26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Ավ. ըստ Ղուկասի 8.22-56

22 Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէք ծովակի միւս կողմն անցնենք»: Եւ գնացին: 23 Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ: Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովն ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել: 24 Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»: Եւ նա վեր կենալով սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց: 25 Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»: Եւ նրանք սարսափած զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են նրան»: 26 Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողմն է: 27 Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների: 28 Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծոյ Որդի՛, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». 29 որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները եւ դեւից քշւում էր անբնակ վայրեր: 30 Յիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց՝ Լեգէոն. որովհետեւ նրա մէջ շատ դեւեր էին մտել. 31 աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան: 32 Եւ այնտեղ մեծ թուով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրայ: Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց գնալ մտնել նրանց մէջ: Եւ նա թոյլատրեց նրանց, 33 եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. եւ երամակը գահաւանդից դիմեց դէպի ծովակ ու խեղդուեց: 34 Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան եւ պատմեցին քաղաքում ու ագարակներում: 35 Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու եւ եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դեւերը ելել էին – որը, հագնուած եւ զգաստացած, նստած էր Յիսուսի ոտքերի մօտ – վախեցան: 36 Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը: 37 Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետեւ մեծ վախով տագնապում էին: Եւ նա, նաւակ նստելով, վերադարձաւ: 38 Այն մարդը, որից դեւերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի: Բայց Յիսուս արձակեց նրան եւ ասաց. 39 «Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»: Նա գնաց քաղաք եւ տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն: 40 Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին: 41 Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր: Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42 որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր: Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր: 43 Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել, 44 յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց: 45 Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»: Եւ երբ բոլորն ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»: 46 Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»: 47 Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչու դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց: 48 Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»: 49 Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկը եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր նրան»: 50 Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կապրի»: 51 Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից: 52 Ամէնքը լալիս ու ողբում էին նրա վրայ: Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»: 53 Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր: 54 Եւ ամէնքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»: 55 Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկն իսկոյն կանգնեց: Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան: 56 Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․