1 Ապրիլ, ԴՇ, Մեծ Պահքի ԼԸ օր

Գրքեր

Գործք 3.22-4.12

3.22 Մովսէսը մեր հայրերին ասաց. “Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսէք ամէն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի. 23 եւ ամէն մարդ, որ այդ մարգարէին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջուի”: 24 Եւ Սամուէլից սկսած՝ բոլոր մարգարէներն էլ, որ խօսեցին, պատմեցին նաեւ այս օրերի մասին: 25 Դուք էք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած մեր հայրերի հետ եւ ասաց Աբրահամին. “Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնուեն”: 26 Աստուած նախ ձեզ համար յարութիւն տուեց իր Որդուն եւ ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ իւրաքանչիւրիդ յետ դարձնելու համար ձեր չար գործերից»:

4.1 Եւ մինչ նրանք խօսքն ուղղում էին ժողովրդին, նրանց վրայ հասան քահանաները եւ տաճարի իշխանաւորներն ու սադուկեցիները՝ 2 զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում են եւ, յանձին Յիսուսի, մեռելների յարութեան մասին են պատմում: 3 Նրանց ձերբակալեցին եւ բանտարկեցին մինչեւ յաջորդ օրը, որովհետեւ երեկոյեան դէմ էր: 4 Իսկ խօսքը լսողներից շատերը հաւատացին, եւ հաւատացեալների թիւը հասաւ շուրջ հինգ հազարի: 5 Յաջորդ օրը Երուսաղէմում հաւաքուեցին նրանց իշխանաւորները, երէցներն ու օրէնսգէտները, 6 Աննա քահանայապետը եւ Կայիափան, Յովհաննէսը, Ալեքսանդրոսը եւ բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին: 7 Եւ առաքեալներին մէջտեղ կանգնեցնելով՝ հարցաքննում էին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ո՞ւմ անունով արեցիք դուք այդ բժշկութիւնը»: 8 Այն ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցուած, ասաց նրանց. «Ո՛վ իշխանաւորներ ժողովրդի եւ երէցնե՛ր Իսրայէլի, 9 օրինաւո՞ր բան է այսօր դատել մեզ մի տկար մարդու հանդէպ եղած բարիքի համար, որով նա բժշկուեց: 10 Թող յայտնի լինի ձեզ բոլորիդ եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանով ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ: 11 Սա է այն վէմը՝ ձեզնից՝ շինողներիցդ անարգուած, որ անկիւնաքար եղաւ: 12 Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով հնարաւոր լինի, որ մենք փրկուենք»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․