1 Ապրիլ, ԴՇ, Մեծ Պահքի ԼԸ օր

Գրքեր

Ավ. ըստ Հովհաննեսի 18.28-19.16

18.28 Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը: Այգաբաց էր: Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն եւ որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել: 29 Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ եւ ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»: 30 Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»: 31 Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրէք նրան եւ ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէք»: Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որեւէ մէկին սպանել օրինաւոր չէ» 32 (որպէսզի կատարուի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով է ինքը մեռնելու): 33 Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների Թագաւորը»: 34 Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ՞ ուրիշներն իմ մասին քեզ ասացին»: 35 Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թէ ես էլ հրեայ եմ. քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»: 36 Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհից լինէր, իմ հետեւորդները կմարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»: 37 Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեմն դու Թագաւո՞ր ես»: Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ Թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան մասին վկայեմ: Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է, իմ ձայնը լսում է»: 38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ հրեաների մօտ ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ մի յանցանք չեմ գտնում: 39 Բայց դուք սովորութիւն ունէք, որ Զատկին ձեզ համար մի բանտարկեալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ էք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագաւորին»: 40 Բոլորը աղաղակեցին եւ ասացին. «Ո՛չ նրան, այլ Բարաբբային»: Եւ այն Բարաբբան աւազակ էր:

19.1 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց՝ Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել: 2 Իսկ զինուորները, փշէ պսակ շինելով, դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին: 3 Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ: Եւ նրան ապտակում էին: 4 Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս՝ ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, որ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 5 Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր ու ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա այդ մարդը՝ ձեզ»: 6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ, ըստ մեր օրէնքի, պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծոյ Որդի դարձրեց»: 8 Երբ Պիղատոսն այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ: 9 Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց. «Որտեղի՞ց ես դու»: Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց: 10 Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»: 11 Յիսուս պատասխանեց. «Դու ինձ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքն աւելի մեծ է»: 12 Սրանից յետոյ Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթէ նրան արձակես, ուրեմն կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսերը»: 13 Իսկ երբ Պիղատոսն այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ՝ այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա: 14 Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր Թագաւորը՝ ձեզ»: 15 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր Թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»: 16 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչ հանուի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․