Գրքեր

Գործք 19.21-40

21 Եւ երբ այս բաները կատարուեցին, Պօղոսը մտադրուեց շրջել Մակեդոնիայում ու Աքայիայում եւ ապա գալ Երուսաղէմ: Ասում էր. «Իմ այնտեղ գնալուց յետոյ պէտք է, որ ես Հռոմն էլ տեսնեմ»: 22 Իր պաշտօնեաներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում: 23 Այդ ժամանակ Տիրոջ ճանապարհի մասին բաւական մեծ խռովութիւն առաջ եկաւ: 24 Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհեանի արծաթէ մանրաքանդակներն էր պատրաստում եւ վարպետներին ոչ քիչ շահ էր բերում: 25 Ժողովելով նրանց եւ նոյն արուեստի մասնագէտներին՝ ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտէք, որ մեր շահը այս գործից է, 26 եւ տեսնում էք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլեւ գրեթէ ամբողջ Ասիայի նահանգից այս Պօղոսը, բազում ժողովուրդ համոզելով, դարձի է բերել՝ ասելով, թէ դրանք, որ ձեռքով են շինուած, աստուածներ չեն: 27 Եւ սրա վտանգն է ոչ միայն այն, որ մեր կողմը պիտի արհամարհուի, այլ նաեւ այն, որ Արտեմիս մեծ դիցուհու մեհեանը ոչինչ պիտի համարուի, այն աստիճան, որ պիտի քանդուի նաեւ մեծութիւնը նրա, որին ամբողջ Ասիան եւ աշխարհն է պաշտում»: 28 Երբ այս լսեցին, լցուեցին բարկութեամբ. աղաղակում էին ու ասում. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»: 29 Քաղաքը լցուեց խռովութեամբ. բոլորը միասին դիմեցին դէպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս եւ Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պօղոսի ուղեկիցներին: 30 Բայց երբ Պօղոսն ուզեց մտնել ամբոխի մէջ, աշակերտները նրան չթողեցին: 31 Ասիացի պետերից ոմանք էլ, որ նրա բարեկամներն էին, նրա մօտ մարդ ուղարկեցին եւ աղաչեցին, որ թատրոնում չերեւայ: 32 Իսկ ուրիշներ էլ այլ բան էին աղաղակում, քանի որ նրանց ժողովը խառնաշփոթութեան մէջ էր. եւ նրանցից շատերը չէին իմանում, թէ ինչի համար են հաւաքուել: 33 Ապա ամբոխից ոմանք բազմութեան միջից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին. եւ երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը եւ ուզում էր պատասխանել ամբոխին: 34 Երբ իմացան, որ մարդը հրեայ է, բոլորը միաձայն մօտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է Արտեմիսը եփեսացիների»: 35 Քաղաքի գլխաւոր քարտուղարը լռեցրեց ամբոխին ու ասաց. «Ո՛վ եփեսացիներ, իսկ ո՞վ է մարդկանցից նա, որ չգիտէ մեծ Արտեմիս դիցուհու եւ Դիոպետէոսի՝ եփեսացիների մեհենազարդ այս քաղաքը: 36 Եւ որովհետեւ դա անշուշտ այդպէս է, դուք պէտք է հանդարտուէք եւ յանդգնութեամբ ոչինչ չանէք: 37 Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհեան կողոպտողներ են եւ ո՛չ էլ մեր դիցուհուն հայհոյողներ: 38 Իսկ եթէ Դեմետրիոսը եւ նրա հետ եղող վարպետները մէկի դէմ որեւէ բան ունեն, ատեան թող գնան. դատաւորներ կան, թող նրանց առաջ ամբաստանութիւն անեն: 39 Բայց եթէ մի այլ բանի մասին խնդիր կայ, թող օրինաւոր ժողովում դա վճռուի. 40 որովհետեւ մեզ համար էլ վտանգ կայ, որ մեղադրուենք այսօրուայ այս կռուի պատճառով, որ տեղի ունեցաւ առանց որեւէ յանցանքի առկայութեան, եւ դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս հաւաքոյթի համար»: Եւ այս ասելով՝ ժողովն արձակեց:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․