Գրքեր
Երբ Պետրոսն ազատվեց, Հերովդեսը դարձյալ նեղություն տվե՞ց հավատացյալներին:

Չտվեց: Թեպետևհրեաներին հաճույք պատճառելու համար ցանկանում էր քրիստոնյաներին նեղել, բայց ժամանակ չգտավ: Առավոտյան, երբ պահապանները Պետրոսին բանտում չգտան, նրանց մեջ մեծ խռովություն ընկավ: Պահապաններին հարցաքննելուց հետո Հերովդեսը ևս կասկածում է նրանց՝ կարծելով, թե նրանք են փախցրել Պետրոսին: Ուստի բարկությամբ հրամայում է սպանել նրանց, իսկ ինքը՝ Հերովդեսը, գնում է Փիլիպպիայի Կեսարիա քաղաքը, որտեղ իր չարությանը համապատասխան պատիժ է գտնում, քանի որ Տյուրոս և Սիդոն քաղաքների բնակիչների դեմ զայրացած լինելով՝ ցանկանում էր պատժել նրանց:

Վերջիններս բազմությամբ նրա մոտ եկան և սենեկապետ Բղատոսի  միջոցով հաշտություն խնդրեցին, որպեսզի իրենց քաղաքի սնունդը արքունիքից մատակարարվի: Երբ մի օր Հերովդեսը արքայական պճնազարդ հագուստով ատյանում նստած բոլորի ներկայությամբ  խոսում էր նրանց հետ իշխանաբար և գոռոզությամբ, ժողովուրդը սկսեց աղաղակել, թե՝ «Աստծու խոսք է սա, ոչ թե մարդու»: Եվ ահա հրեշտակն իսկույն զարկեց նրան, և սաստիկ որդոտելուց հետո՝ ողորմելի կերպով իր վերջին շունչը փչեց, քանի որ հպարտ և ինքնահավան լինելու պատճառով չուզեց փառք տալ Աստծուն:

Հիրավի, Երուսաղեմի քրիստոնյաները միառժամանակ Հերովդեսի ձեռքից հալածանք և նեղություն կրեցին, բայց Աստծու ողորմածությամբ օրըստօրե հավատացյալների թիվն ավելանում էր: Բառնաբասն ու Սողոսը (ինչպես ԿԲ. հարցում հիշվեց), որ Անտիոքից օգնություն էին բերել  Երուսաղեմ՝ քրիստոնյա կարիքավորների համար, երբ իրենց գործն արեցին վերջացրին, նորից Անտիոք վերադարձան՝ իրենց հետ վերցնելով նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում:

Անտիոքում արդեն բազմաթիվ քրիստոնյաներ կային՝ Բառնաբասը, Շմավոնը, որ կոչվում էր Նյուգեր, Կյուրենացի Ղուկիոսը, չորրորդապետ Հերովդեսի կաթնեղբայրը՝ Մանայենը, և Սողոսը, որոնք մարգարե և վարդապետ էին: Սուրբ Հոգու ներշնչմամբ Բառնաբասին ու Սողոսին ընտրում են առաքելական քարոզության համար և աղոթքով ու ծոմապահությամբ նրանց վրա  ձեռք դնելով՝ ուղարկում են ուրիշ տեղեր:

Սրանք գնում են նախ Սելևկիա, իսկ այնտեղից՝ Կիպրոս, որտեղ ամբողջ կղզում շրջելով՝ քարոզում են ու հասնում մինչև Պափոս: Այստեղ Բարեհեսու անունով մի կախարդ և սուտ մարգարե են գտնում: Սա ինքն իրեն գիտնական (Ելիմաս) մարդու տեղ էր դնում և ապրում էր բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի մոտ, որ մի իմաստուն մարդ էր: Վերջինս, Բառնաբասի և Սողոսի քարոզությունը լսելով, իր մոտ է կանչում նրանց ու խնդրում, որ ինքն էլ լսի Աստծու խոսքը, բայց հիշյալ կախարդը (մոգը) ընդդիմանում է դրան, որովհետև գիտեր, որ եթե քաղաքի դատավորը Հիսուսին հավատար, իր ստապատիր խաբեությունները երևան պետք է գային, և ինքը պիտի խայտառակվեր:

Երբ հիշյալն այսպիսի չարամիտ ընթացքով ու մտադրություններով էր առաջնորդվում, Սողոսը նրան նայելով՝ ասաց. «Ո՛վ դու, ա՛յր՝ լի նենգությամբ և ամենայն խորամանկությամբ, որդի սատանայի, թշնամի ամենայն արդարության, չե՞ս դադարելու Տիրոջ ճանապարհը նենգափոխելուց: Ահա նրա ձեռքը քեզ վրա է, և դու կույր պետք է լինես ու միառժամանակ արև չպետք է տեսնես»: Մինչ Սողոսն այսպես խոսում էր, Ելիմաս մոգի աչքերի վրա իսկույն վարագույր իջավ, ու նա կուրացավ: Սրա համար Սերգիոսը շատ զարմացավ և ոչ միայն կատարյալ սրտով հավատաց Հիսուսին, այլև այն աստիճան սիրեց Սողոսին, որ նրան իր ազգանունը տվեց, և դրանից հետո Սողոսը Սուրբ Գրքում Պողոս անունով է հիշատակվում:

