Գրքեր
Հիսուսը քարոզելու ժամանակ ինչո՞ւ էր առակներով խոսում:

Իր մասին Սուրբ Գրքում «առակներով պիտի խոսի» գրվածը կատարվելու համար և մանավանդ, որ ժողովուրդը լսած քարոզը դյուրությամբ մտքում պահել կարողանա: Այս պատճառով, երբ առաքյալների հետ առանձին էր մնում, առակների իմաստը բացատրում էր նրանց: Ինչպես որ երբ տուն է գալիս, առաքյալների խնդրանքով որոմի առակն է մեկնում, որում իրեն բարի սերմնացանի նմանեցնելով՝ ասում է. «Արտը կամ ագարակն այս աշխարհն է, բարի սերմը սրբերն ու առաքինի մարդիկ են, որոմը՝ մեղավորները, իսկ այն սերմանողը սատանան է. հնձի ժամանակը դատաստանի օրն է, հնձողները հրեշտակներն են, որոնք չարերին պիտի կրակը նետեն, որտեղ նրանք պետք է անվախճան տանջվեն, իսկ արդարները արքայության մեջ արևի նման պիտի փայլեն և միշտ ուրախ պիտի լինեն»: Եվ հավելում է. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»:

Հիսուսն այս վերջին խոսքով թեև յուրաքանչյուրի կամքին է թողնում լսելը կամ չլսելը,  բարի լինելը կամ ոչ, բայց որպեսզի բոլորի եռանդը բորբոքի, որ իրենց պարտականությունների կատարման  մեջ չթերանան, երկնքի արքայությունը նմանեցնում է ագարակում թաղված գանձի, որը գտնողը թաքցնում է, և ուրախությունից ամբողջ ունեցվածքը վաճառելով՝ գնում է այդ ագարակը: Դարձյալ նմանեցնում է մի վաճառականի, որ մի գեղեցիկ մարգարիտ է որոնում, և երբ գտնում է, ամբողջ ունեցածը վաճառելով՝ գնում է այդ թանկարժեք ու գեղեցիկ մարգարիտը:

Ուրեմն նրանք, ովքեր ձգտում են արքայության փառքի հասնել, պետք է ամեն կերպ իրենց մտքից հանեն սերն աշխարհիկ դատարկ բաների հանդեպ և միշտ հոժարակամ զբաղվեն առաքինական գործերով: Արդարև, առաքինի մարդը, վերոհիշյալ առակների շուրջ  խորհելով, մեծապես մխիթարվում է, բայց որպեսզի չար մարդկանց պատճառով նեղություն կամ վնաս կրելիս չվհատվի, նրանց պատիժն էլ հայտնում է ծով նետված ուռկանի առակով: Որովհետև ինչպես որ ուռկանի մեջ ամեն տեսակ ձկներ են հավաքվում, որոնք ցամաք հանելուց հետո ամանի մեջ լցնում են միայն լավերը, իսկ վատերն անմիջապես դեն են նետում, այնպես էլ, հիրավի, այս աշխարհում թե՛ առաքինի և թե՛ չարաբարո մարդիկ միասին են ապրում, սակայն արքայության մեջ իրարից պետք է բաժանվեն. չարերը դժոխքում անվախճան տանջանքի պիտի դատապարտվեն և միշտ սգով ու տրտմությամբ ապրեն, իսկ արդարները, արքայության անվախճան փառքը ժառանգելով, հավիտյան ուրախ ու երջանիկ պիտի լինեն: Այս առակը մեծ և ազդու խրատ է բոլոր մարդկանց համար, որպեսզի բարի մարդիկ, երբ նեղության հանդիպեն, չտրտնջան, քանի որ մի օր, այդ նեղություններից ազատվելով, հավիտենական հանգիստ և ուրախություն պիտի վայելեն: Այդպես էլ նենգ և չար մարդիկ, ներկայում իրենց վայելած հանգստով չպետք է ուրախանան, քանի որ այդ հանգիստն ու ուրախությունն էլ մի օր անվախճան տանջանքների պիտի փոխվեն ըստ մեր Տիրոջ խոսքի:

