3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Կողոսացիներ 2.8-3.17

2.8 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ՝ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ. 9 քանի որ նրա մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս: 10 Դուք էլ էք լցուած նրանով, որ գլուխն է ամէն իշխանութեան եւ պետութեան. 11 նրանով դուք անձեռագործ թլփատութեամբ թլփատուեցիք հաւատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատութեամբ. 12 թաղուելով նրա հետ մկրտութեան մէջ՝ դրանով իսկ նրա հետ յարութիւն առաք՝ Աստծոյ զօրութեանը հաւատալով, որը նրան յարութիւն տուեց մեռելներից: 13 Եւ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, կենդանացրեց իր հետ: 14 Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատուած այն պարտամուրհակը, որ մեր դէմ էր, վերացրեց այն մէջտեղից եւ մեխեց խաչափայտին: 15 Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ: 16 Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, 17 որոնք գալիք բաների ստուերներն են. բուն մարմինը Քրիստոսն է: 18 Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով: 19 Այդպիսին չի կարող կապուած լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, յօդերով եւ յօդակապերով հաղորդակցուած եւ միակցուած, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է: 20 Եթէ մեռաք Քրիստոսի հետ եւ այս աշխարհի տարերքի իշխանութիւնից դուրս եկաք, էլ ինչո՞ւ աշխարհում ապրող էակների նման հետեւում էք կանոններին՝ ասելով. 21 «Մի՛ մօտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպիր», 22 քանի որ այդ բոլորը գործածուելով ապականւում է՝ ըստ մարդկանց պատուիրանների եւ վարդապետութեան: 23 Նրանք կարող են իմաստուն ձեւանալ իրենց ինքնակամ կրօնով, խոնարհութեամբ եւ իրենց մարմնի խստակեցութեամբ. բայց այդ բոլորը մարմնական ցանկութիւնները զսպելու համար ոչ մի արժէք չի ներկայացնում:

3.1 Եթէ յարութիւն առաք Քրիստոսի հետ, փնտրեցէ՛ք վերինը, ուր Քրիստոս նստած է Աստծոյ աջ կողմը: 2 Վերին բաների մասի՛ն խորհեցէք եւ ոչ թէ՝ այն, որ այստեղ՝ երկրի վրայ է, 3 քանզի մեռած էք, եւ ձեր կեանքը պահուած է Քրիստոսի հետ՝ Աստծոյ մէջ: 4 Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կեանքը, յայտնուի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կյայտնուէք փառքով: 5 Սպանեցէ՛ք, ուրեմն, ձեր երկրաւոր ցանկութիւնները. դէ՛ն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, յոռի կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն, որ կռապաշտութիւն է: 6 Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրայ գալիս է Աստծոյ բարկութիւնը: 7 Դուք էլ էիք մի ժամանակ ընթանում այդ մեղքերով, երբ ապրում էիք դրանց մէջ: 8 Այժմ դուք եւս թօթափեցէ՛ք այդ բոլորը՝ բարկութիւն, զայրոյթ, չարութիւն, հայհոյութիւն եւ խեղկատակութիւն, ձեր բերաններից: 9 Մի՛ ստէք միմեանց. հանեցէ՛ք ձեզ վրայից հին մարդուն իր գործերով 10 եւ հագէ՛ք նորը՝ այն, որ նորոգուած է գիտութեամբ՝ ըստ իր Արարչի պատկերի. 11 այլեւս չկայ հրեայ, ոչ էլ՝ հեթանոս, թլփատութիւն եւ անթլփատութիւն, բարբարոս, սկիւթացի, ծառայ, ազատ, այլ՝ Քրիստոս, որ ամէն ինչ է ամէն բանի մէջ: 12 Որպէս Աստծոյ ընտրեալներ, սրբեր եւ սիրելիներ՝ հագէ՛ք ուրեմն գութ, ողորմութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, համբերատարութիւն՝ 13 հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզ, նոյն ձեւով արէք եւ դուք: 14 Եւ այս բոլորի վրայ հագէ՛ք սէրը, որ կապն է կատարելութեան: 15 Եւ ձեր սրտերում թող հաստատուի Քրիստոսի խաղաղութիւնը, որին եւ կոչուեցիք մէկ մարմնով. եւ գոհութի՛ւն մատուցէք: 16 Թող Քրիստոսի խօսքը բնակուի ձեր մէջ առատապէս, որ կատարեալ իմաստութեամբ ուսուցանէք եւ խրատէք միմեանց՝ սաղմոսներով, օրհներգութիւններով, հոգեւոր երգերով եւ երախտագիտութեամբ օրհնելով ձեր սրտերում Աստծուն: 17 Եւ ինչ որ անէք խօսքով եւ գործով, բոլորն արէք Տէր Յիսուսի անունով. գոհութի՛ւն մատուցէք նրանով Աստծուն եւ Հօրը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․