Ապա նրանք գնում են Լավոդիկե և այցելում Գարամանի շրջակայքը, որտեղ վերոհիշյալ Հովհաննեսը, որ նրանց հետ էր, նրանց կողմից քննադատվելով, վերադառնում է Երուսաղեմ: Իսկ Բառնաբասն ու Պողոսը մի շաբաթ օր քարոզում են  հրեաների ժողովարանում, և շատերն են հավատում: Բայց շատերն էլ նախանձից ոչ միայն ընդդիմանում են, այլ նաև իրենց երկրից դուրս են հանում նրանց: Եվ այդ բանի համար նորահավատներն առանց իրենց հավատի մեջ տատանվելու շարունակում են ուրախությամբ ծառայել ճշմարտությանը, որի լույսը նոր էր ծագել իրենց հոգիների վրա:

Պողոսն ու Բառնաբասն այնտեղից գալիս են Իկոնիոն քաղաքը, որտեղ նրանց քարոզության ու հրաշագործությունների շնորհիվ բազմաթիվ հրեաներ և հույներ հավատում են Հիսուսին: Սակայն համառ հրեաները նրանց դեմ գանգատ են ուղղում տեղի իշխաններին, և երբ նրանց քարկոծել են ուզում, նրանք փախչում են դեպի Լյուստրա և այդ կողմերում շրջելով՝ ավետարանը քարոզում: Երբ քարոզում էին Լյուստրայում, ի ծնե կաղ մի մարդ, որ երբեք չէր քայլել և փողոցում էր նստում, լսելով Պողոսի խոսքերը, ցանկանում է հավատալ, ուստի Պողոսը, նրան նայելով, բարձրաձայն ասում է. «Քե՛զ եմ ասում, Հիսուս Քրիստոսի անունով ոտքի՛ ել»:

Հենց որ այս խոսքը դուրս է գալիս Պողոսի բերանից, կաղը, իսկույն ոտքի կանգնելով, սկսում է քայլել ու վազվզել: Նրան տեսնելով՝ մարդիկ բարձրաձայն ասում են. «Աստվածները մարդկանց կերպարանքով մեզ մոտ են իջել»: Հեթանոս լինելով՝ նրանք կարծում էին, թե կուռքերն են, որ այդ հրաշքը գործեցին, ուստի իրենց կուռքերի անուններով Բառնաբասին Դիոս են անվանում, իսկ Պողոսին՝ Հերմես: Բացի այդ, որ քաղաքի դռան առջև գտնվող Դիոսի տաճարի քուրմը բազմության հետ ուզում է զոհ մատուցել նրանց և ծաղիկներից հյուսված պսակներ դնել նրանց գլուխներին:

Երբ Բառնաբասն ու Պողոսն իմանում են նրանց մտադրությունը, իրենց հանդերձները պատառոտելով, դուրս են գալիս բազմության միջից և բարձրաձայն աղաղաղակում. «Ո՛վ մարդիկ, այս ի՞նչ եք անում: Մենք էլ ձեզ նման տկար մարդիկ ենք: Ձեզ Աստծուն քարոզելու համար ենք եկել, որպեսզի այսպիսի սնոտի բաները թողնելով՝ երկինքն ու երկիրը և նրանց մեջ եղած բոլոր արարածներին ստեղծող Արարչին ճանաչեք, որը կերակրում է ձեզ և ամենքին պարգևում իր առատ բարիքները»: Այսպիսի խոսքերով մի կերպ զսպում են ժողովրդին և համոզում, որ ամեն մարդ իր գործին գնա, իսկ իրենք շարունակում են նրանց  քարոզել Աստծու խոսքը:

Արդարև, Աստծու ողորմածությամբ Բառնաբասի և Պողոսի քարոզություններն առատ արդյունք են տալիս և այդ գավառներում քրիստոնյաները խիստ բազմանում են: Այսուհանդերձ, այդ ժամանակ  Անտիոքից և Իկոնիոնից մի քանի համառ և նախանձոտ հրեաներ գալով խաբում են ժողովրդին՝ ասելով. «Այդ մարդկանցից հեռո՛ւ մնացեք, նրանց ասածը սուտ է»: Եվ բազմությամբ հարձակվում են Պողոսի վրա ու նրան քարկոծելուց հետո, իբրև մեռածի քաշելով, քաղաքից դուրս են հանում և այնտեղ թողնում:

Քրիստոնյաներից ոմանք ևս, Պողոսին մեռած կարծելով, գիշերով գալիս են նրան թաղելու, բայց Պողոսը, իսկույն ոտքի ելնելով, քաղաք է մտնում և հաջորդ օրը Բառնաբասի հետ գնում է Դերբե, որտեղ նրանց քարոզությամբ շատերն են հավատում: Այնտեղից կրկին վերադառնում են Լյուստրա, Իկոնիոն և Պիսիդիայի Անտիոք, որտեղ մխիթարում են քրիստոնյաներին և հորդորում նեղություններից ու հալածանքնրից չերկնչել և իրենց հավատի մեջ հաստատուն մնալ, որովհետև Աստծու արքայություն մտնելու համար պետք է նեղություն կրել:  Նաև եկեղեցիների կարիքներին համապատասխան՝ երեցներ են ձեռնադրում, ծոմ պահում և աղոթում առ Աստված, որի ողորմածությանն ու խնամքին հանձնելով նրանց՝ մեկնում են այնտեղից:

Բառնաբասը և Պողոսը, այն կողմերում քարոզելով, գալիս են Ատալիա և այնտեղից նավով վերադառնում Անտիոք, որտեղ քրիստոնյաներին հավաքելով՝ բոլորին պատմում են, թե Աստված որքա՜ն մեծ սքանչելիքներ գործեց իրենց ձեռքով, և որ նրա ողորմության դուռը բացված է հեթանոսների առջև: Թեև ամենքն ուրախացան դրա համար, բայց Հրեաստանից եկած մի քանի անձինք, որոնք ազգությամբ հրեա էին, սկսեցին ասել հեթանոսությունից դարձողներին, թե՝ «Եթե ըստ Մովսեսի Օրենքի չթլփատվեք, չեք կարող փրկվել»:

Պողոսը և Բառնաբասը նրանց հետ շատ են վիճաբանում՝ հայտնելով, որ քրիստոնյաները պարտավոր չեն թլփատվելու և հին օրենքը պահելու, սակայն վերոհիշյալ անձինք ոչ մի կերպ չհամոզվեցին: Այդ պատճառով որոշեցին Բառնաբասին ու Պողոսին, ինչպես նաև իրենց միջից մի քանիսին Երուսաղեմ ուղարկել  առաքյալներից և ծերերից խորհուրդ հարցնելու համար: Անտիոքից մեկնելով՝ Փարաշամի ծովեզերքով և Սամարիայով անցնելու ժամանակ Պողոսը և Բառնաբասը պատմում էին, որ ուրիշ տեղերի հեթանոսները ևս հավատացին, և դրա համար ամենքը շատ էին ուրախանում:

Երբ նրանք Երուսաղեմ հասան, առաքյալներից և ծերերից մեծ պատվի արժանանալով՝ պատմեցին հեթանոսների նկատմամբ Աստծու ողորմության մասին, որի համար բոլորն ուրախացան: Սակայն փարիսեցիներից քրիստոնեության դարձածներից մի քանիսն ասացին. «Նրանք ևս պետք է թլփատվեն»: Այս մասին մտածելու համար առաքյալներն ու ծերերը ժողով են հրավիրում, որտեղ բավականին թեր ու դեմ խոսելուց հետո Պետրոսը ոտքի է ելնում և զանազան փաստերով ամենքին համոզում, որ քրիստոնյաները պարտավոր չեն հին օրենքը պահպանելու, և ամենքը համոզվելով լռում են:

Ապա Տյառնեղբայր Հակոբը, որ Երուսաղեմի հավատացյալների առաջնորդն էր, Պետրոսի խոսքերը Սուրբ Գրքից մեջբերված վկայություններով հաստատելուց հետո ասում է. «Հեթանոսությունից հավատքի եկողները թող չթլփատվեն, բայց նամակ գրենք, որ հեթանոսական սովորություններից հեռու մնան»: Այդ ժամանակ բոլոր ժողովականները միասնաբար նամակ են գրում և ուղարկում Պողոսի ու Բառնաբասի հետ, որոնց ընկերակցում են նաև Հուդան, որ Բարսաբա էր կոչվում, և Շիղան, քանի որ սրանք ևս մարգարե էին և բոլորից շատ հարգված:

Երբ նրանք, Անտիոք գնալով, քրիստոնյաների ներկայությամբ կարդացին առաքելական թուղթը, ամենքը շատ ուրախացան: Հուդան և Շիղան որոշ ժամանակ այնտեղ մնացին ու մխիթարեցին հավատացյալներին: Ապա Հուդան Երուսաղեմ վերադարձավ, իսկ Շիղան մնաց Անտիոքում: Պողոսը և Բառնաբասը ևս այնտեղ շրջելով անդադար քարոզում էին:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․