Հիսուսը վերոհիշյալ առակները պատմելուց և դրանց բացատրությունն ու մեկնությունը տալուց հետո հարցնում է առաքյալներին, թե արդյոք լավ հասկացա՞ն, որպեսզի դրանք երբեք իրենց մտքից չհանելով՝ միշտ ուշադիր խորհեն դրանց իմաստի շուրջ: Եվ երբ նրանք պատասխանում են, թե հասկացել են, այն ժամանակ հոգևոր խրատ տվողներին և ժողովրդին քարոզողներին նմանեցնում է մի մեծահարուստ մարդու, որն իր գանձարանից միաժամանակ հանում է հինն ու նորը: Այս պարագայում «հին» ու «նոր» ասելով՝ ազդարարում է, որ քարոզիչները ժողովրդին քարոզելու ժամանակ ոչ միայն Նոր Կտակարանից, այլև Հին Կտակարանից ըստ հարկի պետք է վկայություն բերեն, որովհետև երկուսն էլ, Աստծու խոսքը լինելով, հաստատում են իրար: Քանի որ նոր օրենքը հին օրենքի վրա է հիմնված, ադ պատճառով էլ հին օրենքը նմանեցված է ագարակի, որում թաղված էր նոր օրենքի գանձարանը:

Վերոհիշյալ առակներն ամբողջացնելուց հետո, երբ Հիսուսն իր քաղաք՝ Նազարեթ է գալիս ժողովարանում քարոզելու համար, ժողովուրդը, նրա իմաստության և գործած հրաշքների վրա զարմանալով, սկսում է տարակուսանքով հարցնել. «Որտեղի՞ց նրան այդպիսի իմաստություն և զորություն: Նա հյուսնի որդին չէ՞, և նրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնը, Հուդան չե՞ն, և նրա քույրերը մեզ մոտ չե՞ն արդյոք»: Հիրավի, երբ նախկինում այնտեղ մի անգամ ևս քարոզում էր,  նրա իմաստության և հրաշագործ զորության վրա զարմացան, բայց նրա նկատմամբ թշնամական վերաբերմունք ցույց չտվեցին: Իսկ այս անգամ ոչ միայն չեն համակրում, այլև նախանձով լցված՝ իրենց սրտերն անհավատությամբ լրիվ քարացնում են: Այդ պատճառով Հիսուսը, առանց այնտեղ շատ հրաշք գործելու, ասում է. «Մարգարեն իր գավառում պատիվ չունի»:

Այս խոսքը չնայած մեծ հանդիմանություն և խրատ էր նրանց համար, սակայն Հիսուսը նորից հավելում է՝ ասելով. «Երբ Եղիա մարգարեի օրոք երեքուկես տարի սով եղավ, Իսրայելի ժողովրդի մեջ շատ որբևայրիներ կային, բայց Եղիան նրանցից ոչ մեկի մոտ չուղարկվեց, այլ միայն Սիդոնի երկրի Սարեփթա քաղաքում ապրող մի որբևայրի կնոջ մոտ: Այդպես էլ Եղիսե մարգարեի օրոք Իսրայելի ժողովրդի մեջ շատ բորոտներ կային, բայց նրանցից ոչ մեկը չբժշկվեց, այլ միայն Նեեման ասորին (տե՛ս չորրորդ դարի ԾԴ. և ԿԵ. հարցերը)»:

Հիսուսը Սուրբ Գրքից օրինակներ է բերում, որպեսզի նրանք, իրենց հանցանքը ճանաչելով, ուղղվեն, բայց նրանք ոչ միայն չեն ուղղվում, այլև այն աստիճան են զայրանում, որ նրան քաղաքից դուրս՝ մի լեռան վրա են հանում, որ ցած գցեն ու սպանեն: Թեպետ նրանց դիտավորությունը հայտնի էր Հիսուսին, բայց իր գերագույն զորությունը նրանց ցույց տալու համար առանց ընդդիմանալու գնում է նրանց հետ, որովհետև երբ բոլորը համախմբված պատրաստվում են նրան գահավեժ անելու, Հիսուսը, նրանց միջից անցնելով, գնում է, և ոչ ոք չի կարողանում  նրա վրա ձեռք բարձրացնել:

Այս պարագայում Նազարեթ քաղաքի բնակիչները շատ մեծ ապերախտությամբ վարվեցին, որովհետև Նազարեթցի (Նազովրեցի) կոչվելու պատճառով Հիսուսի փառքն ու պատիվը համայն Նազարեթի  բնակիչների համար մեծ փառք ու պարծանք էր, սակայն նրանք սոսկալի համառությամբ և թանձր տգիտությամբ միանգամից համոզմունք էին ձևավորել, թե հյուսնի, այսինքն՝ հասարակ մարդու որդի է, այս պատճառով ոչ միայն գայթակղվում են և իրենց անհավատության մեջ  աներեր ու հաստատ մնում, այլ նաև հատկապես նրա անօրինակ իմաստության և հրաշագործելու գերբնական կարողության նկատմամբ նախանձով լցված՝ նրա բարեգործ կյանքի դեմ դավաճանելու չափ առաջ են գնում, որով իրենք ևս զրկվում են նրա շնորհից: Ահա սա է չար, կամակոր ու նախանձ մարդկանց վիճակը:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․