Գրքեր
Պողոս առաքյալը Գաղատիայից ո՞ւր գնաց:

Եփեսոս, ինչպես որ խոստացել էր: Այնտեղ երկու քրիստոնյա է գտնում, որոնք, մկրտված լինելով Հովհաննեսի մկրտությամբ, ոչ միայն Սուրբ Հոգին չէին ընդունել, այլև մինչև իսկ նրա անունը չէին լսել, որովհետև Հովհաննեսը ժողովրդին մկրտում էր, որպեսզի իրենց մեղքերի համար զղջալով՝ Հիսուսին հավատան (տե՛ս Ժ. և ԺԷ. հարցերը): Այդ պատճառով նրանց մկրտում է Սուրբ Երրորդության անունով, և երբ ձեռքը  դնում է նրանց գլխին, Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա, և սկսում են տարբեր լեզուներով խոսել ու մարգարեանալ:

 Պողոսը երեք ամիս շարունակ, շաբաթ օրերը հրեաների ժողովարան գնալով, Աստծու արքայությունն է քարոզում: Թեպետ շատերը համոզվում են, բայց համառ ու չարամիտ մի քանի անձինք, նրա քարոզած վարդապետությունը մերժելով, ժողովրդի ներկայությամբ չարախոսում  ու բամբասում են նրան: Այդ պատճառով Պողոսը ստիպված է լինում հավատացյալներին նրանցից զատել և գնալ բնակություն հաստատել Տյուրեն անունով մի մարդու դպրատանը (որ դպրոցի նման մի տեղ էր): Այստեղ երկու տարի քարոզելով ու հրաշքներ գործելով՝ շատ հրեաների և հեթանոսների է դարձի բերում: Աստված Պողոսի ձեռքով այնքան հրաշքներ է գործում, որ մինչև անգամ նրա քրտնքոտ թաշինակը կամ վարշամակը տանում էին հիվանդների մոտ, որոնք իսկույն բժշկվում էին:

Այդ ժամանակ Եփեսոսի Սկևա քահանայապետի յոթ որդիները, որոնք երդվեցնողներ էին, Պողոսի գործած հրաշքները տեսնելով, իրենք ևս դիվահարներից չար ոգիները հանելու ցանկությամբ համարձակորեն տնից տուն էին շրջում և դիվահարներին ասում. «Երդվեցնում եմ ձեզ Հիսուսի անունով, որին Պողոսն է քարոզում»:  Մի օր, երբ դարձյալ երդվեցնելով  մի դիվահարից չար ոգին էին հալածում,  սա պատասխանում է. «Հիսուսին գիտեմ և Պողոսին էլ ճանաչում եմ, բայց դո՞ւք ով եք»: Իրոք, Հիսուսի և Պողոսի անունից երկյուղ էր կրում, բայց քանի որ երդվեցնողներն անարժան էին, դիվահարը իսկույն վազելով նրանցից երկուսին բռնում է և ոտքի տակ տալով այն աստիճան է վիրավորում նրանց, որ իրենց հագուստը թողնելով՝ հազիվ կարողանում են փախչել:

Այս դեպքը հայտնի դարձավ Եփեսոսի հրեաներին ու հեթանոսներին, ամենքը սկսեցին վախենալ, և Հիսուսի անունը տարածվում ու փառավորվում էր:  Շատերն էին հավատում Հիսուսին և անցյալի իրենց մեղքերը հրապարակավ խոստովանում: Կախարդներից շատերն էլ իրենց կախարդության գրքերը, որոնց գինը մինչև հիսուն հազար դահեկանի էր հասնում,  մարդկանց ներկայությամբ այրում էին, որովհետև հասկացան, որ կախարդության վերաբերյալ այդ գրքերը բոլորովին սուտ են ու սատանայական հնարքներ են:

Երբ Եփեսոսի մեջ Աստծու ողորմությամբ նրա խոսքը զորություն գտավ, Պողոսը մտադրվեց նորից Մակեդոնիա գնալ և իր քարոզած տեղերում շրջելով՝ հավատացյալներին քարոզելուց հետո Երուսաղեմ ու Հռոմ գնալ: Այս մտադրությամբ աշակերտներից երկուսին (Տիմոթեոսին ու Երաստոսին) Մակեդոնիա է ուղարկում, իսկ ինքը որոշ ժամանակ ևս Եփեսոսում է մնում:

