին: Այդպես էլ լույսի և լեռան վրա շինված քաղաքի նմանեցրեց առաքյալներին, որպեսզի իմանալով, թե ինչպիսի՛ բարձր պատվի են արդեն արժանացած, ըստ այդմ առաքինական գործերի մեջ անթերի և ամեն կերպ կատարյալ լինեն, և մարդիկ նրանց ու գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն՝ իրենց երկնավոր հորը:

Արդարև, իրենց տրված պատվերի համաձայն քարոզելով՝ նրանք առաքինության չքնաղ օրինակ եղան ամենքի համար, և մարդկանց սրտերին հոգևոր ճաշակ պարգևելով՝ կռապաշտության խավարի մեջ ապրող ժողովուրդներին Աստծու շնորհած լույսով պայծառորեն լուսավորեցին, որով Աստծու օրհնյալ անունը երկրիս վրա արժանիորեն փառավորեցին:

Թող այստեղ լավ խորհեն բոլոր նրանք, ովքեր ժողովրդի հոգևոր և մարմնավոր իշխան և առաջնորդ են կարգված, որովհետև եթե նրանք իրենց նվիրական պարտականությունն անթերի կատարեն, մեծ ողորմության և փառքի պիտի արժանանան, իսկ եթե պարտականությունների մեջ թերանան, սաստիկ պատժի արժանի պիտի լինեն՝ յուրաքանչյուրն ըստ իր աստիճանի:

Երբ Հիսուսը առաքինությունների գործադրման մասին անհրաժեշտ հրահանգները տվեց առաքյալներին, հին օրենքին հակառակ չընդունվելու համար շտապեց հայտնել, որ ինքը եկել է այն կատարելագործելու և այդ օրենքի ամենափոքր կետն անգամ գործադրելու: Որովհետև հին օրենքը նոր օրենքի միայն պատկերը կամ ստվերն էր (տե՛ս չորրորդ դարի Բ. հարցը), և երկուսը Հիսուսի հրամանն էին բովանդակում. նրա գալստյամբ անթերի պիտի կատարվեին. այդ պատճառով օրենքի ամենափոքր մի կարգավորության­­ դեմ մեղանչողի պատիժն ու օրենքը անթերի պահպանողին փառքն էլ նշանակեց և ցույց տվեց, որ օրենքի նկատմամբ որևէ պատրվակով զանցառություն անելով՝ոչ ոք, ով էլ որ լինի,  պատժի չենթարկվի իր սխալ դատողությունների կամ մեկնությունների հետևանքով:

Որովհետև հրեա դպիրներն ու փարիսեցիները, օրենքն ըստ արժանվույն  գործադրելու մտադրություն չունենալով, միայն ուրիշներին ուսուցանելու ջանք ու եռանդ էին դրսևորում, այդ պատճառով Հիսուսն առաքյալներին ասում է. «Եթե ձեր առաքինությունը և կամ արդարությունը օրենսգետների և փարիսեցիների առաքինությունը չգերազանցի, չեք կարող Աստծու արքայությունը ժառանգել»:  Սրանից թող զգուշանան և երկնչեն նրանք, ովքեր օրենքը կետ առ կետ գործադրելու նկատմամբ անհոգ են ու ծույլ, և ջանում են միայն իրենք իրենց արդարացնելու համար սխալ մեկնություններ տալ և այլոց  համար էլ վատ օրինակ ծառայել:

 

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․