20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր

Հոբ 16:1-17:16

16:1 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2 «Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ: 3 Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես: 4 Ես էլ ձեզ պէս կխօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր: 5 Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով: 6 Գուցէ իմ բերանում ուժ ունենայի ու ես չզլանայի շրթունքներս շարժել, 7 քանզի թէ խօսեմ, չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ, աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես: 8 Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած: 9 Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ: Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս: 10 Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ: Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի տէգով շարժուել ինձ վրայ: 11 Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս: 12 Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ: 13 Մինչ խաղաղ էի, քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք: 14 Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել: Երիկամներս են խոցել անխնայ, գետնին են թափել մաղձն իմ. 15 ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով: Վրաս են թափուել զօրաւորները 16 եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք: 17 Յանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս: 18 Անիրաւութիւն չկար իմ ձեռքին, եւ անարատ էր աղօթքն իմ հոգու: 19 Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի. թող աղաղակս կանգ չառնի բնաւ: 20 Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են: 21 Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն: 22 Երանի՜ մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը: 23 Իմ տարիները հաշւուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին:

17:1 Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում: 2 Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու: Գողացան օտարներն ինչքերս: 3 Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի: 4 Քանի որ սրտները հեռու է դատումից, ուստի չես բարձրացնի դու նրանց: 5 Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր: Աչքերս որդոցս համար հալուեցին: 6 Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձայ: 7 Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս. խիստ պաշարուած եմ բոլորի կողմից: 8 Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամէնի վրայ. արդարը հիմա վեր է կենալու անիրաւի դէմ: 9 Հաւատարիմը թող հաստատ մնայ իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերութիւն ստանայ թող միշտ: 10 Բայց դուք էլ, ամէնքդ, վե՛ր կացէք, եկէ՛ք. ձեր մէջ չեմ գտնում ճշմարտութիւն ես: 11 Իմ օրերը խիստ շարաւոտ եղան. սրտիս երակներն ամէն պայթեցին: 12 Գիշերս ցերեկուայ տեղ դրեցին նրանք. լոյսը մերժուեց մութի երեսից: 13 Թէ համբերեմ ես, դժոխք կդառնայ ինձ համար տունս: Խաւարի մէջ է փռուած մահիճս: 14 Մահը ինձ համար ես հայր կոչեցի, նեխուածքը՝ մայր, քոյր: 15 Ո՞ւր է յոյսը իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ ես: 16 Թէ՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս. բոլորս իրար հետ հո՞ղն ենք իջնելու»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․