Այդ ժամանակ Դեմետրիոս անունով մի ոսկերիչ, որ արծաթե կուռքեր ու դրանց առնչվող իրեր էր պատրաստում, և դրանից մեծապես օգտվում էին թե՛ ինքը և թե՛ իր գործավորները, տեսնելով, որ Պողոսի քարոզությամբ շատերը, քրիստոնեություն ընդունելով, կուռքերից հրաժարվեցին, հասկացավ, որ այլևս նախկինի պես շահ չի ունենա: Ուստի արհեստակիցներին իր մոտ կանչելով՝ ասում է. «Այսուհետև ինչպե՞ս պետք է ապրենք: Բացի նրանից, որ Պողոսը շատերին համոզել է, որ կուռքերն Աստված չեն, ուզում է նաև Արտեմիսի մեհյանը քանդել»: Այս խոսքերով գրգռում է բոլորին, քանի որ Եփեսոսի հեթանոս բոլոր բնակիչները Արտեմիսին էին պաշտում:

Դեմետրիոսի խոսքերի ազդեցության տակ բոլորն սկսում են կատաղությամբ բղավել. «Մեծ է Արտեմիսը»: Քաղաքում մեծ խռովություն է բարձրանում, և սկսում են Պողոսին փնտրել: Երբ չեն գտնում, նրա ընկերներից Գայիոսին և Արիստարքոսին են բռնում (սրանք ուղեկցում էին Պողոսին) և մեծ բազմությամբ տանում քաղաքի հրապարակ: Թեև Պողոսն էլ էր ուզում գնալ այնտեղ, բայց նրա աշակերտներն ու բարեկամները աղաչանքով հետ են պահում նրան իր մտադրությունը գործադրելուց, քանի որ ամբոխն այն աստիճան գրգռված էր, որ յուրաքանչյուրը մի բան էր աղաղակում, շատերն էլ չգիտեին, թե ինչի՛ համար են հավաքվել այնտեղ:

Այդ ժամանակ Ալեքսանդրոս անունով մի մարդու էլ են բռնում ու հրապարակ բերում (որպես Պողոսի համախոհի): Սա, ձեռքերը շարժելով, ուզում է պատասխանել ամբոխին, բայց նրանք, հասկանալով որ նա հրեա է, միաբերան սկսում են աղաղակել. «Մեծ է Արտեմիսը»: Եվ որովհետև Դեմետրիոսի պատճառով քաղաքը խռովության էր մատնվել, դպրապետը, որ հեթանոսների կրոնապետն էր, խրատում է ամբոխին՝ ասելով. «Ո՞վ չգիտի, որ Արտեմիս և Դիսպիտես կուռքերը մեծ են (Դիսպիտես կոչված կուռքին էլ պաշտողներ կային): Այդ պատճառով պետք է հանդարտվել և մեծ հանդգնությամբ չգործել, որովհետև պատասխանատվության կենթարկվենք, երբ անկարող լինենք մեր քայլերն արդարացնելու, քանի որ ամբաստանված անձինք ո՛չ մեհյան են կողոպտել, ո՛չ էլ մեր կուռքերին են հայհոյել: Դեմետրիոսը և նրա ոսկերիչ արհեստակիցները բողոք ունեն, թող դատավորին դիմեն և դատաստան խնդրեն»: Ահա այսպիսի խոսքերով դպրապետը հազիվ կարողացավ համոզել ամբոխին ու ցրել այն:

Որովհետև Պողոսն ուզում էր Մակեդոնիա գնալ, ուստի երբ ամբոխը ցրվում է, հավատացյալներին կանչելով՝ քաջալերում է և հորդորում, որ իրենց հավատքի մեջ հաստատուն մնան: Ապա ինքը Մակեդոնիա գնալուց և այդ կողմերում շրջելուց հետո գալիս է Հելլադա, որտեղ մնում է երեք ամիս և սրտապնդում տեղի քրիստոնյաներին: Ապա աշակերտներից մի քանիսին Տրովադա է ուղարկում, ուր հինգ օր հետո ինքն էլ է գնում և յոթ օր մնում այնտեղ: Սակայն պատարագ մատուցելուց հետո՝ հաջորդ օրը, պետք է մեկներ, այդ պատճառով շաբաթ օրը բոլոր քրիստոնյաները մի տան մեջ են հավաքվում:

Պողոսն այնտեղ քարոզում է և ամենքին ոգևորում քաջալերական խոսքերով, և քարոզը երկարում է մինչև կեսգիշեր: Իրենք նստած էին մի վերնատանը, որտեղ շատ լապտերներ էին վառված: Սակայն Եվտիքոս անունով մի երիտասարդ, որ երրորդ հարկում պատուհանի առաջ նստած քարոզն էր լսում, քնով է ընկնում ու պատուհանից ցած ընկնելով՝ տեղնուտեղը վերջին շունչն է տալիս: Այդ պատահարից ամենքը վշտանում են, իսկ Պողոսն անմիջապես ցած իջնելով՝  գիրկն է առնում երիտասարդի անշունչ դիակն ու ասում. «Մի՛ խռովվեք, որովհետև սրա հոգին դեռ վրան է»: Իսկապես, երիտասարդն անմիջապես կենդանանում է, և ամենքն ուրախանում են, իսկ Պողոսը, պատարագ մատուցելով (հաղորդության հացը կտրելով), մինչև առավոտ քարոզությունը շարունակում է:

Այնուհետև Տրովադայից մեկնելով և ծովեզրյա ամառանոցային մի քանի տներ այցելելով՝ գալիս են Միտիլեինե կղզին: Այնտեղից մարդ են ուղարկում Եփեսոս՝ երեցներին ու ժողովրդի ծերերին կանչելու, որպեսզի Աստծու պատվերները նորից հայտնեն նրանց, քանի որ Պենտեկոստեի տոնը մոտենում էր, և Պողոսն շտապում էր օր առաջ Երուսաղեմ գնալ՝ տոնին այնտեղ լինելու համար: Երբ նրանք, Պողոսի հրավերն ուրախությամբ ընդունելով, գալիս են նրա մոտ, սկսում է նրանց պատմել Եփեսոսում իրեն պատահած դեպքերը, թե ինչպես ինքը ավետարանը քարոզեց բոլորին, մանավանդ ինչպես իրեն ու ընկերներին անհրաժեշտ եղածը  իր ձեռքի աշխատանքով վաստակեց ու նաև կարողացավ հիվանդներին օգտակար լինել: Այս ամենի մասին խոսելով՝ հորդորեց նրանց, որ իրենք ևս այդպես գործեն, որպեսզի վարձի արժանի լինեն:

Մանավանդ նախապես տեղեկացնում է նրանց, որ իր գնալուց հետո չարամիտ մարդիկ երևան պետք է գան և իբրև հափշտակող գայլեր՝ քրիստոնյա հոտին չպիտի խնայեն և սուտ խոսքերով շատերին իրենց կողմը պիտի գրավեն: Ուստի իրենք պետք է շատ զգույշ ու արթուն մնան, որպեսզի կառավարեն քրիստոնյա հոտը, որը Հիսուսն իր արյամբ փրկեց: Երբ այսպիսի պատվերներով ու խրատական հորդորներով նրանց Աստծու ողորմածությանը հանձնեց, բոլորը ծնկաչոք աղոթքի կանգնեցին, որպեսզի  հետո հրաժեշտ տան, ու Պողոսը նավ նստի:

Այս պարագայում ո՞վ կարող էր այնտեղ եղած քրիստոնյաների արտասուքը սրբել, քանի որ հայտնի էր, որ այլևս նրա երեսը չպիտի տեսնեին: Ուստի խոր տխրությամբ համակված՝ ամենքը լալով նրա վզին են փաթաթվում և մեծ սիրով նրան համբուրելուց հետո ուղեկցում են դեպի նավը սրտահույզ կսկիծով և ողբագին հառաչանքներով:

Պողոսն ու իր ընկերները Միտիլինե կղզուց մեկնելով՝ գալիս են Կոս, ապա Հռոդոս կղզի և այլ տեղեր այցելելուց հետո հասնում են Տյուրոս, որտեղ նավապետը պետք է բեռնաթափեր նավը: Այնտեղ գտնում են հավատացյալների և յոթ օր մնում նրանց մոտ: Սրանք էլ Պողոսին ասում են, որ Երուսաղեմ չգնա, քանի որ Աստված հայտնեց նրանց, որ նա Երուսաղեմում մեծ չարչարանքներ պիտի կրի: Բայց Պողոսը չհամոզվելով Աքեա է գալիս, այնտեղից՝ Կեսարիա, որտեղ իջևանում է Փիլիպպոսի տանը: Սա Կ. հարցում հիշատակված յոթ սարկավագներից մեկն էր և չորս աղջիկ ուներ, որոնք կույս էին ու մարգարե: Միառժամանակ այնտեղ է մնում, և այդ ընթացքում Հրեաստանից նրանց մոտ է գալիս Ագաբոս  մարգարեն (ԿԲ. հարցում հիշված) և Պողոսի գոտին վերցնելով՝ իր ոտքերն ու ձեռքերը կապում է ու աստվածային ներշնչմամբ ասում. «Հրեանե՛ր, այս գոտու տիրոջը պետք է կապեն Երուսաղեմում և հեթանոսների ձեռքը մատնեն»: Պողոսի աշակերտները և ուրիշներ, այս լսելով, շատ են խնդրում Պողոսին, որ Երուսաղեմ չգնա, բայց նա վճռականորեն ասում է. «Ինչո՞ւ եք լաց լինելով սիրտս ճմլում: Ես Հիսուսի անվան համար պատրաստ եմ ոչ միայն կապվելու, այլև մեռնելու»: Այդ պատճառով նրանք, «Տիրոջ կամքը լինի» ասելով, լռում են՝ տեսնելով նրա հաստատակամությունը:

Ապա երբ Երուսաղեմ են գալիս, քրիստոնյաները մեծ ցնծությամբ ընդունում են նրանց, իսկ հաջորդ օրը գնում են Տյառնեղբայր Հակոբի մոտ, որտեղ հավաքվում են բոլոր քահանաներն ու ծերերը: Պողոսը հերթով պատմում է, թե Աստված որքան և ինչպիսի ողորմածություն ու շնորհ պարգևեց հեթանոսներին: Ապա նրանք մեծ հրճվանքով օրհնում էին ու փառաբանում Աստծուն: Սակայն Երուսաղեմի՝ հրեությունից դարձած քրիստոնյաները, որ նախանձախնդիր էին հին օրենքը պահպանելու, հակառակ էին Պողոսին, քանի որ (ինչպես հիշված է ԿԳ. հարցում) նա քարոզում էր, թե պետք չէ հին օրենքը պահպանել: Այս պատճառով Տյառնեղբայրը կարգադրում է, որ Պողոսը, օրենքի համաձայն տաճար գնալով, յոթ օր զոհ մատուցի:

Այդ ժամանակ չորս անձինք, որ ուխտավորներ էին, Պողոսի հետ տաճար են գնում և զոհ մատուցում: Բայց դեռ յոթ օրը չլրացած՝ ասիացի հրեաները նրան տաճարում տեսնում են և բազմությամբ նրա վրա հարձակվելով՝ ոչ միայն տաճարից են դուրս հանում, այլև սկսում են աղաղակել՝ ասելով. «Ո՛վ իսրայելացիներ, օգնությա՛ն հասեք: Սա է այն մարդը, որ ամենուրեք օրենքին հակառակ է քարոզում, այն աստիճան, որ հեթանոսներին տաճար մտցնելով՝ պղծեց այն»: Այսպես էին ասում, քանի որ նախապես նրա հետ տեսել էին եփեսացի Տրոֆիմոսին և կարծում էին, թե նրան էլ էր իր հետ տաճար տարել:

Այդ ժամանակ ամբողջ քաղաքը խռովվում է, դռները փակվում են, և պատրաստվում էին Պողոսին սպանելու, երբ Լյուսիաս հազարապետը զինվորների հետ վրա է հասնում և ազատում նրան: Սակայն քանի որ ամեն կողմից աղմուկ ու աղաղակ էր լսվում, լավ չկարողացան հասկանալ, թե Պողոսն ո՛վ է, և ի՛նչ պատճառով է բազմությունը հավաքված, կրկնակի շղթաներով կապել է տալիս նրան և  զորանոց ուղարկում, որպեսզի քննությամբ գործը ստույգ հասկանա:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․